top of page

Ծաղկազարդի մանկական բացառիկ փառատոնը Գլենդելում (Տեսանյութ)


2023 թ․-ի ապրիլի 2-ին, Գլենդելի <<Վերդուգո>> այգում տեղի ունեցավ նախադեպը չունեցող մանկական փառատոն։ Հայ մշակույթի փառաբանությանը միահյուսվել էր օրվա կրոնական՝ Ծաղկազարդի խորհուրդը՝ իր մեջ ներառելով օրհնության, սեր ու միություն։ Տոնախմբության գլխավոր կազմակերպիչն էր հայտնի լրագրող, ազնիվ մտավորական Նանե Ավագյանը, որն իր մտահղացումը կյանքի էր կոչել ԱՄՆ Արևմտյան թեմի բարեխնամ առաջնորդ, գերաշնորհ Տ․ Հովնան արք․ Տերտերյանի օրհնությամբ։

Ողջ օրվա ընթացքում չդադարեց բազմահազար մանուկների հոսքը դեպի այգի՝ այն վերածելով յուրօրինակ Հայաստան աշխարհի։ Իրենց մասնակցությամբ փառատոնը զարդարեցին համայնքի գրեթե բոլոր հայտնի մշակութային օջախները՝ երաժշտական դպրոցները, երգչախմբերը, պարարվեստի ներկայացուցիչները, նշանավոր արտիստներն ու համայնքի ղեկավարները։

Այգու ողջ երկարությամբ ձգվում էր նաև հայկական տաղավարները, որոնց օգտակար նշանակությունն ու ներկայությունը համեմում էր օրվա խորհուրդը։ Հետաքրքիր էր մանկական կերպարների, հատկապես նորաբաց տիկնիկային թատրոնի <<Անի տիկնիկ>>-ի շուրջ ստեղծված խանդավառությունը։

Առաջնորդ Հովնան սրբազանի կարգադրությամբ այգում մանուկների օրհնության կարգ կատարեց հոգեշնորհ Տ․ Երեմիա վրդ․ Աբգարյանը։

Արևմտյան թեմից իրենց մասնակցությունը բերեցին <<Փոքրիկ հրեշտակներ>> շաբաթօրյա դպրոցի 3-րդ դասարանի տաղանդավոր աշակերտները՝ գլխավորությամբ արհեստավարժ ուսուցչուհի, տիկին Անահիտ Ամիրյանի։ Նրանք հանդես եկան Հովհաննես Թումանյանի <<Բերիկենդանը>> հեքիաթի փոքրիկ բեմադրությամբ, ինչպես նաև <<Հայրենիքիս հետ>> բանաստեղծության խմբակային արտասանությամբ։ Հատուկ տաղավարով էր ներկայացված թեմի <<Երեխաների ձայնը>> (Sound of Children) երաժշտական, մշակութային միությունը՝ գլխավորությամբ ազնիվ տիկին Սիրվարդ Կավուկջյանի, որի աշակերտները ևս հարստացրեցին օրն իրենց անզուգական երգերով։

Թղթակից



Comentários


bottom of page