Գերմանացի գիտնական Գոթֆրիդ Վիլհելմ Լեյբնիցը 1673 թ.-ին ստեղծեց իր մեխանիկական հաշվիչ մեքենան: Մեքենայի ստեղծման գաղափարը Լեյբնիցի մոտ ի հայտ է գալիս այն բանից հետո, երբ նա ծանոթանում է հոլանդացի մաթեմատիկոս և աստղագետ Քրիստիան Գյույհենսի հետ: Հաշվարկների մեծ ծավալը, որը ստիպված էր լինում կատարել աստղագետը, Լեյբնիցի մոտ միտք է ծնում մեխանիկական մի այնպիսի սարք ստեղծելու, որը դյուրին դարձնի աստղագիտական հաշվարկներ կատարելը. «Քանի որ վայել չէ նշանավոր մարդկանց, որ ստրուկների պես ժամանակ ծախսեն հաշվողական աշխատանքների վրա, ինչը կարելի է վստահել ցանկացած մարդու` սարքավորման առկայության դեպքում»:
Լեյբնիցի հաշվիչով թվերի գումարումը կատարվում էր միմյանց փոխկապակցված անիվների օգնությամբ: Այդպես էր աշխատում նաև ֆրանսիացի գյուտարար Բլեզ Պասկալի սարքը` «պասկալինան»: Մեքենայի շարժվող մասը, ինչպես նաև հատուկ բռնակը, որը թույլ էր տալիս պտտել ատամնանիվը (հետագայում` մեքենայի գլանները), արագացնում էր գումարման կրկնվող գործողությունները, որոնց օգնությամբ իրականացվում էր թվերի բաժանումն ու բազմապատկումը: Կրկնակի գումարումների անհրաժեշտ քանակն իրականացվում էր մեքենայաբար:
Մեքենան ցուցադրել է Լեյբնիցը` Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայում և Լոնդոնի թագավորական միությունում: Հաշվիչի մեկ օրինակ Պետրոս Առաջինի մոտ էր հայտնվել, ով նվիրել է այն Չինաստանի կայսրին` ցանկանալով զարմացնել վերջինիս տեխնիկայի նոր նվաճումներով:
Comments