Ինչո՞ւ չի սկսվում ցամաքային հարձակումը Գազայում. Իսրայելը երկու մտահոգություն ունի՝ պատանդներ եւ ստորերկրյա քաղաք
Իսրայելցիների ցամաքային հարձակումն անխուսափելի է, բայց չի սկսվում։ Զսպող հանգամանքները երկուսն են՝ պատանդներ եւ ստորերկրյա քաղաք։ Պատանդներին պաղեստինցիները խոստանում են ազատ արձակել միայն մի դեպքում՝ եթե Իսրայելը հայտարարի, որ լիովին ավարտում է բոլոր ռազմական գործողությունները եւ չի մտնի Գազա։ Ինչպես տեսնում եք, փակ շրջան է ստացվում։ Հնարավո՞ր է արդյոք միջանկյալ լուծում՝ ասենք, Համասը բաց է թողնում բոլոր կանանց, երեխաներին, ծերերին եւ հիվանդներին, փոխարենը Իսրայելն ազատ է արձակում կալանավորված կանանց եւ անչափահաս պաղեստինցիներին։ Տեսականորեն հնարավոր է, բայց քիչ հավանական, պնդում են վերլուծաբանները։
Շատ ավելի իրական է թվում այն դժոխային տարբերակը, երբ ի պատասխան Իսրայելի ցամաքային հարձակման, Համասի զինյալները կսկսեն հենց տեսախցիկների առջեւ ցուցադրաբար մահապատժի ենթարկել պատանդներին՝ հույս ունենալով, որ երբ հասարակ քաղաքացիները տեսնեն իրենց հայրենակիցների սպանությունը, իշխանություններից կտրականապես կպահանջեն դադարեցնել բոլոր գործողությունները Գազայում։ Այս սարսափելի հեռանկարն է գլխավոր պատճառներից մեկը, որը թույլ չի տալիս Իսրայելի ղեկավարությանը հենց վաղը Գազա մտնելու հրաման տալ։
Երկրորդ պատճառը, որքան էլ առաջին հայացքից տարօրինակ թվա, Գազայի թունելներն են։ Պատմության ընթացքում թունելները միշտ էլ օգտագործվել են ամենատարբեր քաղաքների պաշարման ժամանակ։ Պաշարվածները փորձել են գետնի տակով դուրս գալ քաղաքի պարիսպներից այն կողմ՝ թշնամու զորքերի դասավորությունն ուսումնասիրելու եւ սնունդ բերելու նպատակով։ Պաշարողներն, իրենց հերթին, փորձել են պատերի տակ փորելով, անսպասելիորեն հայտնվել քաղաքում։ Սակայն Գազայի թունելներն ուրիշ են։ Դրանց ընդհանուր երկարությունը, ինչպես պնդում են Համասի ներկայացուցիչները, հասնում է 500 կիլոմետրի։ Համեմատության համար. Հյուսիս-հարավ մայրուղին, որը Հայաստանի ողջ տարածքով ձգվելու է Իրանից մինչեւ Վրաստան, մոտ 550 կիլոմետր է։
Առաջին թունելները պաղեստինցիները սկսեցին փորել դեռ 80-ականներին Ռաֆահ քաղաքում, որի մի մասը գտնվում է Գազայի հատվածում, մյուսը՝ Եգիպտոսի տարածքում։ Պարզապես շենքերի նկուղները միացնում էին թունելներով ու ստորգետնյա ճանապարհներ էին բացում Եգիպտոսից ապրանք բերելու համար։ Նույնիսկ վառելիք էին բերում, բայց ոչ՝ տարաներով, պարզապես թունելի մեջ խողովակաշար էին մոնտաժում, խոշոր բենզատար էին մոտեցնում եգիպտական կողմից եւ հեղուկը մղում դեպի Գազա։ Անգամ մեքենաներ էին տեղափոխում՝ ավտոմասերի բաժանած վիճակում։
Հետո եկավ Համասը եւ հասկացավ, որ թունելները կարելի է հաջողությամբ օգտագործել ոչ միայն թաքնվելու, այլեւ Իսրայելի տարածքի վրա հարձակումներ գործելու համար։ Թունելների ցանցը ընդլայնվեց, եւ այժմ ստորերկրյա քաղաքը ունի եռահարկ կառուցվածք։ Առաջին մակարդակը ամենաճյուղավորվածն է։ Մասնագետներն այն նույնիսկ համեմատում են Մոսկվայի մետրոյի հետ, որի թունելների ընդհանուր երկարությունը կազմում է 450 կիլոմետր։ Այս մակարդակում, ի դեպ, թունելների լայնությունը տեղ-տեղ հասնում է 6 մետրի, այսինքն, դրանցով կարելի է նույնիսկ ավտոմեքենայով երթեւեկել։
Երկրորդ մակարդակը՝ այսպես ասած, գործարանային համալիրն է։ Այստեղ է կենտրոնացված հրթիռների եւ արկերի արտադրությունը։ Ոմանք պնդում են, որ այստեղ են գտնվում նաեւ հրթիռների արձակման կայանքները, որոնք լավ քողարկված են եւ գետնից չեն երեւում։ Ընդհանրապես, ստորգետնյա այս քաղաքի առավելությունն այն է, որ արբանյակով ոչինչ հայտնաբերել հնարավոր չէ։ Մյուս կողմից, իսրայելցիներն ի վիճակի չեն հրթիռներով խոցել ստորգետնյա օբյեկտները, որովհետեւ դրանք 35-40 մետր խորության վրա են եւ ամրացված են բետոնի հատուկ տեսակով։
Եվ վերջապես երրորդ՝ ամենախորը մակարդակում գտնվում են հրամանատարական կետերը, որտեղ Համասի ղեկավարները ծրագրեր են մշակում եւ որոշումներ կայացնում։ Նաեւ ապրում են, որովհետեւ այնտեղ ստեղծված են բնակվելու համար բոլոր անհրաժեշտ պայմանները։ Իսրայելցի լրագրող Շլոմի Էլդարը փաստում է. «Սա կարող է անհավանական թվալ, բայց տխուր իրողությունն այն է, որ Համասը հայթայթած գումարներն օգտագործում է ստորգետնյա Գազան զարգացնելու, այլ ոչ թե վերեւում գտնվում Գազայի բնակիչների կյանքը բարելավելու համար»։
Իսկ փորձագետ Քոլին Քլարկը զգուշացնում է. «Իսրայելցի զինվորականների գործը չափազանց բարդ է լինելու, քանզի նրանք այնքան էլ շատ բան չգիտեն այս թունելների մասին, այնինչ, Համասի ղեկավարները առավելություն ունեն, որովհետեւ մանրամասն տեղեկություններ ունեն ստորերկրյա քաղաքի բառացիորեն յուրաքանչյուր մետրի մասին, եւ ուրեմն կարող են թակարդներ ստեղծել բազմաթիվ թունելներում կամ ուղղակի ականապատել դրանք»։
Համաձայնե′ք, այս բոլոր հանգամանքները լիովին բացատրում են, թե ինչու է Իսրայելը հապաղում։ Հսկայական պատասխանատվություն՝ հնարավոր ռազմական կորուստների համար, հսկայական պատասխանատվություն՝ ավելի քան 200 պատանդների կյանքի համար։
Արմեն Դուլյան
Սպուտնիկ Արմենիա
Comments