Չէր կարող պատահել, որ հոշոտվող հայրենիքի ցավն ու պատմական նոր ողբերգությունն իր գեղարվեստական արտացոլումը չունենար ժամանակակիցների արվեստում, մեր գրականության մեջ : Արդեն իսկ արարվել են մնայուն, արժեքավոր ստեղծագործություններ, որոնք ոչ միայն մեզ բաժին հասած դրուժան իրականության մեջ հայրենիքի նկատմամբ անդավաճան սիրո անհրաժեշտությունն ու վեհությունն են շեշտում, այլև ակնակիր իրականության մեջ փարոսի պես ցուցանում են մեր ուղղությունը դեպի փրկության այն ափն ու երկիրը, որի ընդերքում են հարատևության ազգային արմատները:
Այս առումով, նկարչության մեջ ակնառու են Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանի վերջին շրջանի ստեղծած կտավները և, հատկապես, մեծադիր «Մղձավանջ» գեղանկարը, Եվա Գևորգյանի «Մատյան լինելության» նկարաշարքը, նոր թատերգրություններ գրվեցին, զորօրինակ՝ Կարինե Խոդիկյանի «Տունը սահմանի վրա» պիեսը, տաղերգության մեջ՝ բանաստեղծներ Խաչիկ Մանուկյանի ընդվզուն քերթությունները, Հովիկ Հովեյանի խոհափլիսոփայական բանաստեղծությունները, Ռուզան Հովասափյանի «Խաչված օրեր» բանաստեղծությունների ժողովածուն և այլն…
Ահա, վերջինի մասին է, որ ուզում եմ խոսել, քանզի, ազգային բանաստեղծության շտեմարանի կին ստեղծագործողների բազմանուն շարքում Ռուզանը տաղերգուի նկարագրով նոր շունչ ու երանգ է բերում՝ հաստատելով իր տեղը հայոց քնարերգության մեջ, վերահաստատելով հայոց ավանդական տաղերգության գանձարանի համամարդկային արժեքն ու մշտատև կենսունակությունը:
Բանաստեղծուհու երրորդ գիրքն է «Խաչված օրերը», որն իր ոճաբանությամբ ու թեմայով նախորդների տրամաբանական շարունակությունը լինելով, նոր և բարձր աստիճանի վրա է ոչ միայն տաղերգական հղկված ու անթերի շարադրանքով, այլև, ու հատկապե՛ս, հանրության այսօրվա տագնապները, մտահոգությունները, կրած ցավն ու տվյատանքները բանաստեղծական ինքնատիպությամբ, զուտ կանացի զգացմունքայնությամբ արտահայտելու և զորեղ ու երջանիկ հայրենիք ունենալու տեսլականը պահպանելու հաստատակամությամբ:
Ժողովածուն ներկայանում է երեք շարքով՝ «Սիրուդ ջուր եմ խառնել», «Խփված տողեր» և «Դու կարմիրդ հանիր, ես՝ սևերս»:
Սիրուդ
Ջուր եմ խառնելՙ
Որ սիրտս դիմանա.
մի բուռ ջուր է,
Բայց աչքերս չեն ցամաքում…
Ես ի՞նչ եմ անելու,
Երբ գա
Սիրուդ
Ծով խառնելու
Ժամանակը…
Այսպես է ներկայացնում իր սերը բանաստեղծուհին և, ապա՝
Մինչև
Փյունիկի պես
Կհառնես մոխիրներից,
Ինձ կմոխրացնի այն ցավը,
Որ դու, հայրենիք,
Մի սովորական թռչուն ես դարձել…
Ու փոխանակ
Ցավս փոքրանա,
Դու ես փոքրանում:
Կարիք կա՞ , արդյոք, վերլուծելու, բացատրելու կամ փաստելու, թե որքա՜ն ողբերգական է նրա զգացմունքն իր սիրեցյալ հայրենիքի նկատմամբ, երբ այսպիսի ինքնատիպ տաղերգականությամբ է արտահայտվում: Սակայն, շարունակենք հետևել նրա մտքի ընթացքին… Չէ, հոգու, սրտի ընթացքին.
Ու երբ քառասուն օր
Երկաթե անձրև տեղաց,
Ու երբ ջրերի տեղ
Տղերքի արյունը քաշվեց,
Ես շյուղի հետևից
Ուզեցի աղավնի ուղարկել-
Երկինքը չկար…
Աստվածաշնչյան պատմության նմանօրինակ տարաձևությունը նոր՝ անելանելի իրավիճակում զգալու բանաստեղծուհու տվյատանքն իր պատճառն ունի.
Երկու հազար քսան թվականին
Աշունը
Իմ հայրենիք չեկավ-
Քսան տարեկան տղերքն էին
Ծառերը կարմիր ներկում…
Մի պահ ետ քաշվենք պատումի իրադարձային գեղարվեստականությունից և ուշադրություն դարձնենք հեղինակի տաղերգական գեղարվեստին, բերելով հատկանշական մի օրինակ.
Այդ աշնանը
Իմ հայրենիքում
Նռները
Չհասցրեցին ճաքել…
Նորից աշուն է
Ու էլի՛ կարմիր…
Այն չճաքած
Նռներն են ճաքել…
Սա, ըստ իս, ստեղծագործողի լայն մտահորիզոնի և արվեստագետի խորաթափանց մտքի հայտնագործություն է: Միտքս հաստատելու համար նուռ բառի ստուգաբանությանը չեմ դիմի, քանզի երկար մեջբերումներ կպահանջեր: Հիշենք միայն, որ թե՛ հայերենում և թե՛ հնդեվրոպական լեզուներում նուռ և նռնակ բառերը նույնարմատ են (հատիկավոր- granatus, լատ.), և Ռուզան Հովասափյանն այս բառերն օգտագործելով ոչ միայն ներքին հանգ է ապահովել, այլև դրանց նույնական արմատի, բազմիմաստություններն է պատկերավոր հակադարձել՝ հիրավի, բանաստեղծական գոհար ստեղծելով:
Եթե շարունակենք այսպես, ապա ստիպված կլինենք մեջբերումներ անել բոլոր բանաստեղծություններից, որոնք, իրենց հերթականությամբ հուշում են, որ հեղինակը սոսկական չի զետեղել դրանք, այլ նպատակադրել է իր զգացմունքների հարաճուն ընթացքով տաղ առ տաղ կերտել սիրեցյալի կերպարը՝ ամբողջության մեջ թատերգրությանը հատուկ սյուժետային զարգացում, ապրումների գագաթնակետ ապահովելով:
Մարդեղենացնելով սիրեցյալի կերպարը` բանաստեղծուհին, որ վեհագույն սիրո երկկերպար պատումի հերոսուհին է, վերջապես, գրքի վերջին բաժնում, բարձրաձայնում է իր սիրո անունը՝ Նաիրի: Դրանից հետո քերթությունների տաղաչափությունն էլ է փոխվում՝ դառնում հնադավան-նաիրյան, և ապրումներն ավելի կանացի են և ավելի անձնական ու հուզիչ.
Ամեն ինչ ծաղր է, ամեն ինչ ծախու,
Երեկն, այսօրը և օրը վաղվա,
Մի տեղ անունիդ կրակն է ծխում,
Ո՞ւր է անունդ, Նաիրի տղա:
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Քեզ երազելն է ապրեցնում նորից,
Որքան էլ մեղքդ բաց վերքիս տեղա,
Որքան էլ երգս մենակ թողնի ինձ,
Իմն ես լինելու, Նաիրի տղա:
«Խաչված օրերը» հայրենասիրության յուրատեսակ ձոն լինելով, խաչ բարձրացվող սիրեցյալ հայրենիք-Նաիրի տղային անդավաճան մնալու և նրա հարությանը հավատալու յուրօրինակ տաղերգական ասք է, հայուհի Մագթաղինացու խոստովանություն-աղոթք:
Սամվել Խալաթյան
Comments