top of page

Ամանորը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցում


Օտար երկրում դպրոցը դառնում է փոքրիկ հայրենիք և հայապահպանության օջախ, այդ գիտակցությամբ «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցի անձնակազմը` գլխավորությամբ տնօրեն, բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանի մեծ պատասխանատվությամբ և նվիրվածությամբ է վերաբերվում այդ սրբազան առաքելությանը: Այսօր` այս դժվարին ժամանակաշրջանում, երբ մեր ազգի և պետության առջև օր օրի ծառանում են նոր մարտահրավերներ, առավել քան երբևէ կարևորվում է ազգապահպանության, հավատքի, հայեցի դաստիարակության դերը, ինչպես հայրենիքում, այնպես էլ՝ սփյուռքում, ինչն այս տարեշրջանին հպարտությամբ և բարձր պատասխանատվությամբ արեցին դպրոցի աշակերտները:

Ամանորը հեքիաթ է, որն իր հետ բերում է նոր հույսեր, հույզեր ու սպասումներ: 2023 թ.-ի դեկտեմբերի 16-ին մարդաշատ էր ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդանիստ Ս. Ղևոնդյաց մայր տաճարը, որովհետև Բրբենքի «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցում տեղի էր ունենում հանդես նվիրված Ամանորին: Միջոցառումն սկսվեց արժանապատիվ տեր Խաժակ քահանա Շահբազյանի «Տերունական աղոթք»-ով:

Այն  բաղկացած էր երկու մասից: Սկզբից մասնակցում էին առաջին և երկրորդ, ապա երրորդից մինչև վեցերորդ դասարանցիները: Աշակերտների թոթովախոս շուրթերից հնչեցին հայի ինքնության, հարատևության, հայրենասիրության և հայրենիքին նվիրված լինելու արդար մտորումներ ու համոզումներ: Երկրորդ դասարանի թեման էր Նոր տարին և Սուրբ Ծնունդը: Դպրոցականները մեծ ոգևորությամբ ներկայացրեցին մեր տիրոջ Հիսուս Քրիստոսի հրաշափառ ծնունդը: Երգեցին Ամանորյա ուրախ երգեր և մեծ սպասումով դիմավորեցին Ձմեռ պապիկին, որն, ի դեպ, այս անգամ եկել էր Հայաստանից` իր հետ բերելով հայրենիքի սերն ու ջերմությունը, հասակակից մանուկների բարի մաղթանքներն ու կարոտը` հանդեպ իրենց սփյուռքահայ ընկերների:



Հանդիսության  երկրորդ մասն սկսվեց երրորդից վեցերորդ դասարանի աշակերտների «Տերունական աղոթք»-ի երգեցողությամբ, որից անմիջապես հետո հնչեցին ԱՄն-ի և ՀՀ-ի պետական օրհներգերը: Սաները հրաշալի կերպով ներկայացրեցին Երևանի, Արցախի ու Հայաստան աշխարհի գույներն ու բույրերը` լցված սիրով, նվիրումով ու անշեջ կարոտով: Հուզմունքն ու հպարտուտժթյունը միախառնվել էին իրար. որքա՜ն մեծ սեր ու հայրենասիրություն կար փոքրիկ հրեշտակների խոսքերի մեջ: Հուզված ու տպավորված էին բոլորը, լցված կարոտով, հպարտությամբ ու սպասումով, որ հայը դեռ ասելիքներ ունի աշխարհին։ 

Անակնկալներն այսքանով չավարտվեցին: «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցն իր շնորհակալական խոսքն ուղղեց  առաջնորդ, բարձրաշնորհ Տ. Հովնան արք. Տերտերյանին` Արևմտյան թեմի առաջնորդության 20-ամյա հոբելյանի առթիվ և հայտարարեց երգի պրեմիերա, այն նվիրելով Սրբազան հորը: «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցը հետայսու ունի իր օրհներգը, որը հեղինակել է հայրենիքում հայտնի երգչուհի և երգահան Մարինե Մխիթարյանը, դպրոցի տնօրեն, բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանի համահեղինակությամբ։


«Փոքրիկ հրեշտակներ»-ի օրհներգ


Հավատքի ուժով,

Մայրենի լեզվով

Հայ ենք հաղթական՝

Հպարտ մեր ազգով:

Դարերից եկած,

Պատմություն կերտած,

Մաշտոցի շնչով

Աշակերտ դարձած:



«Փոքրիկ հրեշտակներ»,

Քաղցրանուն դպրոց,

Ղևոնդյանց ոգու

Ինքնության դարբնոց:

Տեսիլքով արդար,

Հոգով կենարար

Քո՛ զավակն ենք մենք

Հայաստա՜ն աշխարհ:



Օտար ափերում

Չենք ձուլվի երբեք,

Կպահենք հավերժ

Ուխտը հայության:

Մեր Մասիս սարով,

Սուրբ Էջմիածնով,

Կրթօջախ դու՛ մեր

Շնորհակալ ենք քեզ:



«Փոքրիկ հրեշտակներ»,

Քաղցրանուն դպրոց,

Ղևոնդյանց ոգու

Ինքնության դարբնոց:

Տեսիլքով արդար,

Հոգով կենարար

Քո՛ զավակն ենք մենք

Հայաստա՜ն աշխարհ:

Վարժարանի համար պահը պատմական էր և հուզիչ։ Հոտնկայս ունկնդրության ընթացքում ներկաներից յուրաքանչյուրը մտովի դարձավ աշակերտ և իր հոգում ուխտ կատարեց հավատարիմ մնալ հավատքին, մայրենի լեզվին ու Հայաստան աշխարհին: Այս անգամ նույնպես հյուր եկավ Ձմեռ պապը, շնորհակալություն հայտնեց հրաշալի կատարումների համար, նրանց հետ երգեց «Երևանը մենք ենք» երգը, հանձնեց նվերներն ու խոստացավ ողջ տարին հիշել օտար ափերում ապրող, բայց հայ ու Հայաստանը իրենց սրտերում պահած «Փոքրիկ հրեշտակներին»: Վերջում տնօրենը, իր երախտիքի խոսքն ուղղեց  Հովնան սրբազանին, տեր Խաժակին, դոկտոր Էլլի Անդրեասյանին, անցյալի և ներկայի բոլոր ուսուցիչներին՝ անձնվեր աշխատանքի համար, ինչպես նաև ծնողներին ու աշակերտներին:

Գեղեցիկ օրն ամփոփեց բոլորի կողմից սիրելի, առաջնորդ Սրբազան հայրը՝ գերաշնորհ Տ. Հովնան արք. Տերտերյանը, որն իր օրհնությանն ու բարձր գնահատանքին արժանացրեց ներկաներին, մաղթելով, որ 2024 թ․-ը լինի խաղաղության, բարության տարի՝ լեցուն աստվածային սիրով ու հրաշքներով:

Գոհ ու հպարտ էին բոլորը, սեր ու ջերմություն կար ամենուր։ Պահը լի էր երազով, հավատով, վաղվա օրվա՝ գալիքի խաղաղ սպասումով ու նոր հաղթանակներ կերտելու հաստատակամությամբ:



 Լյուբա Ավագյան

Ուսուցչուհի



Comments


bottom of page