top of page

ԱՄՆ Արևմտյան թեմում մեկնարկում են մայրենի լեզվի դասագրքերի պատրաստման աշխատանքները

Գաղտնիք չէ, որ տասնամյակներ շարունակ սփյուռքի հայկական դպրոցների համար մայրենի լեզվի դասագրքեր չեն պատրաստվել։ Արդյունքում օգտագործվել են նախորդ դարում ստեղծված որոշ հավաքածուներ, որոնք շուտվանից կորցրել են իրենց արդիականությունը և չեն համապատասխանում այսօրվա պահանջներին։ Փոխվել է նաև գաղթօջախների ներքին հարաբերակցությունը։ Եթե ժամանակին, լեզվական առումով, ամենուրեք տիրապետողը արևմտահայերենն էր, ապա այսօր շատ վայրերում պատկերն այլ է։

Այս խնդիրների մտահոգությամբ՝ ԱՄՆ Արևմտյան թեմում մեկնարկել է սփյուռքահայ աշակերտների համար նախատեսված մայրենի լեզվի նոր դասագրքրերի ստեղծման աշխատանքներ։ Թեմական առաջնորդ, գերաշնորհ Տ․ Հովնան արք․ Տերտերյանի օրհնությամբ, գրքերի պատրաստման գիտական խումբը ղեկավարելու է հայտնի լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը, որը հեղինակել է բազմաթիվ դասագրքեր թե՛ հայաստանյան հանրակրթական և թե՛ սփյուռքի դպրոցների համար։

Թեմում ձևավորվել է մանկավարժների խումբ, որի աշխատանքները համակարգելու է Սրբազան հոր նախագահությամբ գործող մարմինը։ Վերջինս դեկտեմբերի 27-ին, առաջնորդարանում գումարել էր առաջին քննարկումը, որին մասնակցում էին հոգեշնորհ Տ․ Երեմիա վարդապետ Աբգարյանը, արժանապատիվ Տ․ Խաժակ քահանա Շահբազյանը, բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանը, դոկտ․ Էլլի Անդրեասյանը, դոկտ․ Մինաս Գոճայեանը, բանասիրական գիտությունների թեկնածուներ Արփի Մարտիրոսյանը և Նորայր Պողոսյանը։

Աշխատաժողովի ընթացքում քննության նյութը հայաստանյան դպրոցների համար պատրաստված դասի օրինակներից մեկն էր։ Տեղի ունեցավ մտքերի փոխանակություն։ Ակնկալվում է, որ նոր դասագրքերը լինելու են գերժամանակակից, պարզ, բայց ոչ պարզունակ, թվային աշխատատետրերով, հետաքրքրական նյութերով։ Այն պետք է խճողված չլինի քերականական խնդիրներով, լինի մրցունակ և չզիջի ամերիկյան դասագրքերին։ Հաշվի առնելով սփյուռքի լեզվական առանձնահատկությունները՝ բառագիտության բաժինը լինելու է նաև անգլերեն բացատրություններով, որն այլ լեզվի փոխարինման պարագայում, հնարավոր կլինի օգտագործել ոչ անգլիախոս գաղութներում։ Նախատեսվում է, որ դասագրքրեը գործածական կդառնան ինչպես ամենօրյա, այնպես էլ շաբաթօրյա վարժարաններում։ Սկզբնական փուլում կազմվելու է արևելահայերեն, ապա ճիշտ նույն դասագրքի արևմտահայերեն տարբերակները։

Հաջորդ ժողովը ծրագրվում է գումարել 2024 թ․-ի հունվարին։


Թղթակից



留言


bottom of page