top of page

Արևմտյան թեմի տարեկան 3-րդ հոգևորականների աղոթաժողովը


ԱՄՆ Արևմտյան թեմում, օրհնությամբ ու նախագահությամբ բարեջան առաջնորդ, գերաշնորհ Տ․ Հովնան արք․ Տերտերյանի, տարին 3 անգամ՝ գարնանը, ամռանը և աշնանը տեղի են ունենում հոգևորականների ժողովներ։ Այս տարվա վերջին ավանդական հավաքը կայացավ 2023 թ․-ի հոկտեմբերի 17-ին, ուր ներկա էին 36 հոգևորական և առաջնորդարանի ողջ աշխատակազմը։ Հարգելի պատճառով բացակայում էր 11 հոգևորական։

Տակավին առաքելական շրջանից սկսած սրբազան ավանդություն է եղել, որ բոլորը միասնաբար հավաքվեն և կատարեն ոչ միայն Տիրոջ պատգամները, այլ միաբանության ոգով և աստվածային սիրով աջակից լինեն միմյանց։ Արևմտյան թեմը լինելով առաքելաշավիղ և Քրիստոսահիմն եկեղեցու ժառանգորդ՝ իր հայացքն անխախտ հառած Ս․ Էջմիածնից ճառագող կենարար փարոսին, իրականացնում է իր առաքելությունը՝ ի սեր Արարչի և մեր ժողովրդի։

Օրը հագեցած էր աղոթական, բարեպաշտական, հոգեմտավոր և մշակութային անդրադարձումներով, որովհետև նման հավաքներն անհրաժեշտ են ամրացնելու հոգևոր կապը թեմում ծառայող հոգևորականների հետ, միևնույն ժամանակ առիթ է լինում նաև փորձի փոխանակման։ Ավանդական աղոթքից հետո, բարեգալստյան և օրհնության իր խոսքում, առաջնորդ, Սրբազան հայրը նշեց․ <<Աշակերտներ ենք Քրիստոսի և ժառանգորդները մեր նախնեաց հաւատքին, որով և մեր բոլորին վրայ կը դրուի ծանր, այնուամենայնիւ քաղցր պարտականութիւն:

Բոլորս ալ քաջ գիտենք, որ դժուարին և փորձութիւններով լեցուն ժամանակներ կ’ապրինք, առաւել ևս կը ցաւինք մեր հայրենական կեանքէն ներս առկա բարդ խնդիրներով: Մեր առջև դրուած հրամայականը այն է, որ հաւատքով մշտարթուն, ի գին ամէն զոհողութեան մեր բարի գործերով ու ներշնչող պատգամներով ոչ միայն մեր ծուխերը պահենք, այլև մշտապէս մեր հայեացքն ուղղենք դէպի Հայաստան Ս. Էջմիածին: Ներքին անմիաբանութիւնը և՛ եկեղեցւոյ մէջ, և՛ հայրենի երկրէն ներս իրօք կը քայքայէ մեր խաղաղ կեանքի ընթացքն ու բարգաւաճումը: Այս և տակաւին բազում այլ փորձութեանց տոկալու համար խիստ անհրաժեշտ է աղօթքի կեանքը, համբերութեամբ առնուած քայլերը, որպէսզի միասնաբար դառնանք լոյսի և յոյսի փարոսը մեր ժողովուրդի կեանքին մէջ:

Մեր աղօթքն է առ Աստուած, որ բոլորս առաջնորդէ դէպի նոր կեանք և առաւել ևս մտածելու ու խոկալու քահանայութեան մեծ խորհուրդի մասին: Բոլորս անխտիր անհատապէս և հաւաքականօրէն, որպէս եղբայրութիւն չմոռնանք, որ հաւատացելոց հոգևոր աչքերը մեր վրայ են կենտրոնացած: Ուրեմն պիտի ըլլանք չափազանց աչալուրջ ու հետևողական, որպէսզի Աստուծոյ սիրով ու Քրիստոսի իմաստութեամբ զօրացած, մէկզմիւսին զօրավիգ տէրը կանգնինք մեր հօտին և միասին կերտենք փառաւորեալ եկեղեցին>>:

Խոսքի ավարտին Հովնան սրբազանը մաղթեց, որ աղոթահավաքի մասնակիցները հոգով նորոգված ու եռանդով գոտեպնդված վերադառնան իրենց ծխական համայնքները։

Ներքին կազմակերպության հարցերի մասին զեկուցեց առաջնորդարանի տնօրեն, բարեշնորհ Հարութ սարկավագ Մարգարյանը՝ կարևորելով միասնական թվային ծխամատյաններ ստեղծելու անհրաժեշտությունը։

Հոգեպարար օրվա առաջին մասը բաղկացած էր 3 հիմնական արժեքավոր բանախոսություններից։ Հաջորդաբար հանդես եկան արժանաշնորհ Տ․ Ավետիս քահանա Աբովյանը, որը համակողմանի քննության ենթարկեց քահանայի ինքնության հարցերը, ապա արժանապատիվ Տ․ Եղիշե քահանա Քեսաչիկյանը անդրադարձավ եկեղեցականի ամենօրյա վերանորոգման անհրաժեշտությանը, իսկ հոգեշնորհ Տ․ Տաճատ ծ․ վարդապետ Եարտմեանը բանաձևեց քահանա եկեղեցականի հոգեղեն կառույցը, ինքնությունը, դիմագիծը՝ եկեղեցական առաքելության մեջ։ Նա տիպիկ զուգահեռներ անցկացրեց Ս․ Ներսես Շնորհալու խրատներին, հայրաբանական ու աստվածաբանական գրականությանը։

Հավաքի առաջին մասն ամփոփեց առաջնորդ, բարձրաշնորհ Տ․ Հովնան արք․ Տերտերյանը, մասնավոր գնահատելով օրվա հիմնական բանախոսներին, մասնավորապես ընդգծեց․ <<Ինչպես որ ամեն անգամ ջուր ենք խմում՝ հագեցնելու մեր ծարավը, այնպես էլ նման թեմաների վերաքաղը անհրաժեշտ է, որպեսզի դրանով ևս վերանորոգենք ինքներս մեզ, մեր կոչումը, ուխտը>>: Սրբազան հայրն ընդգծեց հոգևոր կյանքի մշտական նորոգություն մասին։ Առաջարկեց մեկ գրքույկով մեկտեղել նման խորհրդածությունները, որպեսզի տպագրվեն։ Այն վստահաբար օգտակար կլինի ապագայի և այլ վայրերում ծառայող հոգևոր սպասավորներին։

Հայրենիքի առջև ծառացած տխուր մարտահրավերների մասին խոսելիս, առաջնորդ Հովնան սրբազանը համառոտ ներկայացրեց նաև մեր Բնօրրանին, Արցախին, իսկ այսօր տարագիր արցախահայությանն ուղղված թեմական օվկիանոսածավալ նախաձեռնությունների մասին, հավելելով, որ առաջիկայում պատվիրակություն է մեկնելու Հայաստան, որպեսզի տեղում հանդիպեն արցախահայերին և շարունակեն կազմակերպել մշտական աջակցությունը։

Սրբազանն իր խոսքում անրադարձ կատարեց նաև եկեղեցականների պատրաստության հարցին:

Օրվա երկրորդ մասը վերոնշյալ դասախոսություններին վերաբերող բուռն քննարկումներն էին, որտեղ գերիշխում էր առողջ տրամաբանությունը և եղբայրական հասկացողության, միաբանության ոգին։

Թեմի երախտավոր հոգևորականներից, արժանապատիվ Տ․ Զենոբ ավագ քահանա Նալբանդյանը համառոտ գծերով խոսեց իր նոր լույս տեսած, ստվարածավալ, բացառիկ աշխատության՝ <<Ֆրանսերեն-Հայերեն-Անգլերեն>> եկեղեցական բառարանի մասին, որը մեր իրականության մեջ եզակի գործ է։ Տեր հայրը հատորից սիրով նվիրաբերեց իր ծառայակից եղբայրներին։

Ավանդության համաձայն, ներկաներն ստացան նաև թեմի վերջին հրատարակություններից, որոնք հեղինակել էին Տ․ Հովնան արք․ Տերտերյանը, Տաճատ ծ․ վրդ․ Եարտմեանը և Գևորգ սրկ․ Գևորգյանը։

Երեկոյան ժամերգության ավարտին իր խորհրդածությունները և հոգևոր պատգամը փոխանցեց հոգեշնորհ Տ․ Երեմիա վարդապետ Աբգարյանը։ Հիմնվելով օրվա սրբազան շարականագրի պատգամին՝ <<Քրիստոսի աշակերտի>> նմանողությամբ, հայր սուրբը ներկաներին առաջնորդեց դեպի աստվածաշնչյան պատմությունների և սրբազան ավանդության խորքերը՝ հորդորելով նորոգված ու մշտարթուն գիտակցությամբ քայլել դեպի Բարին ու Կատարյալը։

Օրվա վերջին մշակութային մասը բացվեց Հայր Տաճատի ինքնատիպ զեկույցով, որը լի էր հոգևոր կյանքի, պրպտող գիտնականի ու դաստիարակի հարուստ փորձառությամբ։ Ապա ներկա հոգևորականներին ու հավատացյալ ժողովրդին իր պատգամը փոխանցեց արժանապատիվ Տ․ Զաքարիա քահանա Սարիբեկյանը։ Կուռ կառուցվածքով ասելիքը մատուցեց պարզ ու հասկանալի լեզվով՝ հիմնվելով սեփական փորձառության վրա։ Հիշատակելով համազգային մտահոգող խնդիրները՝ տեր հայրն ընդգծեց միասնության և միաբանության անհրաժեշտության մասին, նշելով, որ ․ <<Արցախիկորուստը մեր բազմաթիվ երազների խորտակումն էր, բայց ոչ երբեք՝ ապագայի>>: Ապա զուգահեռներ տանելով պատմական անցյալի հետ՝ Տեր Զաքարիան հավելեց, որ․ <<387 թ․-ին կորցրեցինք մերպետականությունը, որին հաջորդեց Ոսկե դարը։ Այս հանգամանքը նշանակում է, որ հիմա էլ պետք է վերածնվենք, որպեսզի պատրաստվենք վաղվա, լուսավոր փառքին ու պայծառ ապագային՝ միևնույն ժամանակ վերագտնենք ինքներս մեզ և բնակվենք Աստծու ներկայության մեջ>>:

Երեկոն սրտահույզ շարականներով զարդարեցին Ս․ Ղևոնդյանց <<Շնորհալի>> երգչախումբը, ապա արժանապատիվ Տ․ Խաժակ քահանա Շահբազյանը ներկայացրեց Հովնան սրբազանի օրհնությամբ նոյեմբերի 15-ին տեղի ունենալիք <<Մեկ ժամ Կոմիտասի հետ>> ծրագրվող բացառիկ համերգի մենակատար Էդգար Խաչատրյանին, որը <<Հորովել>>-ի կատարմամբ հիացրեց ներկաներին։

Օրն ամփոփեց առաջնորդ , գերաշնորհ Տ․ Հովնան արք․ Տերտերյանը, ընդգծելով, որ եթե պահը մեկ բառակապակցությամբ փորձենք բնորոշել, կլինի․ <<Խոնարհություն պարտադրող երեկո էր>>, ապա Սրբազանը նշեց, որ ողջ օրվա ընթացքում առիթ է ունեցել մտքով տեղափոխվելումինչև մանկություն, վերալիցքավորվել և վերանորոգվել Քրիստոսով։ <<Կյանքը մշտական գողգոթա է, չպետք է ընկրկել, այլ պետք է շարունակել պայքարել և այդտեղ գտնել ինքներս մեզ, ուր որոշակի կարևոր է նաև քահանայի արժեքը և առաքելությունը>>։

Հագեցած օրը խորհրդանշական ձևով ավարտվեց թեմի ամենաերիտասարդ հոգևորականի՝ արժանապատիվ Տ․ Նժդեհ քահանա Քեշիշյանի <<Պահպանիչ>> աղոթքով։


Թղթակից

Comments


bottom of page