Վերջին դրամա․ պատմական փորձառության նոր հանգրվան
Պատմության իմաստավորու՞մ, 14-րդ դարակեսի Կիլիկիո հայկական պետության անկման և ժամանակաշրջանի պատմականությունը դրամատիկական կառույցի միջոցով պարագրելու փո՞րձ, այս ամենը Լևոն Շանթի /1869-1951/ «Օշին Պայլ» դրամայում անարտահայտելի կլիներ, եթե չլիներ Շանթի՝ ազգային-քաղաքական գործչի փորձառությունը։
Արդ, պատմության ընկալման և այն գաղափարայնորեն հիմնավորելու գիտակցում, հոգեբանորեն ընդհանրացված առարկայական ճշմարտություններ և, ի վերջո, այնպիսի հանգուցային իրավիճակներ, որոնց յուրահատկությանց բացահայտմամբ մեզ առավել ևս ընկալելի է ժամանակի հակասականությունը՝ պատմական անձանց գործունեությամբ և գործելակերպով։ Վասնզի Շանթի իսկ բնորոշմամբ․ «Բեմին վրայ, ինչպէս կեանքին մէջ, երեւոյթներուն կրած փոփոխութիւնները ինչպէս տեղափոխութիւնները եւ անձերու կատարած բաներն են որ ամէնէն աւելի կը գրաւեն մեր ուշադրութիւնը, անպայման կերպով կը հետաքրքրեն մեր հոգին․․․»։
Այն ամենն իր նշանակությամբ՝ և պատմականության կառույցում ինչպիսի որոշակիություն է ստանում, այլ խոսքով, երևույթների զարգացման ի՞նչ հունով է ընթանում, երբ բովանդակային շերտը առկա է, և այն էլ՝ պատմական – ճանաչողական։ Միջանկյալ նշենք, որ «Օշին Պայլ» դրաման գրվել է Հայաստանի առաջին հանրապետության անկումից տարիներ անց /1920 թ/։ Այս հանգամանքը չէր կարող հոգեբանորեն չներազդել Շանթի մտածողության, և որ ամենաէականն է, աշխարհայացքի վրա։
Լևոն Շանթը որոշակի հետևողականությամբ էր վերապրում երկու տարբեր, բայց հարցադրումների նույն ոլորտն ընդգրկող իր ժամանակի և միջնադարյան իրականությունների տագնապը՝ ազգային լինելության գերադասությունը գրողական – մտածողական հիմնաելակետ ընդունելով։
Ազգային պետականության կորուստ, ասել է թե՝ պատմական, ազգային գիտակցումի անընդհատության մթագնում՝ այնպիսի ցնորական հանգամանքների բերումով, որոնք ոչ այնքան ցնորական էին իրենց բնույթով, որքան ազգային անհեռատեսության՝ իրականությունը չտիրապետելու արգասիք։ Եւ ամենևին պատահական չէ, որ դարձակետային այս ժամանակներում, երբ հայոց գահազուրկ վիճակը արտաքին հարձակումների և ներքին պառակտումների առջև երերուն էր, Պայլի /խնամակալի/ հանգամանքով Կոռնիկոսի իշխան Օշինին են վստահում հայոց անվտանգությունը։ Իշխան, ով իր հավասարակշիռ բնույթով և պատմական իրողությունները ըմբռնելու նպատակայնությամբ, արդարացվող կեցվածքով, հոգևոր անհրաժեշտության առարկայացումը մարմնավոր ու տեսանելի է դարձնում համընդհանուր նյութապաշտության հորձանուտում, որպիսին էր խարդավանալից արքունական միջավայրը։
Հայոց պատմության հիշյալ ժամանակահատվածը Օշին իշխանի համար նաև «արժանի է գրոյ յիշատակի»․ այսինքն՝ պատմությունը գալոց համար ժառանգելի դարձնելու մղումը իրականությունը ճշմարտորեն ապրելու հուսալի նպատակ էր։ Հակառակ դեպքում նա երբեք չէր նախաձեռնի պատմություն գրել ժամանակագրի դիտողունակությամբ։ Այս հանգամանքը, թերևս ինքնապահովման երաշխավոր միջոց էր՝ պայմանավորված պատմության որոշակի և իր համար որոշարկված ընկալմամբ։
Պատմական և դրամատուրգիական գաղափարային արտահայտումները կամքի գործունեության պատկերացումն են, որոնք ներգործական խնդրառությամբ, պատմական իրողությունների էությանը վերաիմաստավորող բնույթ են հաղորդում նույնիսկ ոչ պատմական միջավայրում․ «Աշխատանքս քանի կերթայ, կը խորանայ, աղուոր բան մը պիտի ըլլայ․․․»։ Թե ինչ մոտեցում է խնդրահարույց Օշին իշխանի համար, ինչպիսի առարկայական ճշմարտությունների բացահայտմամբ է նա հակադրվում իրականությանը՝ փորձելով շրջել պատմության անկասելի թվացող անիվը, ակնհայտ է դառնում դրամայի գործողություններում՝ այն պահից սկսյալ, երբ համաձայնում է խնամակալությունը ստանձնել պատանի Լևոն թագավորի։
Ներքին երկպառակություններ, արտաքին ուժերի նյութած դավեր, հիմնականում կրոնական կողմնորոշմամբ սքողված, որոնք իմաստով ուղղված էին ոչ այնքան եկեղեցու դեմ, որքան պետության։ Այս ամենի գիտակցմամբ Օշին Պայլը երկրի ինքնուրույնությունն ու ոգին պատմական զարգացման ու հեռանկարայնության մեջ էր տեսնում և արժևորում իշխանության պահպանումը՝ պետության անսասանությունը համարելով գերխնդիր․ «Եւ այդ ապրող ու աճող էակը հայն է, հայ տարրը այս հողերուն վրայ, հայ ոգին, հայ պետականությունը․․․»։
Ընդհանրապես, չափազանց տարածված գաղափարական պայքար հասկացությունը, որ բովանդակային առումով գրեթե վերացարկման չի ենթարկվում, դրամայում այնքան ուղղակիորեն և շեշտադիր չի դրսևորվում, եթե իհարկե, զանց առնենք գաղափարի համար այն պայքարը կամ գաղափարի պահպանման պայքարը, որ մասնահատուկ է Օշինին և նրա աշխարհայացքը ճանաչողական բնազդի միջոցով ավելի է ընդլայնվում․ նա ազգային, մարդկային զգացմունքայնություն ունեցող գործչից վերածվում է լիարյուն ազգային-պետական գործչի։
Այնուամենայնիվ, հայոց պետության եւ քրիստոնեության նույնականացման ըմբռնմամաբ առաջնորդվող Օշին Պայլը, եթե գիտակցում էր, որ «մենք հոս պահակ մըն ենք միայն, այս հայ պետութիւնը քրիստոնէութեան սահմանապահն է, քրիստոնեայ աշխարհի վերջին ամրութիւնը, որ միշտ կարօտը ունի իր ետեւի հարազատ քրիստոնէութեան համակրանքին եւ օգնութեան», ապա ազգային զգացումների ապահովությունը ավելի քան կարևորվում էր «հայ ոգիին» բացառիկության իմաստով․ միջանկյալ նշենք, որ պետության, պետական անսասանության, եկեղեցու չգոյության պարագային կամ Հայ առաքելական եկեղեցու բովանդակային արժեզրկմամբ, ըստ այդմ՝ կրոնի, իբրև հոգևորի ընկալման և գիտակցման նպատակային ոչնչացմամբ Լևոն Շանթը իր գիտակցմամբ խնդրահարույց է համարել և ոչ պատահականորեն, քանի որ ճիշտ այդ տարիներին /20-ական թվականներ, Ա․Ա․/ Հայ առաքելական եկեղեցին ենթարկվում էր Խորհրդային բռնապետության անագորույն օրենքներին և ընդհանրապես զրկված էր հայ հոգևոր կյանքը կազմակերպելու հանձնառությունից․․․
Ընդհանրապես Գաղափարի հաղթանակը պատմական զարգացման օրինաչափությամբ, ըստ Լևոն Շանթի, պետք է դրսևորվեր հետագա ժամանակներում, երբ հայոց պատմական փորձառությունը վերացական խարխափումներից թևակոխեր նոր հանգրվան․․․
Արթուր Անդրանիկեան
Աղբյուրը՝ https://cultural.am/
Comments