Իմ ողջ գիտակից կյանքի ընթացքում լսում եմ «Ես երեւանցի տղա եմ» արտահայտությունը, որը, եթե խորը մտածենք՝ մինչեւ վերջ պարզ չէ, թե ի՞նչ է նշանակում: Գուցե մարդիկ ցանկանում են ընդգծել, որ ծնվել եւ ապրում են մայրաքաղաքում, եւ իրենց կենցաղով, բարքերով եւ ինտելեկտով շահեկանորեն տարբերվում են Հայաստանի մյուս քաղաքների եւ գյուղերի բնակիչներից: Կամ, թերեւս, ցանկանում են ցույց տալ, որ երեւանցի լինելու իրենց հրաշալի հատկությունը որոշակի առավելություններ եւ արտոնություններ է տալիս: Օրինակ, երեւանցին իրավունք ունի լինել ավելի ամբարտավան կամ ցինիկ, քան, ասենք, Արմավիրի բնակիչը: Ինչպես ցանկացած սնապարծություն՝ այս մեկը նույնպես որեւէ հիմք չունի, եւ, մասնավորապես, որեւէ խուլիգանություն չի արդարացնում: Այնպես որ՝ նման բան ասողները թող իրենց բացատրեն, թե ի՞նչ է իրականում նշանակում լինել «երեւանցի»: Մանավանդ, որ այս պահին մայրաքաղաքում ապրող մարդկանցից քչերի ապուպապերն են ծնվել Երեւանում: Ես, ճիշտն ասած, ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչ է նշանակում պարծենալ այն բնակավայրով, որտեղ ծնվել ես կամ որտեղ ապրում ես: Իհարկե, պետք է ամեն ինչ անել, որ այն գեղեցիկ, բարեկարգ ու մաքուր լինի, որովհետեւ դա քո տունն է: Բայց դա ամենեւին չի նշանակում, որ «այլ տները» արժանի են արհամարհանքի:
Ազգությունը եւ քաղաքացիությունը այլ բան է: Ես հպարտանում եմ, որ ա՛յս մշակույթը, ա՛յս կրոնը, ա՛յս պատմությունն ունեցող ժողովրդի ներկայացուցիչ եմ: Դա, կարծում եմ, ինձ վրա պարտականություն է դնում լինել ավելի լավը, ավելի ուժեղ, որպեսզի այլ ազգերն ինձ հարգեն: Ես հպարտ եմ նաեւ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, այն պետության, որը ստեղծվել է 1991 թվականին՝ որոշակի սկզբունքների հիման վրա եւ որոշակի նպատակներով: Ցավոք, այդ սկզբունքներն ու նպատակներն այսօր մոռացվում են, եւ մեր «տաղանդավոր» իշխանությունների գործունեության հետեւանքով այդ պետությունը կարող է եւ դադարել գոյություն ունենալուց: Մնացած «տեղայնական» խնդիրներն, ինձ թվում է, առնվազն երկրորդական են: Մասնավորապես, երեւանցին խուլիգան լինելու ինդուլգենցիա չէ: … Տեղեկացնեմ ձեզ, որ ես, թեեւ ծնվել եմ Երեւանում, երեւանցի չեմ՝ ծնողներս Երեւանում չեն ծնվել, եւ ես մայրաքաղաքում չեմ ապրում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Աղբյուր՝ https://www.aravot.am
Komentáre