Գերմանիան մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով և հանդես է գալիս Բաքվի ու Երևանի միջև տարաձայնությունները կարգավորելու օգտին:
Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում: «Կարևորը, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը աստիճանաբար կարողանան կարգավորել իրենց բազմամյա հակամարտությունը:
Վարչապետը պատմեց ինձ ընթացիկ իրավիճակի մասին: Մենք նախկինի պես անհանգստացած ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անկայուն իրավիճակի կապակցությամբ և առաջին հերթին` գնալով ավելի ծայրահեղ դարձող մարդասիրական իրավիճակով»,- ասել է կանցլերը:
Նրա խոսքով` «այս իրավիճակը պետք է հասցնել ընդունելի լուծման` հանուն տեղի բնակիչների»: «Մեր տեսանկյունից հիմա կարևոր է հասնել խաղաղ լուծման` Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության, Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքի հիման վրա: Այս բոլոր ասպեկտները հավասարապես կարևոր են»,- ասել է Շոլցը:
Գերմանիայի կանցլերը նաև աջակցություն է հայտնել Հայաստանում ծավալված ԵՄ քաղաքացիական առաքելությանը, որը, նրա խոսքով, պետք է նպաստի իրավիճակի կարգավորմանը: Ըստ Շոլցի` այդ առաքելությունը «կարևոր ներդրում» է տարածաշրջանում:
Սկզբնաաղբյուր՝ https://www.aravot.am
Comments