2023 թ.-ի տարեսկզբին ԱՄՆ Արևմտյան, Արևելյան և Կանադայի հայոց թեմերի առաջնորդները պայմանավորվել էին մի շարք կարևոր ազգային ու հոգևոր ասպարեզներում սերտ համագործակցություն ձևավորել։ Ուղենշային գործառույթներից մեկը համաթեմական կրթական հանձնախմբի ձևավորումն էր, որը համակարգելու էր Մայրենի լեզվի պահպանման, ուսուցման և այլ հարցեր։
Սեպտեմբերի 5-ին տեղի ունեցավ առցանց հերթական ժողովը։ Ավանդական <<Տերունական աղոթք>>-ից հետո ներկաները ծանոթացան Նորայր Գազազյանի հետ, որն Արևելյան թեմի առաջնորդ, հոգեշնորհ Տ․ Մեսրոպ վրդ․ Պարսամյանի օրհնությամբ նշանակվել է ԱՄՆ Արևելյան թեմի հայերեն լեզվի ընդհանուր պատասխանատու և հետայսու նաև մաս է կազմելու 3 թեմերի կրթական հանձնախմբին։
Դրական գնահատվեց օգոստոսին տեղի ունեցած հայերենի ուսուցիչների ամենամյա հավաքը, որին առաջին անգամ մասնակցում էին 3 թեմերի մանկավարժները։ Որոշվեց հետայսու օգտագործել նաև արևելյան թեմի ներուժը, այնտեղ բնակվող հայագետներին ու մանկավարժներին ներառելու ակնկալությամբ։ Առաջարկվեց մինչև տարվա վերջ մտածել թեմաների և հնարավոր դասախոսների մասին։
3 թեմերի կրթական հանձնախմբի նախագահ, բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանը տեղեկացրեց, որ Արևմտյան թեմի բարեխնամ առաջնորդ, գերաշնորհ Տ․ Հովնան արք․ Տերտերյանի օրհնությամբ, ՀՀ առաջատար լեզվաբանների հետ բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել սփյուռքի կրթօջախների համար մայրենի լեզվի արդիական դասագրքեր կազմելու համար։ Առաջարկվեց, որ ԱՄՆ Արևելյան և Կանադայի թեմերի գործընկերները ևս մասնակցություն ունենան պատրաստման աշխատանքում։
Այս առումով եղան առողջ քննարկումներ, առաջարկություններ, որոնք իրենց օգտակարությունը պետք է բերեն առաջիկա հսկայածավալ ծրագրերի իրականացմանը։
Որոշվեց, որ միաժամանակ աշխատանքային գործակցությունն ապահովել էլ․ նամակների միջոցով, հարկ եղած պարագայում հրավիրել առցանց ժողով։
Թղթակից
Comments