2023 թ․-ի սեպտեմբերի 8-ին Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում առավոտյան ասամբլեան նվիրվեց հայազգի մեծանուն բարերար, Ասիայում բոլոր ժամանակների ամենանշանավոր հայ Խաչիկ Պողոսի Աստվածատուրյանի՝ Խաչիկ Պոլ Չաթերի հիշատակին՝ վերջինիս ծննդյան օրվա առիթով։
Ճեմարանի «Հայոց պատմության» և «Հայ Եկեղեցու պատմության» ուսուցչուհի տիկին Լիանա Փիրումյանի պատրաստած տեղեկատվական զեկույցի շնորհիվ, որը ներկայացրեց 9-րդ դասարանի աշակերտ Ալեն Կակոյանը, ճեմարանի տեսչությունը, ուսուցչական կազմն ու աշակերտները վերհիշեցին Աստվածատուրյանի կյանքն ու գործունեությունը, ծանոթացան նոր ուշագրավ փաստերի։
Խաչիկ Պողոսի Աստվածատուրյանը ծնվել է 1846թ․ սեպտեմբերի 8-ին, Հնդկաստանի Կալկաթա քաղաքում, մկրտվել տեղի Սուրբ Նազարեթ հայոց եկեղեցում։ Կալկաթայի Լա Մարտինիեր դպրոցն ավարտելուց հետո 18-ամյա պատանին քրոջ հետ մեկնել է Հոնկոնգ և իր աշխատասիրության ու խորագիտության շնորհիվ կարճ ժամանակում դարձել Հոնկոնգի նշանավոր դեմքերից մեկը։ Նա իր կայուն դիրքն է ձեռք բերել տեղի պետական-հասարակական կյանքում՝ զբաղեցնելով մի շարք պաշտոններ և արժանանալով մի քանի տիտղոսների։ Նա մեծ ներդրում է ունեցել Հոնկոնգի քաղաքաշինության, տնտեսության զարգացման գործում։ Լինելով շնորհակալ ու վեհանձն, ինչպես նաև մեծ հայրենասեր՝ Աստվածատուրյանը չի մոռացել նաև բարեգործության մասին։ Նրա նյութական աջակցության շնորհիվ սննկացումից փրկվել և մինչ օրս շարունակում է գործել Կալկաթայի Լա Մարտինիեր անգլիական դպրոցը։ Նա հովանավորել է աշխարհի բազմաթիվ այլ հասարակական, կրոնական կազմակերպությունների։ Մեծանուն հայը մշտապես իր հովանավորության տակ է պահել նաև հայրենակիցներին՝ նյութական մեծ օգնություն ցուցաբերելով ոչ միայն հնդկահայ համայնքին, եկեղեցիներին ու դպրոցներին, այլև Հայաստանին, աշխարհասփյուռ հայությանը:
Խաչիկ Պողոսի Աստվածատուրյանը մահացել է 1926 թվականի մայիսի 27-ին։ Նրա աճյունն ամփոփված է հոնկոնգյան գերեզմանատանը։
Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը և հնդկահայ համայնքը մշտապես և խորին հարգանքով է հիշում Խաչիկ Պողոսի Աստվածատուրյանին՝ իր բարերարի անունը վառ պահելու համար նրան նվիրված միջոցառումներ կազմակերպելով և նրա, ինչպես նաև ընտանիքի անդամների հոգիների խաղաղության համար Հոգեհանգստյան կարգ կատարելով։
Թղթակցությունը Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանից
Comentários