top of page

Աշնանային հրաշքներ

ree

Սիրելինե՛րս, եկեք մտովի տեղփոխվենք Հայաստան՝ մեր սիրելի հայրենիքը։ Հիշենք այնտեղի աշունը։ Ի դեպ ասեմ, երբ երեխա էի, մեր այգում մի քանի ծառեր կային։ Աշնանը նրանք ներկվում էին բազմազան գույներով։ Իսկ երբ տերևաթափ էր լինում, երեք քույրերով հավաքում էինք այդ գույնզգույն տերևները, մի մեծ կույտ անում ու սկսում էինք արջի քոթոթների պես թավալվել նրանց վրա։ Ծնողներս նայում էին մեզ ու հրճվում։

Իսկ քաղաքամայր Երևանն ուղակի հրաշք էր։ Ծառերի տերևները ներկվում էին աշնանային վառ գույներով։ Մեր բնակարանը գտնվում էր Զեյթուն թաղամասում՝ Բուսաբանական այգու դիմաց։ Մեր պատշգամբից նայում էինք այգուն վերևից։ Ամբողջ այգին մեր աչքի առաջ էր՝ այնքան գեղեցիկ ու գրավիչ, որ չէինք կարողանում աչքներս կտրել նրանից։ Այդքան գույներ որտեղի՞ց էր հավաքվել։ Ուղակի հրաշք էր։ Իսկ աշխատանքի գնալիս, չարաճճի երեխայի պես, քայլում էի թափված չոր տերևների միջով, որպեսզի լսեմ նրանց խշխշոցը ու մտքում արտասանում էի Հայրապետ Հայրապետյանի հետևյալ տողերը․


Ես աշուն եմ սիրում

Դեղնահեր ու սիրուն,

Երբ տերևն անտառում

Քամու հետ է պարում։


Երբ ծառերը այգում,

Բեռներից ազատված,

Հողմահար օրորվում,

Սվսվում են կամաց։


Մայթերին թափված տերևների խշշոցը, կարծես, աշնանային սիմֆոնիա լիներ։ Այդ հուշերից ոգևորված վերջերս մի բանաստեղծություն գրեցի։ Այն ստեղծել եմ ելնելով անցյալի հուշերից։



Աշուն



Աշուն է, խշշոց,

Տերևն է խշշում աշնան մշուշում,

Ու ամեն անգամ ոտքի տակ ընկած,

Անուշ խշշոցով հոգիս է լցնում։


Դատարկ փողոցով քայլում եմ դանդա՜ղ,

Մայթերին թափված տերևն է խշշում,

Սիրտս լցվում է աշնան երգ ու տաղ,

Տերևն է երգում աշնան մշուշում։


Կարծես, երեկ էր թև-թևի մտած,

Շրջում էինք մենք, աշուն էր, շրշյուն,

Երջանիկ էինք մեկ-մեկու գտած,

Քայլում էինք լուռ աշնան մշուշում։


Աշունը գնաց,

Իր հետ տանելով խշշոց ու շշունջ,

Ու միայն քաղցրիկ, ջերմ հուշը մնաց,

Մեկ էլ կախարդիչ, հուշերը դյութիչ։


Լաուրա Խլղաթյան

Լաս Վեգաս

Comments


© 2023 by HAYLURUSA

Website by

self logo.png
bottom of page