ԳՐԱԿԱՆ ՔԱՆԴԱԿՆԵՐ
(Ա .) ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ ՀՕՐՍ՝ ՅԱԿՈԲ ԱՆԱՍԵԱՆԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ
… Բոլոր հայրերն են երազում իրենց որդիների մէջ տեսնել իրենց: Իսկ նրանք՝ այդ որդիները, ինչպէս Ուիլեամ Սարոյեանն է ասում <<Շատ են նման իրենց հօրը եւ միեւնոյն ժամանակ շատ են տարբեր>>: <<Ամա՜ն, յանկարծ իր հօրը չքաշի>>, <<երանի հօր նման լինի>>: Սովորական դարձած այս արտայայտութիւնների մէջ ես ունեմ իմը՝ <<Տա Աստուած, որ ամէն մարդ իր հօր նման լինի>>: - Ի՞նչ է սա,- ինքնահաստատո՞ւմ, փառասիրութի՞ւն,- բնա՞ւ երբեք: Ամէն մարդ, գոնէ իր մտքի մէջ գիտի, թէ ո՞րքանով է նման իր հօրը: - Ես էլ գիտեմ…, միայն կ՞ուզէի իրեն հարցնել. - Հայրի՜կ, քո պտուղը քո ծառից հեռո՞ւ է ընկել. Թէ՞ ոչ…: Իսկ հայրս, վստահ եմ, կ՚ ասի. - Դու միշտ իմ ծառի տակ ես տղաս, եւ, ինձ նման՝ ոչ փառասէր:
Նորից չեն սիրում, սիրում են կրկին… ՊԱՐՈՅՐ ՍԵՒԱԿ
… Ասում են՝ սէրը թուաբանութիւն չունի, որովհետեւ միայն ՄԷԿ-ով թուաբանութիւն չի լինի: Ուրեմն՝ պէտք է ունենալ մէ՞կ, միայն մէկ սէր: - Օ՜հ, որքան եմ ատում ես այդ <<ՄԷԿ>>-ը: Իսկ իրական կեանքում քի՞չ կան արդեօք <<ՄԷԿ>>-ի գերիներ: Ահա՝ խնդրեմ. - Մարդիկ, որոնք իրենց ողջ կեանքում միայն մէկ գիրք են կարդացել, թէեւ նրանց անձնական գրադարանը պայթում է հազուագիւտ գրքերի առատութիւնից: Հապա նրա՜նք, որոնք մշտապէս գործել են միայն <<ՄԷԿ>>-ի թելադրանքով, ունեցել միայն ՄԷԿ երազ: - Չէ՜, ախպեր, ես չսիրեցի այդ <<ՄԷԿ>>-ը, մանաւանդ նրանց, որոնք միայն <<ՄԷԿ>>-ին են սիրել…, եւ…ի՞նչպէս են նրանք մէկ օր ապրում առանց <<ՄԷԿ>>-ի: Ուրեմն՝ սիրել մէկին՝ չի նշանակում սիրել մէկ անգամ… - Սիրել մէկին, մէկի՜ն, կրկի՜ն ու կրկին:
Ծառերը կանգնած են մահանում
Ա. ԿԱՍՈՆԱ
<<…Մենք բոլորս, բոլորս ալ մինչեւ հիմա որբ ենք>>,- մահուանից տասը տարի առաջ ասել է Ուիլեամ Սարոյեանը, իսկ մահուան անկողնում՝ <<Ամէն մարդ պիտի մեռնի, բայց ես կը հաւատայի, որ իմ պարագաս բացառութիւն պիտի ըլլար>>: Զարմանալի է, զարմանալի՜…: Ի՞նչպէս է, որ ոգեղէն ոգի Սարոյեանը չի իմացել, որ Իր պարագան բացառիկ լինելու պարագային անգամ մահուան անկողինը հաւասար է բոլոր մահկանացուների համար: Հաւանաբար նա մոռացել է, որ իր նմանները չեն մահանում, աշխահին <<Բարեւ>> ասող մարդիկ մնում են, մնո՜ւմ միշտ, միշտ եւ ամէնուր: Անդադար հնչում է նրանց <<Բարեւ>>-ը, բա…րե՜ւ … Եթէ մեռնում էլ են՝ միայն ծառերի նման՝ կանգնած, հազարամեայ ծառերի պէս, որոնց թիւը մատների վրայ կարելի է հաշուել: Մարդիկ դրանք պահում են, խնամում, հոգ տանում դրանց, խնամում՝ մարդկութեանը ցոյց տալու դրանց երկարակեցութիւնը, դրանց ուժը, մեծութիւնն ու հարատեւութիւնը: - Այո, որբ էր Սարոյեանը, որբ իր հայրենիքի եւ սփիւռքի նման: Սարոյեանի ծառը աճեց մեծացաւ, կանգուն մնաց օտար հողում ու մնաց աշխարհի հրաշալիքների ցուցակում: Իսկ որքա՜ն լաւ կը լինէր, եթէ այդ երկնաքեր կանգուն մնացած ծառը ծնուած, սնուած, մեծացած լինէր իր Մայր հողում: - Արդեո՞ք այդ ծառի բունը էլ աւելի հաստ չէր լինի…:
Սիրել նշանակում է նայել ոչ թէ մէկը միւսին, այլ միասին նայել միեւնոյն ուղղութեամբ: Ա. ՍԷՆԹ- ԷՔԶԻՒՊԵՐԻ Անցեալ դարի 50-ականի կէսերին չորս ընկերներով յաճախ էինք ամառուայ շոգ օրերն անցկացնում Պուշկինի անուան այգում (ներկայիս՝ Բարեկամութեան այգի): Մի օր, առաւօտեան առաջինը յայտնուեցի այգում, ուր, այդ ժամին գրեթէ մարդ չկար: Նկատեցի հեռւում, մի ծառի հենուած երիտասարդ զոյգի, որն աշխարհն ու միջավայրը մոռացած խելահեղօրէն համբուրւում են: Այդ օրուանից որոշ ժամանակ անց մենք հասկացանք, որ նրանք խելագարի պէս սիրում են միմեանց: Սկզբում ձեռք-ձեռքի բռնած վազում էին այգու նորաբաց ծառուզիներով ու հատուկէնտ ծառերի միջով: Յետոյ մի փոքր ծառի բնին դաջեցին իրենց անունների սկզբնա¬տառերը: Ժամանակի ընթացքում վերացաւ այգու ցանցառութիւնը: Հիմա արդէն կարելի էր յենուել իրենց ծառին ու… ու մի կո՜ւշտ համբուրուել: Յետոյ, տարիներ անց, նրանք արդէն թեւ-թեւի մտած էին շրջում ծանօթ այգու, ծանօթ ծառուղիներով, կանգնում էին իրենց ծառի առջեւ ու փորձում կարդալ դաջուած սկզբնատառերը, բայց աւա՜ղ՝ դժուարանունմ էին: Ծառի կեղեւը ժամանակի ընթացքում հաստացել ու գրեթէ ամբողջովին ծածկել էր իրենց անունները: …Մի քանի օր առաջ դարձեալ տեսայ արդէն բաւական տարիք առած այդ զոյգին հայկական նպարատանը: Այս անգամ թեւանցուկ արած, որպէսզի չ՚ընկնեն: Վաղո՜ւց անցել է երիտասարդութիւնը: Հաւանաբար զաւակների, թոռների տէր են: Մի քանի երկվայրկեան մտածեցի մօտենալ ծերունազարդ զոյգին ու հարցնել, յիշո՞ւմ են արդեօք հին Երեւանը, իրենց երիտասարդութիւնը, Բարեկամութեան այգին, իրենց ծառը, որի վրայից վաղո՜ւց անհետացել են իրենք: Մի բան էլ կուզէի հարցնել,- այստեղ, Լոս Անջելէսում, որեւէ տեղ թողե՞լ են իրենց անունները… Եթէ ասեն՝ ոչ, հոգ չէ, կը թողնեն որեւէ գերեզմանոցի մետաղեայ սալիկի վրայ:
Comments