top of page

Դաշնակցության առաջացման պատմական պայմանները և նրա բնութագիրը. Գարեգին Նժդեհ


1. XIX դարի երկրորդ կեսերին արեւմտահայերն ապրեցին իրենց պատմության առավել տագնապալից ժամանակաշրջանը: Լինելով դատապարտված պարբերաբար ստրկացման, բռնի մահմեդականացման եւ ֆիզիկական ոչնչացման` նրանք վերածվել էին անպաշտպան եւ անօգնական ստրուկների, որոնց հրեշավոր սուլթանականությունը զրկել էր ապրելու տարրական իրավունքներից, ունեցվածքից ու մարդկային արժանապատվությունից:

Եվրոպան ու քաղաքակիրթ մարդկությունը ոչ միայն ոչ մի օգնություն չցուցաբերեցին, այլեւ նույնիսկ հանդես չեկան բարոյական վրդովմունքի սովորական արտահայտություններով:

Այսպիսի քաղաքական իրադրությունում հայերին մնում էր երկուսից մեկը. կա՛մ հարմարվել` գոյատեւելու համար, կա՛մ ապստամբել: Նրանք ընտրեցին վերջին ճանապարհը: Հայերը նույնպես ստիպված եղան գնալ հեղափոխական ուղիով, որով մոտ անցյալում գնացել էին թուրքական լծի դառնությունը ճաշակած բոլոր ժողովուրդները:

Այդ ժամանակահատվածում գերիշխում էր «աշխարհին ղեկավարում է կարծիքը» տեսակետը:

Այդ ժամանակվա Եվրոպան ազատության ձգտող ժողովուրդներից պահանջում էր «հավելյալ արյուն»` միակ ապացույցը նրա, որ տվյալ ժողովուրդն արժանի է ավելի լավ ճակատագրի: Եվ հայ ժողովուրդը կտրեց իր զարկերակը: Սկսվեց հայ ազատագրական շարժումը` որպես պատմական պահի պահանջ:

2. Արեւմտահայերի հեղափոխական շարժմանը շուտով միացավ ռուսահայերի համալսարանական ուսանողությունը: Անցած դարի 90-ական թվականներին առաջացավ Դաշնակցություն կուսակցությունը. այն ստեղծեցին Քրիստափոր Միքայելյանը, Ռոստոմ Զորյանը եւ Սիմոն Զավարյանը: Նրանք սկզբում ուզում էին իրականացնել Դաշնակցության հեղափոխական նախորդների` արմենականների ու հնչակյանների համատեղ գոյակցությունը, որոնց գործունեությունը կրում էր անջատ բնույթ: Նրանք փորձեցին ստեղծել հայ ժողովրդի` գոյություն ունեցող բոլոր ազատագրական ուժերի միություն: Սակայն, դա չհաջողվեց, եւ, այդպիսով, Դաշնակցությունը, փոխարեն դառնալու հայ հեղափոխականների դաշնակցություն (միություն), մնաց որպես հայ հեղափոխական դաշնակցություն:

Իր գոյության սկզբում այս կազմակերպությունը բնույթով առավելապես հեղափոխական, մարտական եւ ազգային էր: Այդպիսին նա մնաց մինչ 1907թ.: Նրա ծրագրային խնդիրները որքան համեստ էին, այնքան եւ հասկանալի` արեւմտահայերի կյանքի, ունեցվածքի ու պատվի ապահովում. այլ կերպ ասած` բարենորոգումներ:

Նա որպես մարտավարական զենք ընդունեց հայդուկային հարձակումները, ահաբեկչությունը եւ քարոզչությունը: Առավել գործող էր նրա ահաբեկչական զենքը: Կարճ ժամանակում նա իր ակտիվում ունեցավ որոշ արգասավոր արդյունքներ. օրինակ` Օտոմանյան բանկի գրավումը Ստամբուլում, Խանասորի արշավանքը, սուլթան Աբդուլ Համիդի վրա մահափորձը եւ այլն:

«Հայկական պայքարը ցնցել է Եվրոպայի հասարակական կարծիքը»,գրում էին ֆրանսիական թերթերը սուլթանի դեմ մահափորձի առթիվ:

Դաշնակցությունը վճռականորեն հանդես եկավ նաեւ այն օրերին, երբ ցարական կառավարությունը պատրաստվում էր բռնագրավել եկեղեցական ունեցվածքը: Նա փրկիչ դեր խաղաց հայ-թաթարական ընդհարումների ժամանակ, երբ ցարիզմը ազգամիջյան երկպառակություններ հրահրելով` փորձում էր անդրկովկասյան աշխատավորական զանգվածներին հեռու պահել մոտեցող ռուսական հեղափոխության մասնակցությունից:

Հեղափոխական հայդուկը կոփվեց հեղափոխական պայքարում ու դարձավ անձնվիրության եւ անձնազոհության մարմնավորում: Առաջին շրջանի հայդուկներին կարելի է դնել մեր դասական հայրենասերների կողքին` չմեղանչելով մեր հերոսական անցյալի դեմ:

Ոչ պակաս հեղինակություն էին վայելում հայ մտավորական հեղափոխականները` ժողովրդի վիշտը կիսող նրա զավակները: Նրանց, ինչպես նաեւ հայդուկների համար ազգային գործը սուրբ էր, որին ծառայելը նրանք համարում էին պարտք ու պատիվ:

Իր առաջին շրջանի ժողովրդականության ու հերոսականության համար Դաշնակցությունը պարտական էր հենց այդ երկու կարգի հեղափոխականներին, որոնց առկայությունը պայմանավորված էր Դաշնակցության հիմնադիրների բնութագրերի արտակարգ բարոյականությամբ: Նրանք իրականում մեծություններ էին` հայտնի իրենց կենցաղի համարյա զինվորական խստությամբ, ուղիղ նայում էին վտանգի աչքերին, վայելում անվիճելի հեղինակություն: Նրանց համար գերագույն օրենք էր անձնազոհությունը: Նրանք բոլորն էլ չունեին անձնական կյանք եւ մահացան վտանգներով լի հեղափոխական պայքարի դիրքերում:

Անհնարին է զուգահեռներ անցկացնել Դաշնակցության սկզբնական եւ այժմյան ղեկավարների, այն ժամանակվա հայդուկների ու հետո եկած մաուզերիստների միջեւ` առանց հիանալու առաջիններով եւ` խորապես նողկալու վերջիններից: Իսկապես, ի՞նչ համեմատություն կարող է լինել Նիկոլ Դումանի եւ ավազակ Դրոյի, լեգենդար Սերոբի ու մորթապաշտ Տեր-Մինասյանի (Ռուբեն փաշա) միջեւ:

3. Սակայն, կուսակցության հիմնադիրների մահը եւ բարձրագույն կուսակցական մտավորականության` տեսաբանների ու ղեկավարների ոչնչացումը (հայոց մեծ ողբերգության օրերին` Ստամբուլում եւ Թուրքահայաստանում) հոգեպես գլխատեցին Դաշնակցությանը, որն անճանաչելիության աստիճան այլասերվեց:

Նոր ղեկավարության հոգեւոր աղքատությունը շուտով իր կնիքը դրեց Դաշնակցության դեմքին ու գործունեությանը: Լինելով փոքր տրամաչափի բարոյական մարդիկ` նոր ղեկավարները եղան անարժան ու անհավատարիմ իրենց առաջնորդներին, որոնց համար կյանքի հիմնական սկզբունքը, ինչպես պատմական անցյալում, այնպես էլ իրենց ապրած օրերին, եղավ գաղափարների սրբությունը, որին նվիրեցին իրենց եւ հենց այդ վեհ գաղափարներով էլ ձեռնամուխ եղան հայ ազատագրական շարժմանը:

Նոր ղեկավարները հեղափոխական շարժումն առաջնորդելու իրենց անկարողությանն ավելացրին նաեւ կեղծ բարեպաշտական (երկերեսանության) հոգեբանությունը, որի հետեւանքով Դաշնակցությունում այլեւս հմուտ ղեկավարություն երեւան չեկավ: Նրա բյուրոն ոչ մի անգամ չկանգնեց պահի բարձունքին: Գաղափարական առաջնորդների գործի շարունակողները դարձան միջակ շեֆերը:

Դաշնակցությունը դարձավ «շեֆական» կուսակցություն, եւ, քանի որ «շեֆականությունը», հայտնի հոգեբանական օրենքների համաձայն, միշտ հանգեցնում է «թայֆականության», դրանով Դաշնակցությունը կորցրեց իր գաղափարական եւ կազմակերպական միասնությունն ու միաձույլ բնութագիրը: Միասնական Դաշնակցությունը դադարեց գոյություն ունենալ. առաջացան Դաշնակցություններ, տեղի ունեցավ խորը պառակտում:

«Շեֆականությունը» միշտ ուղեկցվում է կարիերիզմով, շահամոլությամբ ու մանրոգիությամբ: «Շեֆականությունն» անկարող է գաղափարին տրվել ամբողջությամբ, անկարող է առաջացնել խանդավառություն, առանց որի անհնար է որեւէ հեղափոխական գործ, նա թշնամին է տեսական խղճմտանքի. բնորոշ գծեր, որոնց բացակայության դեպքում ղեկավարությունը վերածվում է լոկ ղեկավարության ծաղրանկարի: Այդպիսին դարձավ Դաշնակցությունն իր հիմնադիրների մահից հետո, այդպիսին նա դարձավ Հայաստանի Հանրապետության ժամանակ, այդպիսին է այժմ, երբ արդեն չի արդարացնում իր հեղափոխական, մարտական ու ազգային ատրիբուտներից եւ ոչ մեկը:

4. Զրկված լինելով պատմափիլիսոփայորեն հիմնավորված աշխարհայացքից` դաշնակցական ղեկավարությունը չհասկացավ պատմական երեւույթների դիալեկտիկան, չհասկացավ հասարակական օրենքների օրինաչափությունը, որպեսզի գործի համապատասխանորեն: Նա տրվեց պատահականություններին եւ գործեց իրականությունից կտրված` առանց հաշվի առնելու տեղի ու պահի կոնկրետ պայմանները:

1907թ. նա որդեգրեց սոցիալիզմը, որը ոչ միայն ուտոպիա էր, այլեւ պետք է կրեր լոկ քարոզչական բնույթ: Դաշնակցական սոցիալիզմը չդարձավ կենդանի գործ, քանի որ դրա համար պակասում էր անհրաժեշտ (համապատասխան) իրավիճակը:

Այն չէր բխում մեր սոցիալական միջավայրից եւ, դառնալով սոցիալական քվիետիզմ ( անտարբեր եւ հայեցողական վերաբերմունք իրականության հանդեպ — խմբ.), ծառայեց միայն որպես հարմար թեմա նշանավոր արեւմտահայ գրող, երգիծաբան Երվանդ Օտյանի այրիչ երգիծանքի համար: Դաշնակցության գաղափարական զգեստափոխումը, նրա «սալոնային» սոցիալիզմը ոչ մի օգուտ չբերեցին հայ աշխատավորին, բայց մեծ չարիք պատճառեցին հայ ազատագրական պայքարին:

Հայկական կուսակցությունների քաղաքական պայքարը խորապես պառակտեց հայ ժողովրդին` թուլացնելով նրա դիմադրական ուժն այն պահին, երբ, Թուրքիայում տեղի ունեցող հեղափոխական իրադարձություններին համապատասխան, հայությունից պահանջվում էր լինել համերաշխ, միակուռ, ընդունակ ինքնապաշտպանության: Հայության ակտիվ տարրերը, ի ուրախություն մեր արտաքին թշնամիների, այդ օրերին, երբ սուլթանական բռնակալության դեմ պայքարող Երկրի հայերը նրանց աղաչում էին ուղարկել ղեկավար ուժեր ու զինամթերք, իրենց ժամանակը եւ ուժը վատնում էին ներքին ճակատում: Բռնկված ներքին հակամարտությամբ` նրանք թշնամուն հնարավորություն ընձեռեցին անզիջում եւ անպատիժ շարունակել հայերի ոչնչացման քաղաքականությունը: Կովկասի հայերը պայքարող թուրքահայերի համար պիտի հանդիսանային որպես պահուստային ուժ եւ քաղաքական թիկունք: Փոխարեն էլ ավելի ամրապնդելու իր թիկունքը եւ առավելագույնս օգտագործելու այն, Դաշնակցությունը բարձրացրեց սոցիալիզմի դրոշը եւ դրանով զգալիորեն բարդացրեց Երկիր մարտական ուժեր ու զենք առաքելու կենսապես անհրաժեշտ գործը:

Սուլթանականության դեմ հանդես գալով հեղափոխական պայքարով` Դաշնակցությունը, միաժամանակ, պիտի ջանար թեկուզ ապահովել հայ բուրժուազիայի տրամադրած նյութական օգնության առաքումը:Հայկական կուսակցությունների ներքին գզվռտոցն ու Դաշնակցության սոցիալիզմն այն դարձրին անհնարին:

Հեղափոխությունը եւ հեղափոխական պայքարը չեն հանդիսանում լոկ քարոզչության նյութ. նրանք նախապատրաստվում են: Իսկ Դաշնակցությունը չէր նախապատրաստել պայքարը: Մի խոսքով, Դաշնակցությունը կոպտորեն մեղանչեց հեղափոխական ռազմավարության տարրական պահանջների դեմ: Մինչ պայքարի սկսվելը, նա չկարողացավ կազմակերպել այն հոգեբանորեն, քաղաքականապես եւ նյութապես: Այդ պատճառով էլ Թուրքահայաստանում հեղափոխական կռիվները եղան ողբերգականորեն հերոսական, բայց քիչ արդյունավետ:

5. Ինչպես Դաշնակցության աշխարհայացքը, այնպես էլ` նրա քաղաքականությունը միշտ տառապել են հակասություններից, բայց առավել աղաղակող հակասությունը մնում է այն հանգամանքը, որ նա, նույնիսկ սոցիալիզմի որդեգրումից հետո, հայկական հարցի լուծման համար (ինչպես ժամանակին Գրիգոր Արծրունին եւ մշակականները) լծվեց եվրոպական իմպերիալիզմի կառքին:

Սպասվում էր, որ Դաշնակցության ղեկավարությունը, իր անհաջողություններից հետո, էմիգրացիայում հանգամանորեն կվերանայի սեփական գործունեության ակտիվն ու պասիվը: Այո, դա սպասվում էր, բայց տեղի չունեցավ, չնայած բոլորը ազգային, հասարակական կազմակերպությունները, որ ունեն պատասխանատվության զգացում, հետագա սխալներից եւ աղետներից խուսափելու համար վերլուծում են իրենց գործունեության անցած ուղին: Ցավոք սրտի, դաշնակցական ղեկավարությանը միշտ չի հերիքել պատասխանատվության զգացումը: Այդ պատճառով էլ նրա սխալները ընդունեցին ազգային աղետի չափեր: Դաշնակցական համագումարները զբաղվում էին չնչին հարցերով, բայց ոչ կուսակցության գործունեության բնույթի վերանայմամբ: Դաշնակցական մտավորական երիտասարդության որոշ ռեւիզիոնիստական փորձեր մնացին անարդյունք:

Փորձեր արվեցին ճշտել պատասխանատվությունը 1915թ. Տարոնում (Մուշ), 1920թ. Նախիջեւանում եւ Շուշիում հայերի կոտորածների ու Ղարսի խայտառակության համար: Դեռ Հայաստանում դաշնակցական իշխանության ժամանակ փորձեր արվեցին հայտնաբերել ու պատժել ներքին գործերի նախարար Կարճիկյանի (որն այդ օրերին ջանում էր սանձահարել մաուզերիստներին) սպանողներին, հատկապես` սպանության ոգեշնչողին:

Հարցեր հարուցվեցին պարսկական հեղափոխական շարժման առաջնորդ Եփրեմ-Խանի եւ Տարոնի լեգենդար հերոս Գեւորգ Չաուշի սպանությունների վերաբերյալ: Սակայն, այդ փորձերը դաշնակցության ղեկավարության կողմից խեղդվեցին իրենց սաղմնային վիճակում: Դաշնակցական բյուրոն, իրենից բացի, ոչ մի դատական ատյան չի ճանաչում եւ դաժանորեն հետապնդում է բոլոր նրանց, ովքեր հայրենասիրական մտահոգություններից դրդված` պատասխանատվության մասին որեւէ հարց են հարուցում: Դաշնակցությունում պարբերաբար ծագող բոլոր ներքին խռովությունները` Վարդ Պատրիկյանի եւ Սաֆոյի հակակուսակցական ելույթները 1906-1907թթ. Բալկաններում, միհրանական շարժումը 1908թ. Թիֆլիսում, Լեւոն Աթաբեկյանի անջատողական շարժումը 1909թ. Բաքվում, Անդրանիկի ու Սմբատի շարժումները 1917թ. Թիֆլիսում, Ֆերահյանի եւ Շահան Նաթալիի շարժումները, մարտկոցականների խռովությունը, նույնը Նիկոլ Աղբալյանի եւ Լեւոն Շանթի գլխավորությամբ` 1936-1937թթ. Սիրիայում, վերջապես, իմ կողմից սկսած շարժումը 1937թ. Բուլղարիայում. այս բոլորը հայրենասիրական եւ հեղափոխական գիտակցության դրսեւորումներ են: Իսկ որոշ դեմքեր, հանդիսանալով ազգային աղետների պատճառ, շնորհիվ դաշնակցական կուսակցությանն իրենց պատկանելությանը, ոչ միայն մինչ այժմ մնացել են անպատիժ, այլեւ շարունակում են զբաղեցնել կուսակցական ղեկավար պաշտոններ:

Հակառակ իր ֆորմալիզմին եւ ցուցադրական դեմոկրատիզմին, դաշնակցական ղեկավարությունը չի հանդուրժում կուսակցական ընկերների քննադատությունը: Սակայն, ստեղծարար քննադատության փոխարեն, ղեկավար շրջանակներում հրեշավոր չափերի հասան խարդավանքները, բանսարկությունները, թայֆականությունը:

Աննկարագրելի անհանդուրժողական ու սառն են հարաբերությունները Բյուրոյի անդամների միջեւ, երբ խոսքը գնում է խառը բյուրոյի մասին, երբ նրա կազմում գտնվում են երկու ճամբարների ղեկավարները: Այս դեպքում ներքին հակամարտությունը միանգամայն կաթվածահար է անում բյուրոյի աշխատանքը: Հենց այդպիսի պատկեր էր ներկայացնում Դաշնակցությունը մինչ Փարիզի 12-րդ կուսհամագումարը, որտեղ ընտրվեց միասնական բյուրո: Այժմ Դաշնակցության գերագույն մարմինը նորից հանդիսանում է երկճամբարային: Նրանում մասնակցում է Դրոն` որպես Սիմոն Վրացյանի խմբի ներկայացուցիչ: Ռուբեն Տեր-Մինասյանի բյուրոն ատում է Դրոյին: Դոկտոր Օհանջանյանի ու Նավասարդյանի աչքերում Դրոն «գյադայի» տիպար է` ընդունակ ցանկացած հանցագործության: Տեր-Մինասյանն ինձ ուղղած մի նամակում Դրոյին անվանել է «հայ ժողովրդի դավաճան», որն «իր կամավորական հարձակումներով հարուցեց հայ ժողովրդի սպանդը Թուրքիայում»:

Չնայած դրան, Տեր-Մինասյանի բյուրոն 1938թ. Դրոյին ընդգրկեց բյուրոյի կազմում` Վրացյանի լռությունը «գնելու» համար, որն իր կողմից խմբագրվող «Վեմ» ամսագրում առաջ էր քաշել Տարոնում (Մուշ) հայերի կոտորածի հարցը: Փաստորեն, Տեր-Մինասյանը, տվյալ դեպքում, Դրոյի նկատմամբ իրեն պահեց ճիշտ այնպես, ինչպես 1919թ. վերջին, երբ հարկ եղավ իր համար ապահովել ռազմական նախարարի պաշտոնը, որին ձգտում էր նաեւ Դրոն: Այդ օրերին Դրոյին Երեւանից հեռացնելու լավագույն միջոց համարվեց մուսավաթական Ադրբեջանի դեմ ապստամբություն կազմակերպելու առաքելությամբ նրան Լեռնային Ղարաբաղ ուղարկելը:

Հետեւանքները մեզ հայտնի են. մուսավաթական ուժերի կողմից կատարված հայերի սպանդը Շուշիում եւ երկու տասնյակից ավելի հայկական բնակավայրերում: Բոլորը վրդովված էին Դրոյից, ղարաբաղցիները պահանջում էին դատի տալ նրան, իսկ Դրոն անվրդով շարունակում էր «քեֆ անել Երեւանի այգիներում»: Եվ այսպես, Տեր-Մինասյանը ղարաբաղյան ժողովրդի արյան գնով դարձավ նախարար: Այս դեպքում նույնպես, որպեսզի Տեր-Մինասյանը շարունակի հանգիստ նստել Բյուրոյի իր պաշտոնում, Դրոյին հնարավորություն ընձեռվեց մեր ժողովրդին նետելու նոր արհավիրքների գիրկը:

Վերջին համաշխարհային պատերազմի օրերին Դրոն պակաս ակտիվ կլիներ, եթե չլիներ Բյուրոյի անդամ: Այդ մասին գիտեին նրանք, ովքեր մտցրել էին Դրոյին Բյուրոյի կազմի մեջ. նրանք գիտեին, որ Դրոն հեշտությամբ կարող է հասնել մինչեւ հայրենիքի դավաճանության: Այնուամենայնիվ, նրանք Բյուրոյում Դրոյին տեղ տվեցին, որպեսզի Սիմոն Վրացյանը լրիվ չբարձրացնի Տարոնում հայերի ջարդի պատճառների քողը, որի տակ թաքնվում է Տեր-Մինասյանը:

6. Սպասվում էր նաեւ, որ Դաշնակցությունն էմիգրացիայում կվերանայի իր աշխարհայացքն ու գործունեության մեթոդները` հարմարեցնելով դրանք մեր ժամանակի ոգուն եւ մեր ազգային գոյատեւման իրական պայմաններին: Բայց այստեղ էլ չիրականացան նրանց հույսերը, ովքեր տառապում էին հայ կյանքի դատարկությունից եւ անդեմությունից:

Փոխարեն իրենց մտածողության ու գործունեության մեջ մի փոքր գիտակցություն դնելու, պարզություն մտցնելու կուսակցության գաղափարական կերպարանքում, Բյուրոյի գործավար (քարտուղար) ՏերՄինասյանը մի սվաղ եւս քաշեց կուսակցության աշխարհայացքի վրա: 1935թ. լույս ընծայվեց նրա «Հ.Յ.Դ. կազմակերպությունը» բրոշյուրը: Այդ բրոշյուրից տպավորություն է ստացվում, թե հեղինակը հանդիսանում է Դաշնակցության երդվյալ թշնամին, եւ որ ինքը որոշել է բարոյապես այլանդակել, մեռցնել Դաշնակցությունը: Հաստատելով, որ չի ունեցել տեսաբաններ եւ այժմ էլ չի զգում նրանց կարիքը, որ Դաշնակցության ծրագրում տեղ են գտել տարբեր ուսմունքներ` սկսած մանր բուրժուականությունից մինչեւ կոմունիզմ` նա անում է անվերապահ հետեւություն. Դաշնակցության համար նշանակություն չունի ո՛չ բարոյականությունը, ո՛չ տեսական պատրաստվածությունը, ո՛չ կուսակցական ստաժը: Ո՞րն է արժեքավոր: «Կարգապահությունը»,- պատասխանում է Տեր-Մինասյանը: Իսկ ի՞նչ բան է կարգապահությունը. բոլոր դեպքերում` Տեր-Մինասյանը եւ նմանները պիտի մնան անպատիժ, իսկ շարքային անդամները` լռակյաց:

7. Էմիգրացիայում Դաշնակցությունն իր աշխարհայացքի անորոշության, քաղաքական անիրազեկության եւ պատասխանատվության զգացումի բացակայության հետեւանքով դարձել ու շարունակում է մնալ քայքայիչ եւ խորտակիչ ուժ:

Դաշնակցության առավել աններելի արարքների թվում հարկավոր է նշել քաղաքական սպանությունները, որոնք էլ ավելի պառակտեցին արտասահմանի հայերին:

Դաշնակցությունը, ինչպես նաեւ նրա քաղաքական հակառակորդները` հնչակներն ու ռամկավարները, անուղղակիորեն խթանում են հայերի, մասնավորապես, նրա երիտասարդ սերնդի ուծացումը: Իր մեջ պառակտված ժողովուրդն ավելի շատ ցուցաբերում է սեփական բնավորության բացասական գծերը, այդ պատճառով էլ դառնում ավելի վանող այն ժողովրդի աչքում, որի երկրում նա ժամանակավորապես ապաստանել է: Երբ օտարերկրացիների նկատմամբ ատելությունը դանում է գերիշխող երեւույթ, տարրական իմաստությունը եւ ազգային արժանապատվությունը հայ քաղաքական կուսակցություններից պահանջում են լինել առավել շրջահայաց:

Մեր ժողովուրդը ոչ միայն քաղաքականապես խաբված է, այլեւ բարոյապես զրպարտված Եվրոպայում եւ Ամերիկայում: Այդ պատճառով հայը պարտավոր պիտի լինի հանդես գալ որպես «ցեղորեն գիտակից էակ», այսինքն, ինչպես ասում է Մարքսը, «էակ, որը ցեղին (ժողովրդին) վերաբերվում է այնպես, ինչպես իր սեփական անձին»: Դա է պահանջվում կենսաբանորեն բարոյական ժողովրդից: Սեփական ինքնապաշտպանությունը դժվարեցնող ժողովուրդն արժանի է արհամարհանքի, արժանի է իր ճակատագրին` ինչքան էլ որ այն ծանր լինի: Այս տեսանկյունից` Դաշնակցությունը, որպես հզոր գաղութային կազմակերպություն, ունի ամենամեծ մեղքը: Այն, ինչն արտասահմանում կոչում են հայկական քարոզչություն, ոչ այլ ինչ է, քան գթասրտություն աղերսող լալկան նվնվոց, որն արտասահմանցիների մոտ առաջացնում է լոկ խղճահարություն եւ շարունակ աճող արհամարհանք: Դաշնակցական ղեկավարությունն իսկական քարոզչության մասին հասկացողություն չունի: Նա ցուցադրում է իր այժմյան հոգեւոր ցնցոտիքը` անվանելով այն քարոզչություն:

Նա չկարողացավ օգտագործել հայ ժողովրդի պոտենցիալ ուժը հեղափոխության շրջանում, քանզի չէր ճանաչում սեփական ժողովրդին, եւ այժմ ի վիճակի չէ տանել ազգային իրական արժեքների քարոզչությունը, որովհետեւ հիմնավոր չգիտի հայոց պատմությունը, այդ պատմության փիլիսոփայությունը:

Եթե նույնիսկ, վերջին քառորդ դարում, որեւէ եվրոպական լեզվով լույս է տեսել այս կամ այն հայամետ գիրքը, ապա հեղինակը արտասահմանցի է եղել:

Այսպես կոչված հայասեր քարոզչության համար Դաշնակցությունը ոչինչ չի արել: Ժամանակ չուներ: Նա զբաղված էր Անդրանիկին սեւացնելու անշնորհակալ գործով: Անդրանիկին վարկաբեկելու համար, Դաշնակցության պատվերով հրատարակվեց նրա դեմ ուղղված մոտ 1000 էջանոց երկհատոր աշխատություն: Ամբողջովին Անդրանիկին նվիրված Սեպուհի հուշերը հանդիսանում են այդ ազգային հերոսին իր փառքի բարձունքից տապալելու դատապարտելի փորձ: Հենց որ Անդրանիկը հեռացավ Դաշնակցությունից, միանգամից դարձվեց «հարբեցող», «անկիրթ», «վախկոտ», «այս կամ այն ճակատում իր մասնակցության համար նախօրոք սակարկող», «աննշան գործողությունների ճանապարհով մեծ դափնիներ քաղող» եւ այլն:

Բոլոր ջանքերը ներդրվեցին Անդրանիկին «զարդարելու» քաջնազարյան (դոնքիշոտյան) որակումներով, չգիտակցելով, որ դրանով իրականում ծիծաղում են հայ ազատագրական շարժման վրա, քանզի ժողովուրդն Անդրանիկին համարում է հայ ազատագրական պայքարի խորհրդանիշ:

Անկում են ապրում բոլոր այն ժողովուրդներն ու կուսակցությունները, որոնք թեթեւամտորեն են վերաբերվում սեփական հերոսականությանն ու հերոսներին: Այդ հոգեւոր վայրագությունը մեր երիտասարդ սերնդի վրա թողեց առավել քայքայիչ ազդեցություն:

1921թ., Զանգեզուրից իմ հեռանալու հաջորդ օրը, Արաքսի պարսկական ափին ես թույլ տվեցի «անտակտություն»` պատժելով երկու դաշնակցական նախարարների` Հակոբ Տեր-Հակոբյանին ու Եփրեմ Սարգսյանին, միաժամանակ եւ` Բյուրոյին փոխարինած Գերագույն մարմնի անդամներին: Այդ դեպքից մի քանի օր անց ես Ս. Վրացյանից ստացա նամակ, որում ասվում էր.

«Դու թո՛ղ քո այդ անդրանիկյան արարքները: Անդրանիկը պահում էր իրեն այնպես, ինչպես դու, իսկ այժմ անօգնական թափառում է Եվրոպայում: Կուսակցությունը որոշ հույսեր էր կապում քո անվան հետ: Լսիր քո հին ընկերներին, չլսես` քեզ համար վատ: Միայն գիտեմ, որ մարդիկ բարձրանում են մեծ դժվարությամբ, շատ տարիների ընթացքում, բայց ընկնում են մեկ վայրկյանում»:

Այսպիսով, ինձ հետ արդեն անշնորհակալ էին վերաբերվում, սպառնում սեւացնել մեկ ակնթարթում, գահընկեց անել, որովհետեւ ես մտրակով ծեծել էի երկու վախկոտի: Այո, ես հաշվի չէի առել, որ դաշնակցական ղեկավարները օգտվում են մի տեսակ արտոնյալ դիրքից եւ ազատ են ամեն կարգի պատասխանատվությունից:

Ինձ սպառնում էին Անդրանիկի ճակատագրով:

Վերը նշված նամակի ստացման օրը ես խորապես ափսոսացի, որ մտրակելու փոխարեն չգնդակահարեցի Դաշնակցության Գերագույն մարմնի այդ երկու անդամներին: Նույն օրը ես զգացի ինձ հոգեպես հեռացած, կտրված Դաշնակցությունից:

8. «Դաշնակցությունը` Դաշնակցության համար»: Հայաստանից դուրս` Բյուրոն հավատարիմ մնաց այս լոզունգին: Էմիգրացիայում նա չուներ որոշակի հետեւողական քաղաքական գիծ կամ, ավելի ճիշտ, այն հետեւողական էր միայն ինքնապահպանման գործում` գաղափարապես մնալով ռուս նարոդնիկների հին «ճանապարհներին»: Դաշնակցությունն իր քաղաքական գիծը չէր պայմանավորում հայ ժողովրդի բացառիկ դրությամբ: Իր հանցագործ անփութությամբ Դաշնակցությունն արհամարհեց մեր ժողովրդին սպառնացող թուրքական (Երկրի հայերի համար) եւ ուծացման (արտասահմանի հայերի համար) վտանգները:

Նրա շատ անդամներ համոզված են, որ Հայաստանի ցուցադրական անկախացման գաղափարը կարող է դառնալ նրա գերեզմանափորը: Նրանք դա գիտեն, բայց մինչ այժմ ինքնանպատակ կուսակցականությունը եւ կուսակցական եսապաշտությունը չեն թույլատրել դաշնակցական ղեկավարությանը խելամիտ հարաբերությունների մեջ մտնել սովետական իշխանության հետ:

Ճշմարիտ չէ այն հայրենասերը, ով իր հայրենասիրությունը բոլոր դեպքերում կապում է հայրենիքում այս կամ այն վարչակարգի հետ:

Անձամբ ես քարոզել եմ սովետների դեմ, բայց իմ անբարյացակամ վերաբերմունքը սովետական իշխանության հանդեպ պայմանավորված էր ոչ թե Հայաստանում գոյություն ունեցող վարչակարգով, այլ բացառապես այն բարեհաճությամբ, որ սովետները ցուցաբերում էին Թուրքիայի նկատմամբ:

Բացի այդ, իմ քարոզչությունը ոչ մի անգամ չի կրել հակահայաստանյան բնույթ, ընդհակառակը` ես արտասահմանի հայերին համարել եմ Հայաստանի հպատակներ ու մարտիկներ` անկախ նրանց սոցիալական, քաղաքական եւ կրոնական պատկանելությունից: Այս ճշմարտության վկան է հանդիսանում Ցեղակրոն ուսմունքը: Մեր ազգային բարոյականության նշված հայեցակարգն ինձ էմիգրացիայում թույլ չի տվել երբեւէ թեկուզ մեկին այս կամ այն առաքելությամբ Հայաստան ուղարկել:

Դաշնակցությունը պաշտոնապես չմտավ «Պրոմեթեւս»-ի մեջ (դրան խոչընդոտեցին կուսակցության շարքային անդամները), բայց, վերջին պատերազմի նախօրեին, դաշնակցական բյուրոյի կողմից հայ-թուրքական հարաբերությունների վերանայման հարցի շուտափույթ քննարկումը հաստատեց, որ նրան տրված չէ սեփական սխալներից դասեր քաղելու կարողություն: Նա այժմ թուրքերի հետ մերձենալու փորձեր է անում` հաշվի չառնելով, որ ներկայիս պայմաններում թուրքերի հետ ընդհանուր լեզու գտնելու փորձերը նշանակում են բարոյապես տանուլ տալ հայկական հարցը: Սեփական թուլությամբ թելադրված այս քաղաքական ակտը արտասահմանի հայերի մոտ առաջացնում է խորը բարոյազրկում, իսկ քաղաքակիրթ մարդկության մոտ` նողկանք: Այն հանգամանքը, որ Անգլիան այժմ հանդիսանում է Թուրքիայի բարեկամը, ամենեւին էլ չի արդարացնում Դաշնակցության ուխտադրժությունը (ուրացությունը): Որպես առաջնակարգ իմպերիալիստական տերություն, Անգլիան շարունակում է վարել իր ավանդական գաղութային քաղաքականությունը. ընդ որում, նա թուրքերին հովանավորելու ոչ քիչ հիմքեր ունի` ի հաշիվ հայերի արյան: Ավելի քան 100 տարի Անգլիան պարբերաբար հայտարարում է, որ իր դրոշը ծածանվում է Միջին Արեւելքի ծովերի վրա, որպեսզի ապահովի եւ պաշտպանի իր հին դաշնակցի` Թուրքիայի անկախությունը: «Որտեղ հասնում են մեր թնդանոթները, այնտեղ մեր դաշնակիցները պիտի վայելեն հարգանք», — գրում էին անգլիական թերթերը Ղրիմի ռուս-թուրքական պատերազմի օրերին:

Եթե հայերը ցանկանային, որ անգլիական թնդանոթները հասնեն մինչեւ Արաքսի ափերը, ապա իրենք, որպես թույլ կողմ, ստիպված պիտի լինեն հարգել Թուրքիայի` Անգլիայի դաշնակցի կամքը:

Այժմ Դաշնակցությունը գտնվում է «ո՞ւմ հետ լինելու» երկընտրանքի առջեւ` թուրքերի՞, թե՞ ռուս մեծ ժողովրդի: Նա դավաճան կլիներ, եթե վճռականորեն չպատասխաներ. «Ռուսների հետ` Թուրքիայի դեմ»:

Հենց այս քաղաքական կողմնորոշումն են պահանջում մեր ազգային եւ մարդկային արժանապատվությունն ու հայ ժողովրդի ֆիզիկական գոյության ապահովման շահը:

9. Երկրորդ համաշխարհային պատերազմում դաշնակցական բյուրոն հանդես եկավ պառակտված ճակատով: Ինչո՞վ էր դա պայմանավորված` արկածախնդրությա՞մբ, թե՞ կանխամտածված երկերեսանի քաղաքականությամբ: Այս հարցում ես հակված եմ երկրորդ տարբերակին. դաշնակցական ղեկավարությանը հատուկ է թեթեւամտությունը:

Այն հանգամանքը, որ Դրոն Բալկաններում, Փարիզում, Բեռլինում բազմիցս ժողովներ գումարեց եւ ստեղծեց քաղաքական կոմիտե, ապացուցում է, որ նրան չհաջողվեց ապահովել Բյուրոյի պաշտոնական հավանությունն իր արկածախնդրական նախաձեռնություններին: Մինչ Սարգիս Արարատյանի հետ ընդհարումը եւ դրանից հետո, Դրոն չդադարեց ջանալ ապահովել իր թիկունքն անհաջողության դեպքում: Նա կանգ չառավ նույնիսկ Հայաստանի ժողովրդին սադրելու փորձի դեմ: Արդյունքում` նա հասավ մինչեւ հայրենադավության:

10. Մեր ժողովրդին բաժին ընկած աննախընթաց դժբախտությունների պատճառը, ինչպես պատմական անցյալում, այնպես էլ նոր ժամանակներում, հանդիսանում է հայկական տխրահռչակ, անհաղթելի անհատապաշտությունը` պայմանավորված մեր պատմական կյանքի ու տեղագրական առանձնահատկություններով, դարերով ապրած ստրկությամբ: Այս հոգեւոր հատկանիշը, հատկապես այնպիսի փոքր ազգերի մոտ, որպեսզին մենք ենք, դառնում է չարիքների աղբյուր` անհատին վերածելով անարխիստի` բառիս առավել բացասական իմաստով: Վերջին շրջանի դաշնակցական մտավորականությունը, լինելով եվրոպականության գերին, փոխարեն հաղթահարի իր մեջ անհատապաշտությունը, հռչակեց այն որպես հոգեւոր դրական հատկանիշ եւ ջանում էր իր մեջ ավելի զարգացնել այդ անհատական-անիշխանական տարերքը:

Ժողովրդի համար չկա ավելի մեծ չարիք, քան անհատապաշտություն դավանող ղեկավարը: Նա հեշտությամբ է դառնում կոլեկտիվ ջանքերի ու շահերի թշնամին: Այդպիսի ղեկավարն ավելի շուտ ընկնում է սեփական իրավունքների, քան պարտականությունների հետեւից: Նրա իդեալը մեկուսի անձնական երջանկությունն է:

Այսօր այդպիսին են նրանք, որոնք կոչված են ղեկավարելու Քրիստափորի ու Ռոստոմի կուսակցությունը:

11. ա) Աշխարհայացքի անորոշություն,

բ) քաղաքական անկարողություն,

գ) ոչ բավարար պատասխանատվության զգացում. ահա այն երեք չարիքները, որոնցից աղետալի կերպով տուժել է մեր ժողովուրդը եւ ինքը` Դաշնակցությունը:

Դաշնակցությունն այժմ հանդիսանում է որպես մեռնող երեւույթ: Նրա գոյությունն այսուհետ անօգուտ է, անտրամաբանական, ոչ անհրաժեշտ: Նա գտնվում է հակասության մեջ ներկա ժամանակաշրջանի հետ: Նա պե՛տք է հեռանա:

Այս գիտակցումով էլ ես հեռացա Դաշնակցությունից:


Աղբյուրը՝ Տեր-Հարությունյան Գ., թարգմանություն ռուսերենից, հունվար, 1947թ, Հայկական ՍՍՀ ՊԱն ներքին բանտ



Comments


bottom of page