Ամենայն հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձը Հ1-ով հեռարձակելն ավանդույթ էր, որ գոյություն ուներ դեռեւս Վազգեն Առաջին Վեհափառի ժամանակներից: Այդ ավանդույթից հրաժարվելը ներկայիս իշխանությունների նեղմտության արտահայտությունն է: Երբ մտածողության մակարդակը սահմանափակվում է մանր, գավառական վրեժխնդրությամբ, չի բարձրանում պետական եւ, առավել եւս, միջազգային մակարդակի, դա, անշուշտ, տխուր երեւույթ է:
Ավտորիտար երկրներում բոլոր պետական որոշումներն ընդունվում են առաջին դեմքի եթե ոչ հրահանգով, ապա հաստատ՝ նրա նախասիրությունները եւ քմահաճույքները հաշվի առնելով: Առավել եւս այսօրվա Հայաստանում միանգամայն իրական եմ համարում, որ վարչապետն անձամբ հրամայում է միջոցներ ձեռնարկել ոչ միայն իրեն դուր չեկած ելույթի կամ մամուլի հրապարակման, այլեւ ֆեյսբուքյան «ստատուսի», մեկնաբանության կամ «լայքի» հեղինակի դեմ: Հետեւաբար, կարելի է ենթադրել, թե որտեղից է գալիս հրահանգը, որ Փաշինյանի չհավանած հոգեւորականի ելույթը չհայտնվի իր՝ վարչապետի ամանորյա ուղերձի կողքին եւ չունենա նույն հեռուստատեսային լսարանը:
Բայց վստահ եմ, որ այդտեղ կա նաեւ սկզբունքային խնդիր: Մայր Աթոռի կամ ընդհանրապես Հայ առաքելական եկեղեցու հետ իշխանությունների թշնամանալը ամենաանխոհեմ բանն է, որն այս վիճակում կարելի էր անել: Հաշվի չի առնվում, թե ինչ դեր է խաղում մեր եկեղեցին Սփյուռքում: Իշխանության դեմարշին արդեն իսկ արձագանքել է «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանը: Իսկ առանց համազգային ջանքերի հնարավոր չէ ամրապնդել մեր պետականության՝ այս 3-5 տարվա ընթացքում խարխլված հիմքերը:
Ես վստահ եմ, որ ՀԱԵ-ն պետք է համախմբող դեր խաղա նաեւ Հայաստանի ներսում, հասարակական համերաշխության առումով՝ մի բան, որը ես, խոստովանեմ, մի քանի տարի առաջ չէի հասկանում: Քաղաքականությունը, տնտեսական գործունեությունը, իրավական համակարգը, կրթությունը, մշակույթը, բոլոր մնացած ոլորտները պետք է դրվեն «էթոսի», էթիկական հիմքերի վրա: Իսկ այդ հիմքը մեզ տալիս է նախեւառաջ 1700 -ամյա ավանդույթը՝ Գրիգոր Լուսավորիչից եւ Մեսրոպ Մաշտոցից սկսած: Այստեղ հեծանիվ հորինելու կարիք չկա:
Իհարկե, մեր եկեղեցին էլ պետք է փոխվի, համապատասխանի ժամանակակից պահանջներին, հոգեւորականների մտածողությունը նույնպես մակարդակի բարձրացման կարիք ունի: Խնդիրը, ինչպես ասում են, ինստիտուցիոնալ է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Comments