top of page

Անկախության նշումը և համընդհանուր աղոթքը «‎Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցում (Տեսանյութ)


Սեպտեմբերի 21-ին լրացավ մեր հայրենիքի անկախության 32-րդ ամյակը։ Սակայն պետք է խոստովանել, որ այն այս տարի մռայլ էր, անփայլ ու ․․․․տխուր․․․

«‎Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցի սաները սեպտեմբերի 23-ին եկեղեցի էին եկել ծաղիկներով։ Օրվա հոգևոր պատգամի սկզբում, Արևմտյան թեմի շաբաթօրյա վարժարանների հոգևոր տեսուչ և դպրոցի տնօրեն, բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանը շնորհավորեց ներկաներին անցնող անկախության տոնի առթիվ և մաղթեց, որ մեր ազգը լինի միաբան, միակամք ու միասնական։ Ապա նշեց, որ վիրավոր Արցախ աշխարհին և մեր ողջ ժողովուրդին կրկին պատել է անասելի ցավ ու համազգային, անողոք տառապանք։

«Սիրելի՜ աշակերտներ, սակայն մի մոռացեք, որ բոլորս, այս պատերազմի մի մասնիկն են, իսկ դուք՝ մեր նորօրյա զինվորները։ Այսօր դուք ևս Ձեր բաժին կռիվն ունեք, իսկ այդ պայքարի ամենակարևոր զենքը և հաղթելու գրավականը Ձեր հայերեն խոսելն է, հայ մնալը և հայրենիքին մշտապես օգտակար լինելը», - նշեց Հովհաննես սարկավագ Գումրույանը։

Ապա Ս․ Ղևոնդյանց մայր տաճարի հովիվ, արժանապատիվ Տ․ Խաժակ քահանա Շահբազյանն իր օրհնությունը բաշխեց ներկաներին, ապա բոլորը մեկ րոպե լռությամբ, հոտնկայս իրենց աղոթքը բարձրացրեցին արցախահայության, մեր հայրենիքի, վերջին զոհերի և 44-օրյա աղետի ժամանակ նահատակված մարտիրոսների համար։ Հոգեհանգստյան աղոթքից հետո աշակերտները դուրս եկան եկեղեցուց և տաճարի հովանու ներքո վեր խայացած 44-օրյա պատերազմի նահատակների խաչքարի մոտ խոնարհեցին իրենց ծաղիկները, հավատալով, որ վեր բարձրացող խնկի անուշահոտության նման, իրենց աղոթքն էլ վեր պիտի բարձրանա, հասնի Արարչին՝ ուժ ու հաղթանակ բերելով մեր բազմաչարչար ու հոգնատանջ ժողովրդին։

Արարողությանը ներկա էին Արևմտյան թեմի գիտակրթական հանձնախմբի ատանապետ դոկտ․ Էլլի Անդրեասյանը, խաչքարի նվիրատու Կարեն Վարդանյանը և բազմաթիվ ծնողներ։


Թղթակից


댓글


bottom of page