top of page

<<Կալաշնիկով Տիրամայրը>>․․․


Ձախ կողմի լուսանկարը հայտնի է «Տիրամայրը կալաշնիկովով» («Мадонна с калашниковым») անվանումով։ Լուսանկարի հեղինակը ռուս ֆոտոլրագրող Օլեգ Կլիմովն է, ով այդ զենքը ձեռքին կնոջը պատկերել է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ` Ստեփանակերտում, ուր հավաքվել էին բազմաթիվ փախստական հայեր։


Լուսանկարում 42-ամյա շահումյանցի Էլլա Հարությունյանն է, ով սպասում էր որդուն` Անդրանիկին, որպեսզի նրան տա ավտոմատը։ Մի քանի րոպե անց որդին կվերցնի ավտոմատը մոր մոտից և այլևս կռվից տուն չի գա։


Լուսանկարում Էլլայի թիկունքում կանգնած է ամուսինը` Լավրենտը, ով շուտով նույնպես կզոհվի։ Իսկ այդ լուսանկարն անելուց օրեր առաջ, ադրբեջանցիները եկեղեցում կտրել էին Էլլայի հոր կոկորդը։


Լուսանկարը հայտնվել էր համաշխարհային մամուլի էջերին։ Այդ լուսանկարի մասին պատմվում է նաև «Նամակներ ինքն իրեն» («Письма самому себе», Letters to myself) վավերագրական ֆիլմում։


Ֆոտոլրագրող Օլեգ Կլիմովը շուրջ 20 տարի որոնել էր այդ կնոջը։ Որոնել էր Արցախում, բոլորին ցուցադրելով լուսանկարը։ Որոնել էր Հայաստանում։ Միայն այստեղ, Սևանա լճի ափին, Վարդենիսում էր հանդիպել նրան, ուր բնակություն էր հաստատել նա պատերազմից հետո և չիչխան էր հավաքում։


Կլիմովն անմիջապես ճանաչել էր այն «կալաշնիկովով տիրամորը», ում շատ տարիներ առաջ լուսանկարել էր Արցախում։


Եվ ահա 20 տարի անց ռուս ֆոտոլրագրողը կրկին լուսանկարել է Էլլա Հարությունյանին (աջի լուսանկարը)։ Այս անգամ նա շրջապատված է իր կենսուրախ թոռնիկներով, որոնք պատերազմում ողջ մնացած իր միակ որդու` Ալեքսանդրի զավակներն են։


Այնուամենայնիվ կյանքը շարունակվում էր և լուսանկարի տխուր պատմությունը յուրացվել էր այդ նույն կյանքի օրենքների կողմից։

Comments


bottom of page