top of page

ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցների վերելքը


Կենաց Խոսքի քարոզչությունն ուղղված է եղել ոչ միայն հավատացյալների հոգու փրկությանը, այլն նաև այն գիտակցվել է որպես մայրենի լեզվի պահպանության և ուսուցման առաքելություն։ Ամենևին էլ պատահական չէ, որ հայերենի իմացությունը եղել է հայ մարդու ինքնության ամենակարևոր, հիմնական կռվաններից մեկը։ Այս գաղափարին հավատարիմ՝ Արևմտյան թեմում գործել են շաբաթօրյա վարժարաններ, որոնց թիվը վերջին տարիներին առաջնորդ, գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի օրհնությամբ և հայրական հոգածությամբ, բազմապատկվել և եռապատկվել է։


Այսօր Արևմտյան թեմում գործում է 19 շաբաթօրյա կրթօջախ և ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ առաջիկայում պետք է բացվեն ևս մի քանիսը,հատկապես այն վայրերում, ուր ի սպառ բացակայում են հայկական դպրության կենտրոնները։ Դպրոցների աշխատանքները միօրինականացնելու, արդիականացնելու նպատակով առաջնորդ սրբազան հոր կարգադրությամբ գործում են Շաբաթօրյա դպրոցների հոգևոր տեսչությունը և գիտակրթական հանձնախումբը, որոնց ձեռք բերումներից է մեկ տասնամյակից ավել հայերենի ուսուցիչների ամենամյա հավաքի կազմակերպումը։ Հարկ է նշել, որ եթե այն սկզբնապես եղել է ուղղված միայն շաբաթօրյա հաստատությունների ուսուցիչներին, ապա այժմ վերափոխվել է ընդհանուր հայերենի մշակներին նվիրված վերապատրաստման դասընթացների։ Օրինակ՝ 2021 թվականի հավաքին մասնակցում էին Արևմտյան թեմի շաբաթօրյա և ամենօրյա վարժարանների հայերենի ուսուցիչները, ինչպես նաև մանկավարժներ՝ ԱՄՆ արևելյան և Հարավային Ռուսաստանի թեմերից։



2011 թվականիցից սկսած՝ շաբաթօրյա դպրոցների համակարգում ներ են դրվել Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցների դասագրքերը՝ արմատապես փոխելով տեղական, սիրողական ոճով կազմված ձեռնարկների ավանդույթը։ Այս հանգամանքի հաջող իրականացումը դարձավ առիթ, որ Շաբաթօրյա դպրոցների հոգևոր տեսչությունը սկսեց գրքերով ապահովել թեմապատկան դպրոցներին, ինչպես նաև ամենօրյա հայկական վարժարաներին։ Այսօր պարզորոշ ուրվագծվում են ծրագրեր, որոնք կյանքի են կոչելու նաև սեփական ժամանակակից ու արհեստավարժ դասագրքեր ունենալու հրամայականը, որը հեղաշրջող է լինելու ողջ սփյուռքի պատմության մեջ։

Թեմապատկան դպրոցների կյանքում մեծ ներդրում ունի նաև համայնքում հայտնի մանկավարժ, դոկտոր Էլլի Անդրեասյանը, որը դպրոցների համար կազմել է ամբողջական կրթական ծրագիր։ Այն միտված է, որ ամենուրեք լինեն միանման, բարձրորակ, կազմակերպված դասեր՝ համապատասխանելով ամերիկյան չափանիշներին։

Արևմտյան թեմի ամենակայացած վարժարանը առաջնորդանիստ <<Փոքրիկ Հրեշտակներ>> շաբաթօրյա դպրոցն է, որը համարվում է աշխարհի ամենամեծ և լավագույն հաստատություններից մեկը։ Այն 2015 թվականին ՀՀ կառավարության Սփյուռքի նախարարության կողմից, մասնակցելով մրցույթի, գրավել է Առաջին մրցանակ և ճանաչվել է աշխարհի լավագույն շաբաթօրյա կրթօջախը։

Համավարակի ընթացքում չեն խաթարվել դասերի կանոնավոր կազմակերպումը։ Ձեռնարկվել են հնարավոր բոլոր միջոցներն առցանց ուսուցումը պատշաճ իրականացնելու նպատակով։ Այսօր որոշ դպրոցներում գործում են հատուկ դասարաններ, որոնք ուղղված են համավարակի պատճառով հետ մնացած աշակերտներին օգնելուն և եղած բացը լրացնելուն։

ԱՄՆ Արևմտյան թեմում գործող շաբաթօրյա հաստատությունների նորություններից մեկն էլ այն է, որ ներ է դրվել նոր ծրագիր, որը համեմատաբար տարիքով մեծ աշակերտներին հնարավորություն է տալիս 6-ի փոխարեն 3 տարում ավարտել դպրոցը։ Ծրագրվում է, որ շատ շուտով շաբաթօրյա դպրոցների ուսման տևողությունը ամենուրեք պետք է դառնա յոթամյա։


Ի թիվս այլ առավելությունների, Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցները մրցունակ են նաև բազմաթիվ այլ ասպեկտներով, որոնցից կարելի է ընդգծել մի քանիսը։ Նրանք բոլորը գործում են անմիջապես եկեղեցու օրհնության ներքո։ Շաբաթօրյա դպրոցները ժամաքանակի առումով չեն զիջում ամենօրյա դպրոցներին, միաժամանակ չեն պահանջում նաև մեծ ֆինանսական ծախսեր։ Շաբաթօրյա կրթօջախների ուսուցիչներն ունեն ոչ միայն Միացյալ Նահանգներում աշխատելու մանկավարժական հարուստ փորձ, այլ նաև՝ Հայաստանի, Միջին Արևելքի երկրների և այլն։

Առաջիկայում ծրագրվում է համալրել դպրոցները ժամանակակից տեխնիկական միջոցներով, որը նոր որակ ու թափ կհաղորդի դպրոցների առաքելությանը։



Թղթակից



Ամանորյա հրաշքը <<Փոքրիկ հրեշտակներ>>

շաբաթօրյա դպրոցում


Comments


bottom of page