top of page

Ժյուլ Վեռն. մեծ երազողը


1905 թվականի մարտի 24-ին մահացավ ֆրանսիացի աշխարհագրագետ և գրող, արկածային գրականության դասական, գիտաֆանտաստիկ գրականության հիմնադիրներից Ժյուլ Վեռնը։ Փաստաբանների ընտանիքում ծնված Ժյուլ Վեռնը իրավաբանական կրթություն էր ստացել Փարիզի համալսարանում, սակայն գրականության հանդեպ սերը նրան միանգամայն այլ ճանապարհով տարավ։ Նա համալսարանը ավարտելուց հետո տնօրենի խորհրդատու էր աշխատում «Լիրիկական թատրոնում», այնուհետև նյութական խնդիրները լուծելու համար բորսային միջնորդությամբ էր զբաղվում, բայց դրան զուգահեռ գրում էր կատակերգություններ, լիբրետոներ և պատմվածքներ։ 1863 թվականին Էտցելի «Ամսագիր կրթության և հանգստի համար» հանդեսում հրատարակվեց «Արտասովոր ճանապարհորդություններ» շարքի նրա առաջին` «Հինգ շաբաթ օդապարիկով» վեպը, որի հաջողությունից ոգևորված Ժյուլ Վեռնը լիովին նվիրվեց գրականությանը։

Անսահման վառ երևակայությամբ այս գրողն իր ողջ կյանքի ընթացքում հասցրեց գրել 66 վեպ, այդ թվում նաև անավարտները, որոնք տպագրվեցին 20-րդ դարի վերջում, ինչպես նաև 20 պատմվածք, ավելի քան 30 պիես, մի քանի վավերագրական և գիտական աշխատանքեր։ Ժյուլ Վեռնի անվան շուրջ հյուսված բազմաթիվ զարմանահրաշ պատմություններ կան։ Նա աշխատասենյակում նստած հորինող-գրող չէր, նրա երևակայական վեպերի հիմքում ընկած էին նաև իրական պատմություններ, որոնք գրողը հավաքել էր իր բազմաթիվ ճամփորդությունների ժամանակ։ Իր սեփական զբոսանավերով նա ճանապարհորդել էր Միջերկրական ծովով, եղել Ալժիրում, ապա՝ Անգլիայում, Սկանդինավյան երկրներում, Գերմանիայում, Դանիայում: Վեռնը մեծ երազող էր և գիտության սիրահար: Նա իր ֆանտաստիկ վեպերում կանխագուշակել էր ապագայի մի շարք մեծագույն հայտնագործություններ ու գյուտեր. նրա գրքերում նկարագրված են այն ժամանակ դեռևս գոյություն չունեցող սուզանավ, օդանավ, ուղղաթիռ, կառավարվող օդապարիկ, ռադիոընդունիչ, հեռուստացույց, կինո, էլեկտրաշարժիչ և այլն: Նա երազել էր տիեզերական թռիչքների, օվկիանոսների գաղտնիքների մեջ թափանցելու և հյուսվածքների ու օրգանների փոխպատվաստման մասին:

Սակայն, Ժյուլ Վեռնի ճամփորդությունների մեծ շղթան ավարտվեց 1886-ին, երբ նա ծանր վիրավորվեց ատրճանակի կրակոցից։ Գրողի վրա կրակել էր իր հոգեկան հիվանդ զարմիկ Գաստոն Վեռնը։ Բարեբախտաբար կրակոցը մահացու չէր։ Այս դեպքից հետո Ժյուլ Վեռնը ապրեց ևս 20 տարի, սակայն նա ստիպված էր մոռանալ ճանապարհորդության մասին։ Կրակոցի հետևանքով իր մնացած ողջ կյանքում գրողը կաղում էր։ 1887 թվականին աջ աչքի կատարակտը գրեթե կուրացրեց Ժյուլ Վեռնին։ Գրողը հրաժարվեց տեսողությունը վերականգնող վիրահատությունից և կյանքի վերջին տարիներին ստեղծած վեպերը ստիպված էր ոչ թե ինքը գրել, այլ թելադրել մտերիմներին։ 1905 թվականի մարտի 24-ին Ժյուլ Վեռնը մահացավ 77 տարեկան հասակում։ Մահվան պատճառը երկարատև շաքարային դիաբետի հետևանքով առաջացած բարդություններն էին։

Ժյուլ Վեռնին թաղեցին Ամիենի գերեզմանատանը։ Գրողին հրաժեշտ տալու էր եկել ավելի քան 5000 մարդ։ Գերմանիայի կայսրը իր ցավակցությունն էր հայտնել դեսպանի միջոցով։ Հուղարկավորությունից 2 տարի անց Ժյուլ Վեռնի գերեզմանի վրա կանգնեցվեց հուշարձան, որը կոչվում է «Անմահություն և հավերժ երիտասարդություն»։ Քանդակագործ Ալբերտ Ռոուզը, օգտագործելով գրողի մահվան դիմակը, պատկերել էր սեփական տապանաքարը կոտրող և գերեզմանից դուրս եկող Վեռնին։


Նաիրա Եղիազարյան



Աղբյուրը՝ https://oragir.news

コメント


bottom of page