Հունվարի 28-ին լրացավ հայրիկիս մահվան 36 տարին: Այդ կապակցությամբ, հարմար եմ գտնում ընթերցողին ներկայացնել տարիներ առաջ իրական փաստերի վրա հիմնված ներքոգրյալ պատմվածքը:
1947 թ.-ի դրամափոխությունից հետո, Խորհրդային երկրի «Հայր» Ստալինը հաջորդաբար, մի քանի տարի շարունակ, լայն սպառման ապրանքների, սննդամթերքի գների իջեցում էր իրականացնում, որը թեև հիմնականում ոչինչ չէր փոխում ժողովրդի կենսամակարդակի մեջ, այնուհանդերձ մեծ խանդավառություն էր առաջ բերում ողջ երկրի լայն շրջանակներում:
1949 թ.-ը մեծ իրադարձությունների տարի էր: Հայրիկս գնում-գալիս էր, չգիտեինք թե ուր, բայց գնալով մռայլ տեսք էր ստանում նրա դեմքի արտահայտությունը: Մի օր էլ, երբ երկուսով էինք տանը` ասաց.
- Հենրի՛կ, տղաս, ես այսօր երեկոյան կարևոր տեղ եմ գնալու, եթե պատահի որ մեկ-երկու օրից չվերադառնամ, երրորդ օրը, ա՜յ… էն նկարի ետևում մի ծրար կա,- ցույց տալով Ֆրանսիայից բերած, պատից կախուած նկարը (այն ներկայիս ամրացված է իմ աշխատասենյակի հարավային պատին,- ՀԵՆ. Ա.) և ասաց.
- Երբ մի քիչ էլ մեծանաս, առանց բացելու ծրարը, ինչ որ ձևով կուղարկես արտասահման: Խնդրում եմ հարց չտաս: Խոստացի՛ր, որ մորդ և եղբորդ ոչինչ չես ասի այս մասին:
Անշուշտ խոստացա, սակայն տարակուսանք ապրեցի այն մտածումով, թե ինչո՞ւ հայրս իմ տասնութ տարեկան ավագ եղբորս չի վստահում նման կարևոր հանձնարարություն, այլ վստահում է ինձ` տասներկուամյա մանչուկիս:
Հետագայում, իհարկե, հասկացա: Եղբայրս միամիտ, ծայրահեղ ազնիվ մի տղա էր, Ֆրանսիայում ծնված, նույնքան ծայրահեղ անփորձ, հազիվ թե նա կարողանար պահել այդ գաղտնիքը: Մշտապես ես էի նրան օգնության հասնում փողոցային «մարտերի» ժամանակ: Հայրս շատ լավ գիտեր այդ ամենը:
Երրորդ օրը հայրս տուն եկավ փոքր ինչ պայծառացած: Հստակ էր. ինչ որ բան էր փոխվել նրա կյանքում:
Հետաքրքրությունից դրդված, պատեհ մի ժամի փորձեցի հայրիկիս մատնանշած նկարի ետևի ծրարը նայել, բայց այնտեղ ոչինչ չկար: Այդպես էլ, առ այսօր ես չգիտեմ, թե ինչ էր պարփակված այդ ծրարի մեջ, և թե ինչու՞ էր հայրս մեզնից գաղտնի պահում ծրարի բովանդակությունը: Հասուն տարիքում անգամ, ես ինձ թույլ չեմ տվել հիշեցնել նրան այդ դեպքի մասին:
Պարզվեց, որ Ակադեմիայի պատմության ինստիտուտի ակադեմիկոսներ Աբգար Հովհաննիսյանն ու Մորուս Հասրաթյանը հետաքրքրված են եղել հորս ճակատագրով:
Բազում միջնորդություններով և իրենց ստորագրություններով ամրագրված երաշխավորագրերով՝ նրանք կարողացել էին բացատրել պետական իշխանական մարմիններին (КГБ)` պատերազմի ժամանակ նրա գերի լինելու հանգամանքները, նրա գիտական մեծ պաշար ունենալու փաստը, և ըստ այնմ էլ, նրանց հաջողվել էր աշխատանքի տեղ ապահովել հայրկիս համար Ակադեմիայի պատմության ինստիտուտում:
Մոտենում էր «Մեծ առաջնորդ» Ստալինի ծննդյան 75-ամյակը: Ողջ Խորհրդային երկիրը ողողված էր միլիոնավոր պաստառներով, թռուցիկներով, Ստալինի մեծադիր նկարներով, քանդակներով, արձաններով և ձուլածո պղնձյա կիսանդրիներով:
Խորհրդային Հայաստանն էլ «որոշել» էր «Պողպատե մարդուն» (Գուսան Հավասու բնութագրումն է,- ՀԵՆ. Ա.) իր երախտագիտությունը հայտնել` Երևանի բարձունքում, «Հաղթանակ»-ի զբոսայգում կանգնեցնելով նրա վիթխարի արձանը:
1950 թվականի հոկտեմբերի 29-ին հազարավոր մարդկանց ստիպողաբար տարել էին «Հաղթանակի» զբոսայգի` Ստալինի արձանի բացմանը ներկա լինելու համար: Հայրիկս էլ, պարտավորված, որպես գիտական մտքի ներկայացուցիչ՝ հարկադրված էր ներկա լինել այդ միջոցառմանը: Ընդառաջելով իմ խնդրանքին՝ հայրիկս ինձ էլ տարավ իր հետ:
Երանի տարած չլիներ: Ահավոր սառնամանիքի պայմաններում, մժեղի պես իրար գլխի հավաքված ամբոխը, ժամեր շարունակ լսում էր «Մեծ Առաջնորդին» աստվածացնելու մեջ մրցումի ելած ճառախոսների հազար ու մի համեմատություններով լի ելույթները:
- Հայրի՜կ, ոտքերս սառել են, փայտացել, էլ չեմ դիմանում, արի գնանք,- ասում էի նրան ու հետն էլ լաց լինում:
- Ոչինչ, տղա՛ս, դիմացիր, քիչ մնաց,- անզորությունից չիմանալով ի՞նչ անել,- ասում էր հայրիկս:
Ես այդ ժամանակ չէի հասկանում, թե ինչու՞ հայրիկս չէր կարող հեռանալ, երբ այս ծովածավալ ամբոխի մեջ «շունը տիրոջը չէր ճանաչում»: Այդ հետո էր, որ ես հասկացա, թե հայրս ինչու չէր կարող միտինգը կիսատ թողնել ու տուն տանել սառնամանիքից կուչ եկած իր տասներկուամյա որդուն:
Դրանք այն տարիներն էին, երբ մարդիկ վախենում էին նույնիսկ սեփական տանն իրենց մտքերն ազատորեն արտահայտել:
Այսօր ծայրահեղություն կարելի է համարել այն իրական դեպքերը, երբ որդին մատնում էր հորը և հակառակը: Մարդկանց շուրջը վխտում էին լրտեսները:
Տարիներ անց, հայրիկս պատմում էր իրական մի դեպք, որը տեղի էր ունեցել Ակադեմիայի պատմության ինստիտուտում` Ստալինի հոբելյանի օրերին:
Ինչպես բոլոր հիմնարկներում ու հաստատություններում, հիշյալ ինստիտուտում էլ են պատրաստվում ըստ արժանվույն դիմավորել Մեծ Առաջնորդի հոբելյանը: Հիմնարկի կուսկազմակերպության քարտուղարը կարգադրություններ է անում տարբեր պաստառներով, կոչերով զարդարելու համար միջանցքի պատերը:
Քաղաքի հայտնի նկարիչներից մեկը նկարել է Ստալինի դիմանկարը, բավականին խոշոր յուղաներկ մի նկար, որը պիտի փակցվեր միջանցքի ամենատեսանելի տեղում, որպեսզի ամեն ոք, միջանցք մտնելիս և դուրս գալիս տեսնի Առաջնորդին:
Հավաքվում են մի քանի կուսակցականներ և որոշում, թե որտեղ պիտի կախվի։
Առաջնորդի շքեղ շրջանակով մեծադիր յուղաներկ նկարը: Բերում են մի հին, կոտրած-թափած աստիճան: Կերած-խմած ներկաներից ոչ ոք չի համարձակվում նրա վրա բարձրանալ:
- Կանչե՛ք Չամչյանին (անունը փոխված է), նա թեթև է, իր համար հեշտ կլինի բարձանալ աստճանին,- ասում է կուսակցության քարտուղարը:
Կանչում են կրտսեր գիտաշխատող, եգիպտահայ մտավորականին: Վերջինս վախով-դողով բարձրանում է օրորվող աստիճանի վրա և փորձում երկաթե կեռի վրա կախել առաջնորդի նկարը: Մի քանի անհաջող փորձերից հետո, հանկարծ ձեռքից բաց է թողնում նկարը, որն ընկնում է իր ծնկի վրա` ամեհի ցավ պատճառելով իրեն:
- Վա՜խ…, հերն եմ անիծել…, աս ի՜նչ սոսկալի ցավ է,- անգիտակցաբար ձեռքը տանելով ծնկին,- ասում է խեղճ մտավորականը և ձեռքից բաց թողնում նկարը, որի արդյունքում ջարդուփշուր է լինում գեղեցիկ, թանկարժեք շրջանակը:
- Լսեցի՞ք…, լսեցի՞ք, թե ինչ ասաց…,- վրա է տալիս կուսակցության քարտուղարը,- նա մեր մեծ Առաջնորդին ասաց «հերդ եմ անիծել»: Բոլորդ լսեցիք, բոլորդ ականատես եք, այդպէս չէ՞…:
Ո՞վ կհամարձակվեր հակառակն ապացուցել, որ բոլորս էլ կարող էինք նման արտահայտություն թույլ տալ առանց որևէ մեկին նկատի ունենալու, երբ հանկարծակի, անիմաստ ցավի տեր ենք դառնում, կամ ինչ-որ մի բան մեր ուզածի պես չի ստացվում:
- Պարոն Սաղաթելյան…,- ուզում է ինչ որ բան ասել մի բուռ դառած մտավորականը, բայց նրան ընդհատում է կուսակցության քարտուղարը.
- Ի՞նչ պարոն, ընկեր Չամչյան, Դուք դեռ Նեղոսի ափի՞ն եք…, աշխատում եք մի գիտական հիմնարկում և դեռ չեք սովորել «ընկեր» ասել: Լավ, թողնենք այս ամենը և անցնենք գործի: Ընկեր Մովսիսյան,- դիմելով իր օգնականին` շարունակում է իր խոսքը կուսքարտուղարը,- շտապ կուսակցական ժողով հրավիրեք` քննելու համար ընկեր Չամչյանի հարցը:
- Ընկեր Սաղաթելյան, ի՞նչ հարց կուզեք քննել, ես ի՞նչ հանցանք գործած եմ: Սովորական, ժողովրդական արտահայտություն է, ամեն մարդ կգործածե` «Հերն եմ անիծել», «Խերն եմ անիծել», երբ հանկարծակի, անսպասելի ցավ մը կզգա, կամ որևէ դեպքեն հուսախաբ կըլլա: Խոսք էր`ըսինք, անցավ գնաց: Ինչո՞ւ պատմություն կշինեք:
- Հլա՜ մի սրան լսեք, ընկերներ: Պատմություն ենք շինում, հա՞…: Դու դեռ առանց ամաչելու` հարցնում ես, թե ինչ ես ասե՞լ…, դու հայհոյեցիր մեր մեծ Առաջնորդին, ընկեր Ստալինին: Բոլորն այստեղ են և նրանք լսեցին…, այդպես չէ,՞ ընկերներ,- շրջվելով կողքիններին, վճռականորեն եզրափակում է իր խոսքը կուսակցության քարտուղարը:
Խեղճ Չամչյանը զգալով, որ ինքը վիճելով արդարության չի հասնելու, գլուխը կախ գնում է իր աշխատասենյակը:
Հազիվ տասը րոպե անց, իրեն դուրս են հրավիրում հիմնարկից, իսկ երկու օր անց, ամբողջ ընտանիքով, նա Սիբիր ուղևորվող ապրանքատար գնացքի մեջ էր, իր նման հարյուրավոր այլ հայ ընտանիքների հետ:
ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍՅԱՆ
Comments