Երբ մեկը Հայաստանից գալիս է Լոս Անջելես, այստեղ ընդունված սովորության համաձայն հարցնում են․ «Երևանի՞ց ես եկել» , մոռանալով, որ հայրենիքը չի պարփակվում միայն մայրաքաղաքով։ Սակայն հարցի մեջ կա մի պարզ անկեղծություն, որ աշխարհի բոլոր հայերը՝ անկախ բնակության վայրից, ապրում են Երևանով, շնչում ու հպարտանում ողջ հայության մայրաքաղաքով։ Բնականաբար Երևանում կատարվող ամեն ինչ մտահոգում է նաև նրա սահմաններից դուրս ապրող հայերին։
Լոսանջելեսահայերը մշտապես աչքի են ընկնում իրենց քաղաքական ու հասարակական կյանքի ակտիվությամբ, համազգային հարցերում իրենց ծանրակշիռ ներդրումով ու մասնակցությամբ։ Այսօր, ինչպես մեր ողջ ժողովրդի, այնպես էլ լոսանջելեսահայերի ուշադրության կենտրոնում է Արցախի հարցը։ Այն ոչ այլ ինչ է, քան մեր լինելիության խնդիրը։ Եվ քանի որ յուրաքանչյուր գիտակից հայ ապրում ու շնչում է Մայր Հայաստանով, հետևաբար առօրյա մտահոգության խնդիրներից է դառնում նաև քաղաքամայր Երևանի քաղաքապետի ընտրությունը։ Եթե Արցախի ճակատագիրը մեր հարատևության գոյապայքարն է, ապա Երևանն էլ մեր երկրի այցեքարտն է, դեմքը՝ իր բոլոր կողմերով։
Ցավ ի սիրտ արձանագրում ենք, որ այսօր լուրջ թեկնածուների կողքին պայքարի են ելել տխրահռչակ նախկիններն ու նորերը, անցյալից մնացած այժմեականները, ապագայի թվացյալ քաջամարտիկները, ինչու չէ նաև հին ու մաշված նորելուկները․․․
Այս ամենով հանդերձ, բոլորից տարբերվում է մի լուսավոր երիտասարդ, որն արդեն իսկ կերտել է փայլուն կենսագրություն։ Խոսքը, այո՛, Դավիթ Խաժակյանի մասին է, որն անձնապես ծանոթ չէ լոսանջելեսահայերին, բայց «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որն առաջադրել է նրան, մեծ հռչակ է վայելում Ամերիկայի հայության շրջանում և շատ շատեր խոր ակնածանք ունեն հենց այս ուժի նկատմամբ։ Բավական է հիշել 2017 և 2019 թթ․-ին կուսակցության նախագահ, պարոն Էդմոն Մարուքյանի փառահեղ ընդունելությունը Լոս Անջելեսում, ինչպես նաև նրա քաղաքական, ազգային ու հոգևոր հանդիպումներն այստեղ՝ ի նպաստ Հայստանի ու համայն հայության։
Դավիթ Խաժակյանը լինելով Հայաստանի ՏՏ ոլորտի առաջատար մասնագետներից մեկը՝ նաև գիտնական է, ունի տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, ուսանողության շրջանից ակտիվորեն մասնակցել է հայրենիքում տեղի ունեցող քաղաքական, հասարակական գործընթացներին։ Երկու անգամ անընդմեջ ընտրվել է Երևանի ավագանու անդամ՝ ղեկավարելով «Ելք», ապա՝ «Լույս» դաշինքները։ Մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահել մայրաքաղաքի բազում խնդիրները, հանդես է եկել բազմաթիվ առաջարկություններով և հիմնարար փոփոխություններով։ Արդարամիտ ու շիտակ գործունեությամբ, իր նպաստն է բերել Երևանում բազմաթիվ ապօրինությունների կանխարգելմանը։ Իր ամենօրյա ուշադրության կենտրոնում է եղել Երևանին հուզող հարցրերը։ Մշտապես բարձրաձայնել է բնակիչների հոգսերը, փորձել գտնել հիմնարար լուծումներ։ Չմոռանանք նաև, որ իր օգտաշահ գործունեության շնորհիվ, դարձել է Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի հայաստանյան պատվիրակ, ուր արժանապատվորեն բարձրացնում է մեր երկրին հուզող բազմաթիվ հարցեր։ Շատ սփյուռքահայեր, որոնք ունեն նաև տարբեր երկրներում ապրելու, հայապահպանության ջահակիրը լինելու դժվարին ու պատասխանատու փորձառություն, հենց Դավիթ Խաժակյանի ու նման բարձր պատասխանատվությամբ երիտասարդների հետ են կապում մեր երկրի ապագան։ Անհրաժեշտ է ընդգծել, որ սեփական օրինակով գիտենք, թե ինչ է նշանակում քաղաքային խորհրդում լինել ակտիվ ու աչալուրջ քաղաքական գործիչ։ Օրերս Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի հանրահայտ գործիչներից Փոլ Գրիգորյանի ջանքներով էր, որ Լոս Անջելեսում ադրբեջանի դեսպանության շենքի հարակից հրապարակը վերանվանվեց Արցախի հանրապետության անունով։
Մենք հավատում ենք, որ նմանօրինակ քաջագործությունների, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, Մայր Հայաստանի ու Երևանի բարօրության առաջամարտիկ Դավիթ Խաժակյանի պես անկաշառ անհատներ են պետք ոչ միայն Երևանին, այլև մեր երկրի բոլոր քաղաքներին, որպեսզի Լոս Անջելեսից մինչև Երևան, Ստեփանակերտից մինչև Սիդնեյ կարողանանք շարժվել մեկ միասնական հայրենիքով, մեկ ժողովրդով և մեկ եկեղեցիով։
Ուրեմն բոլորս հորդորենք մեր երևանաբնակ հայրենակիցներին իրենց ձայնը տալ ամենաարժանավորին՝ Դավիթ Խաժակյանին։
«Ձայն բազմաց՝ Ձայն Աստուծոյ»։
Թղթակից
Comentários