Նոյեմբերի 12-ին Արեւմտեան թեմի Առաջնորդանիստ Ս. Ղեւոնդեանց Մայր տաճարում տեղի ունեցաւ հռչակաւոր Արամ Խաչատրեանի ծննդեան 120-ամեակին նուիրուած բացառիկ համերգ, անուանի երաժիշտ-դաշնակահար Կարինէ Պօղոսեանի կատարմամբ։ Թեմի Առաջնորդ Յովնան Արք. Տէրտէրեանի հովանու ներքոյ կազմակերպուած համերգի հովանաւորն էր Տէր եւ Տիկին Գրիգոր եւ Մարլեն Երեւանեան ամոլը։
Մայր Տաճարում ներկայ երաժշտասէրները ունկնդրեցին Արամ Խաչարտեանի Սպարտակ բալետի Adagio-ն, Օրօրոցայինը, հատուածներ Դիմակահանդէս բալետից, Դաշնամուրի կոնցերտից եւ այլ ստեղծագործութիւններից, որոնք ընդունւում էին բուռն ծափահարութիւններով։ Դաշնակահար, Նիւեորքաբնակ Կարինէ Պօղոսեանը մեծ հեղինակութիւն ունի երաժշտական աշխարհում, դեռեւս 14 տարեկանում կատարել է Բեթհովենի դաշնամուրի թ. 1 կոնցերտը, 23 տարեկանում մենահամերգ է ունեցել նշանաւոր Քարնեգի հոլում, արժանացել է բազմաթիվ մրցանակների։ Երաժշտական քայլերը սկսել է Երեւանում՝ Ռոմանոս Մելիքեանի վարժարանում եւ Կոմիտասի անուան երաժշտանոցում, ներկայումս դասաւանդում է Մանհեթէնի երաժշտական յայտնի դպրոցում։
Համերգի կատարումների ընթացքում Կարինէ Պօղոսեանը ինքն էլ մեկնաբանում եւ ներկայացնում էր Արամ Խաչատրեանի կեանքի եւ ստեղծագործութեան կարեւոր որոշ դրուագներ, որ համաշխարհային նշանակութեան արուեստ է ստեղծել թէ՛ իր ժամանակների եւ թէ՛ յետագայի համար։ 1961 թուականին Խաչատրեանի հեղինակած՝ դաշնամուրի սոնատի կատարումից յետոյ ներկաները ընդունեցին յոտնկայս ծափահարութիւններով։
Արեւմտեան թեմի Առաջնորդ Յովնան Արք. Տէրտէրեանը գնահատանքի իր խօսքը փոխանցելիս ասաց. «Բացառիկ կատարողական արուեստի ականատեսը եղանք։ Դուք Արամ Խաչատուրեանի երգն ու երաժշտութիւը հասուցիք նոր բարձունքի։ Այս օրերուն մեր ժողովուրդը պէտք ունի լոյսի, որ կը ծնի նաեւ Խաչատուրեանի երաժշտութեան մէջ։ Այն, ինչ մատուցեցիք Դուք, վայելքի եւ հոգեւոր արթնութեան զգացողութիւն պարգեւեց մեզ»։ Համերգից յետոյ Առաջնորդարանի Գալայճեան սրահում տեղի ունեցաւ հիւրասիրութիւն այս առիթով։
Արամ Խաչատուրեանի 120-ամեկի առիթով Արեւմտեան թեմը կազմակերպում է երաժշտական այլ ծրագրեր եւս։ Ի մասնաւորի Դեկտեմբեր 3-ին Ս. Ղեւոնդեանց Մայր տաճարում կայանալու է յատուկ համերգ Voce Dell’ Orchestra նուագախմբի, ղեկավարութեամբ մաեստրո Րաֆֆի Միքայէլեանի, եւ մասնակցութեամբ «Շնորհալի» երգչախումբի, դպրապետութեամբ բարշ. Արթուր Սրկ. Վարդանեանի։
Դիւան Առաջնորդարանի
Comments