Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ, հոգեշնորհ Տ․ Աղան աբեղա Գոգչյանը տեղեկացրել է Հայոց պատրիարքարանի որոշման մասին, որով չեղարկվել է «Կովերի պարտեզ» կալվածքի հետ կապված աղմկահարույց գործարքը։
«Ֆեյսբուք»-ի իր էջում նա գրել է.«Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը սույնով տեղեկացնում է, որ նամակ է ուղարկել Xana Gardens Ltd-ին՝ տեղեկացնելով, որ չեղարկել է Երուսաղեմի Հին Քաղաքի Հայկական Թաղամասի «Կովերի պարտեզ» կալվածքի վերաբերյալ 2021 թվականի հուլիս 8-ին ստորագրված համաձայնագիրը»։
Երուսաղեմի հին քաղաքի հայկական թաղամասի մի հատված պատրիարքարանը 99 տարով վարձակալության էր հանձնել իսրայելական ընկերությանը: Գործարքի հետևանքով Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունում ստեղծվել էր մտահոգիչ իրավիճակ, ինչի կապակցությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռախոսազրույց էր ունեցել Երուսաղեմի Հայոց պատրիարք Ամենապատիվ Տ․ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ: Քննարկման ընթացքում Պատրիարք Սրբազանը Վեհափառ Հայրապետին տեղեկացրել էր, որ քայլեր են ձեռնարկվում Պատրիարքարանի իրավունքների պաշտպանության և խնդրի բարվոք հանգուցալուծման համար։
Ստեղծված իրավիճակի առնչությամբ Երուսաղեմի հայկական համայնքը մի քանի բողոքի ցույցեր է կազմակերպել։ Երեք կազմակերպություններ՝ «Հոմենեթմեն Երուսաղեմը», «Հայ երիտասարդաց միություն Երուսաղեմը» և «Բարեսիրաց միությունը», հայտարարություն էին տարածել՝ Հայոց պատրիարքին կոչ անելով չեղարկել «Կովերի պարտեզ» կալվածքի գործարքը և առաջարկելով այդ հարցում համայնքի աջակցությունը։ Որպես քավության նոխազ՝ կարգալույծ էր հռչակվել Երուսաղեմի հայոց պատրիարքության ամենաերեց միաբաններից Տ․ Պարետ վարդապետ Երիցյանը։ Այս ընթացքում լուրջ խնդիրներ էր ունեցել նաև Նուրհան պատրիարքը, որի նկատմամբ անվստահություն էին հայտնել պետական իշխանությունները։
Comentários