top of page

ԱՐԵՎՄՏՅԱՆ ԹԵՄԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՕՋԱԽՆԵՐԸ`ՇԱԲԱԹՕՐՅԱ ԴՊՐՈՑՆԵՐԸ


<<Փոքրիկ հրեշտակներ>>, Բրբենք


Արևմտյան թեմն ունի շուրջ քսան շաբաթօրյա դպրոց Կալիֆորնիայի տարբեր քաղաքներում, Օրեգոնում, Լաս Վեգասում, Արիզոնայում և Վաշինգտոնում որտեղ սփյուռքահայ երիտասարդ սերունդին է փոխանցվում մեր լեզուն, կրոնը, պատմությունը, մշակույթը, երգը, պարը, մեր ազգային արժեքները և հայրենասիրության առաքելությունը, որպեսզի մշտաբորբոք պահվի ազգային ինքնության հավերժական կրակը: Այս աստվածահաճո, մեծ ծառայությունը իրագործվում է ԱՄՆ Արևմտյան թեմի բարեխնամ առաջնորդ, գերաշնորհ Տ․ Հովնան արք․ Տերտերյանի օրհնությամբ՝ իրեն օգնական ունենալով Շաբաթօրյա դպրոցների գիտակրթական խորհուրդը և հարակից մարմինները։

<<Ս․ Հարություն>> Սիաթլ


Թեմապատկան միօրյա կրթարաններն առաջնորդվում են հայոց լեզվի, հայ գրականության, պատմության, կրոնի և մշակույթի համապարփակ ուսումնական ծրագրով, որը հիմնված է Կալիֆորնիա նահանգի կողմից սահմանված լեզուների դասավանդման չափանիշների վրա: Ծրագրի օգտագործած աղբյուրներն են տեղական և հայրենական տպագրության հայերենի ու հայ գրականության դասագրքերը, ինչպես նաև հայոց պատմության, հայ մշակույթի, հայրենագիտության և արդիական հարցերի շուրջ առկա նյութեր, այդ թվում նաև գիտարվեստի միջոցներ, հայկական կայքէջեր և զանազան տեսալսողական միջոցներ:

<<Փեթակ>> Փասադինա


Ծրագիրն ընդգրկում է նաև աշակերտի լեզվի իմացության մակարդակը, տարիքային և հոգեբանական առանձնահատկությունները և սովորելու կարողությունները:

Շաբաթօրյա դպրոցների հիմնական նպատակն է մեր մանուկներին տալ ամբողջական հայեցի կրթություն, որպեսզի նրանք կարողանան հաղորդակցվել մայրենի լեզվով, հասկանալ և գնահատել մեր պատմական և մշակութային արժեքները, ունենալ վեհ ազգային ինքնագիտակցություն, լինել հպարտ իրենց մայրենի լեզվով, հավատքով, մշակույթով և հայրենիքով։ Հարկ է նշել, որ այս ամենը կնպաստի, որպեսզի աշակերտները ունենան նաև պատասխանատվության գիտակցություն հայ համայնքի, Մայր եկեղեցու, ապրած երկրի, Հայրենիքի հանդեպ, ինչպես նաև՝ հարգանք այլ ժողովրդնրի և մշակույթների նկատմամբ։

<<Սեդա Թաջիրյան>> Լաս Վեգաս


Մանկավարժական նոր մոտեցումներին ծանոթացնելու նպատակով, յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին թեմական առաջնորդ Հովնան Սրբազանի գլխավորությամբ գիտակրթական խորհուրդը կազմակերպում է հայերենի ուսուցիչների վերապատրաստման ամենամյա աշխատանիստեր, որտեղ մեր համայնքի մտավորականների կողքին իրենց մասնակցությունն են բերել Հայաստանի Հանրապետության Լեզվի Պետական Կոմիտեի այդ ժամանակվա տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գյուրջինյանը և ՀՊՄՀ Հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, Սփյուռք գիտաուսումնական կենտրոնի ղեկավար, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը։

2023 թ․-ի ուսուցիչների հավաք


Մեր համայնքներում հրճվանքի և հպարտության օրեր են շաբաթօրյա դպրոցների կազմակերպած ոգեշունչ հանդեսները, որտեղ բեմերից հնչում են մեր ոսկեղենիկ մայրենին, մեր հանապազորյա աղօթքը, գողտրիկ և հայրենաշունչ բանաստեղծությունները, որտեղ մշտապես ներկա է մեր Բնօրրանը՝ իր Արցախ աշխարհով, հայ զինվորը, ազգային երգն ու պարը, բանաստեղծն ու երգահանը։ Իրական հերոսություն է, որ հայ ուսուցիչը կարողացել է իր աշակերտներին հաղորդել հայրենասիրության վառ կրակը և սովորեցնել որ Հայ լինելը միայն գիտակցություն և պատկանելություն չէ, այլ նաև ինքնություն և հպարտություն։

Արևմտյան թեմի կրթական ձեռքբերումները քույր թեմերին ծառայեցնելու նպատակով, ԱՄՆ Արևմտյան, Արևելյան և Կանադայի թեմերի միջև սկսել է գեղեցիկ համագործակցություն։ Վերոնշյալ թեմերում գործող շուրջ 60 վարժարաններում համակարգված գիտելիքների փոխանցումը կնպաստի մայրենի լեզվի դասավանդման որակի և ազգապահպանության ու հավատքի ամրապնդման սրբազան առաքելությանը։

<<Ս․ Սարգիս>> Սանտա Կլարիտա


Հարկ է նշել, որ մեկ գրությամբ անկարելի է անրադառնալ շաբաթօրյա վարժարաններում կատարվող օվկիանոսածավալ աշխատանքներին, որովհետև բոլոր խոսքերից առաջ ամենացայտուն վկայություններն այն գիտելիքներն են, որոնք ամբարել ու օգտագործում են աշակերտները՝ դառնալով մեր երկրի վաղվա զինվորն ու դեսպաններն ամբողջ աշխարհում։ Այս ամենը Արևմտյան թեմի բարեխնամ առաջնորդ գերաշնորհ Տ․ Հովնան արք․ Տերտերյանին, Գիտակրթական խորհրդի, բոլոր դպրոցների տնoրինների և ուսուցիչների կատարած հայակերտման մեծ աշխատանքն է, որի պտուղները յուրօրինակ շնորհակալություն և օրհնություն են մեզ համար։ Այստեղ անմասն չեն նաև ծնողները, տատիկներն ու պապիկները, որոնք սատարում են Հայ Դպրոցին՝ որպես մի կտոր հող և շունչ մեր Հայրենիքից, որի համար մշտապես երախտապարտ ենք և հավետ շնորհակալ։


Դոկտ. Էլլի Է. Անդրեասյան

Շաբաթօրյա դպրոցների գիտակրթականկան խորհուրդի ատենապետ



Comments


bottom of page