Սույն թվականի սեպտեմբերի 2-ին Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը, որի անդամ է նաև «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը, ընդունեց Արցախի վերաբերյալ բանաձև:Ստորև ներկայացնում ենք բանաձևի ոչ պաշտոնական թարգմանությունը հայերեն լեզվով.
Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության բանաձևըՃանաչելով Լեռնային Ղարաբաղի խաղաղ հայ բնակիչների սպանությունները և այլ բռնությունները՝ ներառյալ խոշտանգումները,
Ճանաչելով Լեռնային Ղարաբաղի քաղաքական առաջնորդների կալանավորումը,Ճանաչելով 2023 թվականի սեպտեմբերին զանգվածային բռնությունների սպառնալիքի ներքո Լեռնային Ղարաբաղից 100,000 հայ բնակիչների վտարումը,
Ճանաչելով հակահայկական ատելության խոսքի և ցեղասպանական մտադրությունների պատմությունը, որն Ադրբեջանի լրատվամիջոցները, քաղաքական, ռազմական և կրոնական ղեկավարներն են տարածել,
Ընդունելով, որ Ադրբեջանը կալանավորել է հայ զինվորականներին և խաղաղ բնակիչներին, որոնցից ոմանց գտնվելու վայրերը դեռ անհայտ են,Ճանաչելով, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ոչնչացրել է հայկական մշակութային ժառանգությունը,
Ընդունելով 1988-1992 թվականներին Լեռնային Ղարաբաղի հանրաքվեն՝ միանալու Հայաստանի Հանրապետությանը կամ անկախ պետություն դառնալու նպատակով, որոնք երբեք միջազգային ճանաչում չեն ստացել,
Ընդունելով, որ Ադրբեջանը 2022 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի սեպտեմբեր արգելափակել էր Լաչինի միջանցքը՝ կանխելով սննդի, վառելիքի և դեղորայքի մատակարարումը Լեռնային Ղարաբաղի բնակիչներին՝ ստեղծելով հումանիտար ճգնաժամ, որը հանգեցրել է թերսնման, սովից մահվան և հոգեբանական վնասի,
Հիշեցնելով 2023 թվականի փետրվարի 6-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որն Ադրբեջանին պարտավորեցնում էր վերացնել Լաչինի միջանցքի արգելափակումը,
Հիշեցնելով նաև 2023 թվականի նոյեմբերին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որը պարտադրում էր Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգ վերադարձը,Ճանաչելով Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023 թ․ փետրվարի և նոյեմբերի որոշումները չկատարելը,
Ճանաչելով, որ Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին ռմբակոծել է Լեռնային Ղարաբաղը՝ 200-ից ավելի զոհերի և 100,000 հայերի հարկադիր տեղահանման ելքով,
Ընդունելով միջազգային մտահոգությունները Ադրբեջանի կողմից Հայաստան հնարավոր ներխուժման վերաբերյալ,
Ընդունելով միջազգային իրավաբանների, ՄԱԿ-ի ներկա և նախկին պաշտոնյաների, այլ կազմակերպությունների ու գիտնականների կարծիքները՝ ցեղասպանության վտանգի և Լեռնային Ղարաբաղի արգելափակումը որպես ցեղասպանություն որակելու վերաբերյալ,
Ճանաչելով, որ Ադրբեջանը 1948 թ. ՄԱԿ-ի ցեղասպանության մասին կոնվենցիայի անդամ է,
Ճանաչելով, որ Ադրբեջանը 1949 թ. Ժնևյան չորս կոնվենցիաների, 1954թ. Հաագայի մշակութային ժառանգության պաշտպանության կոնվենցիայի և 2006թ. Բռնի անհետացումների դեմ բոլոր անձանց պաշտպանության կոնվենցիայի անդամ է,
Ճանաչելով, որ Ադրբեջանը Խոշտանգումների դեմ 1984 թ. կոնվենցիայի, ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման 1965թ. կոնվենցիայի, ինչպես նաև մի շարք այլ միջազգային մարդու իրավունքների վերաբերյալ պայմանագրերի անդամ է,
Ճանաչելով, որ Հայաստանը 2024 թվականի փետրվարի 1-ին վավերացրել է Հռոմի ստատուտը՝ ընդունելով Միջազգային քրեական դատարանի իրավասությունը:Հետևաբար՝ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը՝
1. Հայտարարում է, որ 2022 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի սեպտեմբեր Լեռնային Ղարաբաղի արգելափակումը, այդ թվում` Լաչինի միջանցքի փակումը, որակվում է որպես կյանքի այնպիսի պայմանների ստեղծում, որոնք հանգեցնելու են էթնիկ հայերի ֆիզիկական ոչնչացմանը կամ տեղի հայերին ֆիզիկական վնաս պատճառելուն, որոնք ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիայով համարվում են ցեղասպանական գործողություններ:
2. Հայտարարում է, որ 2023 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին էթնիկ հայերի հարկադիր տեղահանումը արգելափակման և ռմբակոծման միջոցով էթնիկ զտում և մարդկության դեմ ուղղված հանցագործությունն է` բռնի տեղափոխում և տեղահանություն:
3. Հայտարարում է, որ խաղաղ բնակչության ռմբակոծումը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է:
4. Հայտարարում է, որ հայ ռազմագերիների և խաղաղ բնակիչների խոշտանգումը և սպանությունը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է:
5. Կոչ է անում Ադրբեջանին ազատելու հայ ռազմագերիներին:
6. Կոչ է անում Ադրբեջանին կատարելու Արդարադատության միջազգային դատարանի որոշումները:
7. Կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը կանխելու հայերի իրավունքների հետագա խախտումները:
8. Կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը կանխելու հայերի՝ իրենց հայրենիքից հետագա տեղահանությունները և հարգելու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը:
9. Կոչ է անում պաշտպանելու հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում:
10. Կոչ է անում միջազգային հանրությանը պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը:
11. Կոչ է անում միջազգային հանրությանը երաշխավորելու հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ:
12. Կոչ է անում ճանաչելու Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ գործած հանցագործությունները:
13. Խորհուրդ է տալիս անցումային արդարադատության միջոցներ կիրառել, այդ թվում՝ պատժամիջոցներ, Միջազգային քրեական դատարանի կողմից գործի քննություն:
14. Կոչ է անում Միջազգային քրեական դատարանի դատախազին հետաքննելու հանցագործությունները:
15. Կոչ է անում Ադրբեջանին զորքերը դուրս բերելու Հայաստանի Հանրապետությունից և հարգելու Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը։
Բանաձևն ընդունվել է 2024 թվականի սեպտեմբերի 2-ին:
Ամբողջական հայտարարությունը կարող եք տեսնել այստեղ՝
Comentários