Հայ Առաքելական Ս․ Եկեղեցու տոնացույցի համաձայն Զատիկին նախորդող կիրակի նշվում է Ծաղկազարդը՝ Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ ամենյան հայոց կաթողիկոսի օրհնությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությու՜ն, Դավթի որդուն» (Մատթ. 21:15): Վերջին տարիներին այդ օրը հայոց բոլոր եկեղեցիներում կատարվում է մանուկների օրհնության կարգ:
Օրվա խորհրդին ընդառաջ, 2023 թ․-ի ապրիլի 2-ին, Գլենդելի սրտում՝ Վերդուգո այգում, տեղի է ունենալու աննախադեպ, իր տեսակի մեջ եզակի մանկական փառատոն։ Նպատակը հայկական մշակութային կյանքի վերազարթոնքն է, ինչպես նաև հայոց սրբազան ավանդությունների պահպանումն ու մատաղ սերնդին փոխանցելը։ Փառատոնը մեկնարկելու է կեսօրվա ժամը 12-ից մինչև երեկոյան 6-ը։ Ամբողջ օրվա ընթացքում տեղի են ունենալու երգ ու պար, մանկական ու մարզական ներկայացումներ։ Ներկաները մասնակիցն են դառնալու Կենաց ծառի ձևավորմանը, ճաշակելու են համեղ, ազգային կերակուրներ։ Երեխաների համար կազմակերպվելու են խաղեր, զվարճանքներ և այլն։ Ողջ ընթացքում ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ, բարձրաշնորհ Տ․ Հովնան արք․ Տերտերյանի օրհնությամբ երեխաներին այցելելու են հոգևորակաները, որպեսզի տարբեր ժամերի կատարվի նաև մանուկների օրհնության հատուկ կարգ՝ ակնկալելով, որ Ամենակարող Աստված մեր զավակներին շնորհի կատարյալ առողջություն, երջանկություն, իսկ աշխարհին՝ սեր ու խաղաղություն։
Աստվածահաճո այս նախաձեռնությանն իրենց մասնակցությունն են բերելու հայկական դպրոցները, մարզական ու մշակությաին բազմաթիվ խմբեր, իսկ մեր համայնքին մնում է ակտիվորեն մասնակցել, ինչպես նաև բարոյական ու նյութական աջակցություն ցուցաբերել կազմակերպիչ հանձնախմբին, որպեսզի նմանօրինակ ձեռնարկները լինեն շարունակական։
Մուտքն անվճար է, ներկաներին սպավում է բազմաթիվ հաճելի անակնկալներ։ Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել փառատոնի վեբ կայք՝ https://www.armeniankidsfestival.com/ ։
Թղթակից
ความคิดเห็น