Աննախադեպ ու անսպասելի փոփոխությունների ժամանակներում ենք ապրում։ Տասնամյակներ շարունակ պատերազմի մասին խոսակցություններ սահմանի այն կողմից՝ Բաքվից էինք լսում, հիմա պատերազմի վտանգի մասին մեզ պարբերաբար հիշեցնում են հենց մեր հարազատ ղեկավարները։ Ահավասիկ՝ «Մեր քաղաքականությունն այն է, որ մենք պետք է պատերազմ թույլ չտանք, մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում»,- մի քանի անգամ պնդեց Հայաստանի վարչապետը՝ հանդիպելով Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ։ Սակայն բոլորը, այդ թվում, իհարկե, մեր երկրի ղեկավարները, քաջ գիտակցում են, որ եթե մենք պատերազմ չենք ցանկանում, դա ամենեւին չի նշանակում, որ պատերազմ չի լինի, նույնիսկ եթե մենք լրջագույն զիջումների դիմենք եւ օրական երեք անգամ կրկնենք, որ պատերազմ չենք ցանկանում։
Այդ դեպքում, ուղղակի պարզ չէ, թե ինչու ենք այդքան հաճախ կրկնում նույն բանը։ Չէ՞ որ դառը փորձ ունենք. մոտ կես տարի շարունակ գրեթե ամեն շաբաթ տարբեր առիթներով նորից ու նորից հավաստիացնում էինք, թե ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը այսքան քառակուսի կիլոմետրի վրա՝ ակնկալելով, որ հակառակ կողմն էլ նույնը կանի եւ հրապարակավ կհնչեցնի մեր հարազատ 29 հազար 800-ը։ Մինչեւ հիմա ոչ մի անգամ չլսեցինք մեր ուզած այդ թիվը ադրբեջանցի որեւէ պաշտոնյայի շուրթերից։
Իհարկե, կարող եք ասել՝ իսկ ի՞նչ վատ բան կա, եթե մենք անընդհատ հավաստիացնում ենք միջազգային հանրությանը, որ պատերազմ չենք ցանկանում։ Բայց ախր, մեր այդ հավաստիացումները Բաքվում էլ են լսում։ Ու եզրակացնում, որ եթե դիմացինը սարսափած է պատերազմի հեռանկարից, ուրեմն հավերժ պահելով նրան այդ սպառնալիքի տակ, կարելի է ավելի ու ավելի լուրջ զիջումներ, նորանոր պահանջներ պարտադրել։ Դրա նախադեպը կա։
Իմ սերնդակիցները երեւի կհիշեն, որ անցած դարի վերջին - նոր դարի սկզբին Սիրիան Լիբանանին իր խամաճիկն էր դարձրել։ Կթում էր։ ՄԱԿ-ն իր զեկույցում մի անգամ արձանագրել է, որ Սիրիան 1990 թվականից ի վեր տարբեր ճանապարհներով Լիբանանից տարեկան գանձել է 2 միլիարդ դոլար, եւ սիրիական այդ «ռեկետի» ընդհանուր գումարը 2005 թվականին կազմել է 30 միլիարդ դոլար, ինչը Լիբանանի արտաքին պարտքի առյուծի բաժինն էր։ Ավելին, ըստ վերլուծաբանների, ժամանակի ընթացքում Դամասկոսի ազդեցությունը լիբանանյան հասարակության վրա այնքան սաստկացավ, որ Սիրիան էր որոշում, թե որ քաղաքական ուժերը պետք է իշխեն Բեյրութում՝ կախված Սիրիայի նկատմամբ նրանց վերաբերմունքից։ Հետազոտողներից մեկը նույնիսկ փաստել է՝ ի վերջո Սիրիան սկսեց միջամտել նաեւ Լիբանանի սահմանադրական գործընթացներին։ Համաձայնե′ք, միանգամայն ծանոթ պատկեր է։
Ընդհանրապես, երբ ծանոթանում ես Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ վարչապետի հանդիպման մասին պատմող նյութերին, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ կողմերը տարբեր լեզուներով էին խոսում։ Եւ դա լիովին հասկանալի է։ Տեղաբնակն, իհարկե, դեռ հիշում է, որ 4 գյուղերը որոշ ժամանակ հարեւաններին են պատկանել, բայց վերջին երեք տասնամյակում դրանք ընկալվել են որպես Հայաստանի անքակտելի մաս։ Եւ հիմա դրանց հանձնումը հսկայական խնդիրներ է առաջացնելու։ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ահազանգել է՝ եթե Ադրբեջանին հանձնվեն այն տարածքները, որոնց մասին խոսվում է, Ադրբեջանը մոտ 15 կիլոմետր խորանալու է այդ տարածքում՝ անվտանգության լուրջ խնդիրներ առաջացնելով Հայաստանի համար։
Իսկ Հայաստանի նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը տեղացիների մտահոգություններն այսպես է ամփոփել. «Տավուշի համայնքների հարեւանությամբ հայտնվելու են ադրբեջանական զինված ծառայողներ, ինչը հանգեցնելու է համայնքների մեկուսացման, միջպետական ճանապարհի տարբեր հատվածներ դառնալու են անօգտագործելի ու վտանգված, իսկ այսպես կոչված այլընտրանքային ճանապարհները չեն լրացնելու բացը: Վտանգվելու է հատկապես Տավուշով հայ-վրացական սահմանային հաղորդակցությունը: Ռազմավարական օբյեկտները՝ գազատարներ, ջրային ռեսուրսներ և այլն, հայտնվելու են ադրբեջանցիների թիրախում կամ նրանց վերահսկողության ներքո»:
Այնինչ, պետության ներկայացուցիչները բոլոր դեպքերում հիմնավորում են, թե ղեկավարվում են պետության շահերով։ Եկեք հիմա վիճաբանություն չծավալենք այն մասին, թե ովքեր են մեղավոր մեր այսօրվա ծանր եւ բոլորովին ոչ շահեկան իրավիճակի համար, քանզի դա անիմաստ է։ Որքան էլ մեղադրես ու հայհոյես իշխանավորին, նա ելնելու է արդեն գոյություն ունեցող իրողություններից. մեզ հաղթած ու մեզ գերազանցող հարեւանը պահանջ է դնում, պիտի կատարենք։ Բայց էստեղ մի վճռորոշ նրբություն կա՝ չափազանց դժվար է ասել, արդյոք այս զիջողական դիրքորոշումը կանխելո՞ւ է ռազմական գործողությունները, թե՞ ընդհակառակը՝ թուլության տպավորություն է ստեղծելու եւ դրդելու է հակառակորդին ուժային եղանակներով լուծելու բոլոր խնդիրները։
Ախր հենց սա է ամենակարեւոր եւ սկզբունքային հարցը՝ պատերա՞զմ, թե՞ պատերազմի հավերժ վտանգ։
Արմեն Դուլյան, Սպուտնիկ Արմենիա
Լուսանկարները սահմանամերձ Ոսկեպարից։
Comments