top of page

Դիմանկար՝ առանց շրջանակի


Խորհրդային տարիներից ի վեր Հայաստանի Հանրապետության գրական ու հրապարակախոսական շրջաններում, մշտառկա է «Մեր ժամանակի հերոսը» թեման: Դպրոցներում, աշակերտներին հանձնարարվում էր ստեղծագործական շարադրություններ գրել՝ նրանց միտքն ուղղորդելով հայրենասիրության խնդրին:

Եթե պրոլետգրողներն իրենց ժամանակի հերոսին փնտրում էին բոլշևիկյան հեղափոխական թոհուբոհում, այդուհետ՝ ֆաշիզմի դեմ մարտնչածների շարքերում, կոմունիզմ կառուցողների կերպարում, ապա մեր օրերի հերոսը հառնում է մերթ ազատամարտիկի, մերթ հանուն հայրենիքի նահատակված հերոսի և, անգամ, մեծ բարերարի կերպարով:

Այդուամենայանիվ, ինչպիսի՞ն է, ո՞վ է 21-րդ դարում ապրող այն հայորդին, ով իր էությամբ ու գործունեությամբ կարող է հավակնել մեր օրերի հերոս լինելու մեծագույն պատվին:

Հաղթողները

-Իմացա՞ք Սերոժի արածը: Երկու տղաների հետ գնացել ու անդամագրվել է ազատամարտիկների «Նժդեհ» կամավորական ջոկատին, գոնե մեկին տանը թողներ:

Փոքր քաղաքում լուրերն արագ են տարածվում և «Սերոժի արածն» էլ հայտնի դարձավ շատերին՝ տարբեր դատողությունների տեղիք տալով.

-Անգամ Ցարն ընտանիքի բոլոր զավակներին պատերազմ չէր տանում…

-Մշեցի է, թուրքի դեմ մեծ վրեժ ունի…

-Ողջ ընտանիքով Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից են, իրենք, որ չգնան, ո՞վ գնա…

Իրականում, մեկ տարի շարունակ ռազմաճակատում գտնվող կրտսեր որդին՝ Իգիթը, մի քանի օրով վերադարձել էր տուն, զրույցի ժամանակ ասել, որ ջոկատում մարտիկների պակաս ունեն, և Սերյոժան որոշել էր ավագ որդու հետ համալրել ջոկատը: Խորհուրդ հարցնելու համար հրավիրել էին նաև մորական պապին՝ Արարատ Ջաղացպանյանին, ով երիտասարդ տարիներից հայտնի էր որպես անպարտելի ըմբշամարտիկ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, իսկ հասուն տարիքում՝ ծննդավայր քաղաքի հնագույն պատմության գիտակ ու շրջակա լեռներում տասնյակ ակունքներ պեղած այր:

Քննարկեցին, որոշեցին, հաղթանդամ պապը ծանրորեն շրջվեց դստեր կողմը.

-Մոր կարծիքն ի՞նչ է:

-Իմ կարծիքն այն է, որ հաղթած են վերադառնալու,- աղոթքի պես շշնջաց Ռիտան:

Հաջորդ օրը, «ՆԻԻ Ավտոմատիկա» գիտարտադրական միավորման առաջատար ճարտարագետ Սերյոժա Ներսիսյանը, երկու որդիների՝ երաժիշտ, 23-ամյա Արմենի և մանկավարժ, «արդեն վառոդի հոտը շնչած» 21-ամյա Իգիթի հետ մեկնեց ռազմաճակատ:

Մասնակցեցին Քաշաթաղի, Մարտակերտի, Քարվաճառի, Ֆիզուլիի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին ու հաղթանակած վերադարձան:

Սերյոժան և Իգիթը որոշեցին հայկական բանակում շարունակել ծառայությունը, իսկ Արմենը կրկին երգարվեստը ընտրեց:


Կայացում


Դեռ պատանի հասակում, երազելով երգիչ դառնալ, յոթ տարի սովորել էր Երգչախմբային ընկերության դպրոցում: Լիրիկ բարիտոնով օժտվածությունն աննկատ չէր մնացել նրա վարպետ-ուսուցիչներից և պատանու ստեղծագործական ունակությունները ճիշտ ուղով զարգացնելու համար նրանք առանձնակի հոգատարություն ցուցաբերեցին: Այդ ընթացքում Արմեն Ներսիսյանին բախտ վիճակվեց մասնակցելու հանրապետական, միութենական և նույնիսկ միջազգազգային մրցույթների և դափնեկրի կոչումներ նվաճել:

Ավարտելով միջնակարգ դպրոցը՝ մասնագիտական ուսումը շարունակեց Միքայել Թավրիզյանի անվան երաժշտական ուսումնարանի վոկալ բաժնում, միաժամանակ՝ աշխատանքի անցավ Վանաձորի ժողովրդական գործիքների համույթում, որպես մեներգիչ:

Ոչ միայն հայկական ժողովրդական, այլև դասական երգարվեստի երգացանկով, համույթի կազմում, հյուրախաղային համերգներով հանդես եկավ Խորհրդային Միության մի շարք քաղաքներում, Ֆրանսիայում: Օտարերկրյա մամուլի հիացական արձագանքներն էլ ավելի հաստատեցին, որ հանձին նրա՝ Վանաձորն ունի երգարվեստի շնորհալի վարպետի:

-Չմեծամտանաս,-զգուշացնում էր հայրը:

-Արմեն ջան, ես երազում եմ, որ ոչ-ոք չիմանա՝ քո մայրն եմ, և չորս կողմից լսեմ, որ այդ շնորհալի երգիչը համեստության տիպար է,-ասում էր մայրը:

Երևի այդ հորդորները մեծ ազդեցություն թողեցին պատանի երգչի վրա, որ համընդհանուր ճանաչում ունենալով հանդերձ, շատ ավելի անպարծ եղավ, քան, թերևս, պետք է ունենա ամեն մի սիրված երգիչ:

1993 թվականին նրան հրավիրեցին «Հորովել» երգի-պարի համույթ՝ որպես մեներգիչ:


Մի նոր բեմ


Դեռևս 1988 թ.-ին համախոհների հետ հիմնեցին Վանաձորի Առաջնորդանիստ եկեղեցու երգչախումբը: Հետագայում, դրա հիմքի վրա, քաղաքային կամերային երգչախումբը ձևավորվեց:

Հոգևոր երգերի կատարումներն ու եկեղեցական արարողություններին մշտական ներկա լինելը երիտասարդ երգչին մղեցին նոր ասպարեզ, նախ՝ եկեղեցու դպիր, ապաև, 2003 թվականից՝ ձեռնադրյալ սարկավագ և Գուգարաց թեմի Առաջնորդի գավազանակիրը լինելու պատվավոր պարտականությունը:



Եվս մի բեմ


2003 թ․-ին բուռն ցանկություն ունեցավ թատերական արվեստում ևս փորձել ուժերը: Ընդունվեց Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի ռեժիսորական բաժին և, այդտեղ սովորելով, «Հորովելի» մեներգիչը, բարեշնորհ սարկավագը աշխատանքի ընդունվեց նաև Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան և մի շարք ուշագրավ դերեր մարմնավորեց:

2008 թվականին, նույն թատրոնում, որպես ավարտական-դիպլոմային աշխատանք, բեմադրեց «Սիմոն թագավորը» մենաներկայացումը, որը լավագույններից մեկը համարվեց «Արմմոնո» միջազգային փառատոնում:


«Հորովելը»՝ նոր շնչով


2013 թվականին Արմեն Ներսիսյանին վստահվեց «Հորովել» համույթի ղեկավարումը՝ տնօրեն և գեղեղարվեստական ղեկավար:

Շնորհաշատ բալետմայստեր Արայիկ Գևորգյանի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, համույթի երաժշտական մասի ղեկավար Էլմիրա Կռոյանի հետ նորանշանակ ղեկավարը հավակնեց «Հորովելի» համար գեղարվեստական նոր, բարձր նշաձող սահմանել: Մինչդեռ, բարձր մակարդակ ապահովելու համար գործունեության նոր ու ամուր հիմքեր էին հարկավոր: Ամբողջովին նորացնել էր պետք համույթի զգեստարանը, հասունացել էր սերնդափոխության խնդիրը, թարմացնել էր պետք երգացանկը… Թերահավատները հեգնեցին՝ «Խճճվելու է իր գործած ցանցում. սարկավագ, գավազանակիր, քաղաքային երգչախմբի և կամերային համույթի հետ ելույթներ, տնօրեն, գեղարվեստական ղեկավար, մեներգիչ… օրը քանի՞ ժամ ունի»:

-Օրը քանի՞ ժամ ունի,- մի առիթով, հարցրեցի նրան:

-Չգիտեմ,-եղավ պատասխանը,-ես կյանքի տևողությամբ եմ առաջնորդվում:


Որպես վերջաբան

Այսօր «Հորովելը» հանրապետության լավագույն համույթների շարքում է:

Անկասկած, դա անմնացորդ նվիրումի արդյունք է, նպատակ, որով տոգորվեցին ոչ միայն համույթի ղեկավար կազմի վորոհիշյալ գործընկերները, այլև բոլոր երաժիշտ-կատարողները:

Նույն նպատակասլաց մթնոլորտն է նաև ընտանիքում: Կինը՝ Ալլան և ավագ դուստրը Ռիտան, ովքեր Գուգարաց թեմի և քաղաքային կամերային երգչախմբերում են, նաև կրտսեր դուստրը՝ «Հորովել» համույթի պարուհի Անժելան, հայ երգարվեստի ճիշտ և վճիտ մատուցման նախանձախնդիր արվետագետներ են: Ի դեպ, Անժելան ևս, ցանկանում է բեմադրիչ դառնալ և շուտով կավարտի ինստիտուտը:

Որպես մասունք և հուշ նրանք խնամքով պահում են հայրիկի մարտական պարգևները՝ «Զորավար Անդրանիկ», «Մարշալ Բաղրամյան», «Մարտական գործողությունների մասնակից», «Սևքարեցի Սաքո», Երկրապահ կամավորական ջոկատի հոբելյանական մեդալները, ՌԴ դեսպանատան կողմից՝ «Սուրբ Աստվածամայր» շքանշանը, մշակույթի նախարարության «Ոսկե մեդալը» և բազմաթիվ այլ պարգևներ:

Այս հարկի թախիծն ու հպարտությունը լուսահոգի պապիկի՝ Սերյոժա Ներսիսյանի, (ում աճյունն ամփոփված է Վանաձորի ազատամարտիկների պանթեոնում) և Եռաբլուրում հանգչող, հայոց բանակի փոխգնդապետ Իգիթ Ներսիսյանի հուշն են:


*****

Արմեն Ներսիսյանն, իհարկե, չի հավակնում մեր օրերի հերոսի հավաքական կերպար լինելուն: Նա իրեն համարում է ժողովրդական և գուսանական երգերի շարքային կատարող, իսկ հոգևոր ծառայության մեջ՝ Հայ Առաքելական Եկեղեցու նվիրյալ:

Մենք, վերապահումով, համաձայն ենք նրա հետ: Վերապահումով, քանզի, նա ոչ թե շարքային, այլ հանրապետության ժողովրդական երգերի փայլուն կատարողներից մեկն է և այն շարքային արվեստագետներից, ովքեր զենքով, տաղանդով և հավատով՝ առ Աստված, պայքարի առաջին գծում են: Պարզապես, նրա բազմանիստ և արգասատու դիմանկարը՝ շրջանակ չի հանդուրժում:


Իսկ 21-րդ դարի ՄԵՐ ՕՐԵՐԻ ՀԵՐՈՍԸ , իմ խորին համոզմամբ, ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ է, նրա սերունդների հավաքական կերպարը, որի հարատևման դարավոր պայքարում դեռևս պատյան չմտած ու հաղթանակներ բերող սուրը, Ավարայրից ի վեր պարզած խաչը, Մաշտոցի լուսավոր կանթեղը և Սարդարապատից ժառանգված առաջնորդող դրոշը այն հայորդիների ձեռքում են, որոնց շարքում է նաև Արմեն Ներսիսյանը :


Սամվել Խալաթյան




Comments


bottom of page