2024 թ.-ի hունվարի 20-ին «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոց էին այցելել «Երիտասարդ առաջնորդների խորհրդի» անդամները։
Դասերի մեկնարկին արժանապատիվ Տեր Խաժակ քահանա Շահբազյանը բարի գալուստ մաղթելուց հետո, խոսքը փոխանցեց ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ, գերաշնորհ Տ. Հովնան արք. Տերտերյանին։ Սրբազան հայրն իր հոգևոր պատգամի ավարտին ներկայացրեց «Երիտասարդ առաջնորդների խորհրդի» անդամներին, որոնք այցելել էին դպրոց և աշակերտների համար պատրաստել հետաքրքիր անակնկալ։
Տերունական աղոթքից հետո, դպրոցի տնօրեն, բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանն իր շնորհակալությունը հայտնեց առաջնորդ Սրբազանին` դպրոցին մշտական աջակցություն ցուցաբերելու և հայրական խնամքի համար, ինչպես նաև բարի գալուստ մաղթեց հյուրերին։
Բանն այն էր, որ երիտասարդները ցանկանում էին տեսնել, թե նկարչության, արվեստի միջոցով աշակերտներն ինչպե՞ս կարող էին արտահայտել իրենց ազգային պատկանելությունն ու պատկերացումները, և առհասարակ ի՞նչ վերաբերմունք և հետաքրքրություն ունեն մեր պատմական անցյալի ու մշակույթի հանդեպ։
«Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոց այցելած «Երիտասարդ առաջնորդների խորհրդի» անդամները հերթով այցելեցին 1-ից մինչև 6-րդ դասարաններ։ Ծանոթացան աշակերտների առօրյային և սկսեցին միասին գեղեցիկ աշխատանքներ կատարել։ Նրանք կիսվեցին նաև իրենց սեփական փորձառությամբ, թե ինչքա՜ն կարևոր է հայրենիքից հեռու ստանալ ազգային կրթություն և պահել հայի պատիվն ու արժանապատվությունը։
Դպրոցականները թղթերի վրա նկարեցին իրենց երազած ու պատկերացրած հայրենիքը՝ խորհրդանիշներով ու ազատասիրության ոգու դրսևորումներով, ապա ուշադրությամբ լսեցին հյուրերի ծրագրերի մասին։
Վերջիններս նախ պատմեցին Կալիֆորնիայի հայ-ամերիկյան թանգարանի և մշակութային կենտրոնի առաքելության մասին, որի նպատակն է խթանել Ամերիկայի էթնիկ և մշակութային բազմազանության ըմբռնումն ու արժևորումը։
Հարկ է նշել, որ հայ-ամերիկյան թանգարանի հոգաբարձուների խորհուրդը կազմված է տասը ամերիկահայ մշակութային, բարեգործական և կրոնական շահույթ չհետապնդող կազմակերպություններից, որոնք համախմբվել են ընդհանուր գործի համար, այն է ստեղծել նշանավոր կենտրոն, որը կծառայի մեր ողջ համայնքին: Տասնյակի առաջատարներից մեկն է ԱՄՆ Արևմտյան թեմը՝ գլխավորությամբ, բարձրաշնորհ Տ․ Հովնան արք․ Տերտերյանի։
Հյուրերից Ալին Օհանյանը նշեց, որ խորհուրդը նպաստում է հայ-ամերիկյան թանգարանի առաքելությանը, համայնքում միավորում է երիտասարդ մասնագետներին՝ նպատակ ունենալով պատրաստել գաղութի առաջնորդների հաջորդ սերունդը:
Մեր ընթերցողներին ցանկանում ենք հիշեցնել, որ Գլենդելի քաղաքապետարանը պատմական նախագծի համար հատկացրել էր հատուկ տեղ, որը համազգային ուժերով կառուցվում է Գլենդելի Կենտրոնական զբոսայգու թանգարանին կից:
Ծրագիրը ներառում է թանգարանը և գրադարանը միացնող նոր կենտրոնական սիզամարգ, բացօթյա ամֆիթատրոն` ներկայացումների համար, մանկական զբոսայգի՝ խաղահրապարակներով, ցայտաղբյուրներով և այլն: Այն ունենալու է մշտական և ժամանակավոր ցուցադրությունների հնարավորություններ: Ուսումնական կենտրոնը հագեցած է լինելու ժամանակակից դասասենյակներով, կրթական ծրագրերի լայն շրջանակներով՝ երեխաների, երիտասարդների, ընտանիքների և մեծահասակների համար, որոնք կնպաստեն ազգային կրթական գործընթացներին և կոգեշնչեն առաջնորդների հաջորդ սերնդին:
Նախագծի համաձայն, դահլիճում տեղի են ունենալու գրավիչ հանրային ծրագրեր՝ ներառյալ ներկայացումներ, դասախոսություններ, ֆիլմերի ցուցադրություններ և հատուկ միջոցառումներ, որոնք պետք է շաղկապեն գիտությունը, արվեստն ու մշակույթը:
Թանգարանը նվիրված է լինելու ամերիկահայ համայնքի և հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին և ինքնությանը` ցույց տալով հայ ժողովրդի բազմադարյա անցած ճանապարհը և այն գոյապայքարը, որ շարունակվում է ցայսօր։
Անի Եղիազարյան
コメント