Արեւմտահայերենով գրականության ստեղծմանն է ուղղված Արփի հրատարակչատան հիմնադրումը, որի մեկնարկի մասին հիմնադիրները հայտարարեցին Փետրվարի 19-ին: Գլենդելի Չեվի Չեյս ակումբում կազմակերպված միջոցառումն առիթ էր ներկայացնելու հրատարակչատան նպատակներն ու գործունեությունը: Կառույցի գործադիր տնօրեն Արփի Գրիգորյանը պատմեց, որ միտքն առաջացել է այն մտահոգությունից ելնելով, որ արեւմտահայերենը ՅՈՒՆԵՍԿՕն ճանաչել է որպես վտանգված լեզու: Նման սահմանման գլխավոր չափանիշներից մեկը նոր գրականության պակասն է: «Արեւմտահայերենով գրքեր գրեթե չեն հրատարակվում, եւ սա պատճառ էր հրատապ լուծումներ փնտրելու, ինչի արդյունքում հիմնեցինք ոչ շահութաբեր այս կազմակերպություն: Այն բնույթով բացառիկ է, քանի որ քաջալերելու եւ գումար է տրամադրելու գրողներին, որ ստեղծագործեն արեւմտահայերենով հատկապես պատանիների եւ երիտասարդների համար», նշեց հրատարակչատան գործադիր տնօրեն Արփի Գրիգորյանը, որ մի խումբ մտավորականների հետ է իրականացրել գաղափարը: Հրատարակչատան հոգաբարձուների խորհրդի կազմում են ճանաչված պրոֆեսորներ հեղինակավոր համալսարաններից՝ Հակոբ Կյուլուջյանը, Միրնա Տուզջյանը, Դալար Շահինյանը, Նորայն Տատուրյանը, Բեկի Ջինբաշյանը, Իշխան Ջինբաշյանն ու Արա Մելիքյանը: Նրանք են ընտրելու ներկայացված ստեղծագործություններն ու ներկայացնելու տպագրության:
Արփի Գրիգորյանը ներկայացրեց հրատարակչատան կողմից ընտրված առաջին երեք գրքերը, որոնցից հատվածներ ընթերցեցին պատանիները:
Իշխան Ջինբաշյանի ստեղծագործությունը վեպ է երիտասարդների համար, որ պատմում է Լոս Անջելեսի մի երիտասարդի մասին է, ովցանկանում է ճանաչելաշխարհըհամայնքից դուրս: Թամար Մարի Բոյաջյանի գիրքը երեւակայական պատմություն է, իսկ Ավետիս Հաջյանին ստեղծագործությունն արկածային ժանրում է:
Հրատարակչատան խորհրդի անդամ, Կալիֆորնիայի Համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղի հայոց լեզվի եւ մշակույթի Խաչիկյան դասախոսական ամբիոնի վարիչ, Հակոբ Կյուլուջյանը մտահոգություն հայտնեց, որ խնդիրը ե՛ւ Սփյուռքում, ե՛ւ Հայաստանում ստեղծագործական լեզվի նահանջն է, համաշխարհայնեցումը միալեզու է դարձնում աշխարհը: «Պետք է ձեւ գտնենք, որ երիտասարդությունը հետարքրություն զգա հայոց լեզվի հանդեպ: Եւ ուրեմն նրանց հետաքրքրել է հարկավոր ժամանակակից, որակյալ նյութերով: Մեր առաջադրանքն այն է, որ հայերենը վերածվի առօրյա լեզվի»: Միջոցառման հյուրերի թվում էին համայնքի ներկայացուցիչներ՝ մտավորականներ, հասարակական գործիչներ, արվեստագետներ:
Արփի հրատարակչատունը քաջալերում է գրողների, թարգմանիչների, նկարազարդողների և խմբագիրների, որոնք կարող են դիմել իրենց, եւ կոչ է անում համայնքին աջակցել, քանի որ գործունեությունը հնարավոր է դառնում նվիրատվությունների միջոցով: Հրատարակչատան մասին մանրամասների համար կարելի է ծանոթանալ կայքում՝ https://arpipublishing.com/ :
Ն․ Ճարտար
Comments