top of page

ՀԱԿՈԲ ԱԶԻԶՅԱՆ - 85


ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի պատվավոր քաղաքացի, թատրոնի համար երկրորդ շնչառություն ապահովող ԵԹԿՊԻ-ի Վանաձորի մասնաճյուղի հիմնադիր տնօրեն Հակոբ Ազիզյանի 85-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն տեղի ունեցավ արտիստի ծննդյան օրը՝ ապրիլի 19-ին, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։

Երեկոյին ներկա էին Լոռու փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանը, Վանաձորի համայնքապետարանի կրթության, մշակույթի և տուրիզմի բաժնի պետ Քրիստինե Մադոյանը, ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը, արտիստներ, մտավորականներ, թատերասեր հանրություն։

  • Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանն այցելեց Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոն՝ շնորհավորելու արտիստի հոբելյանը։ Նա նախ շրջեց թատրոնի ճեմասրահով, որտեղ ցուցադրության էին դրված Ազիզյանի բեմական հանդերձանքները, մրցանակներն ու լուսանկարներ։ Այնուհետ համայնքի ղեկավարն այցելեց արտիստին և մոնոներկայացման բեմելից առաջ շնորհավորեց նրա տարեդարձը։ Արկադի Փելեշյանը Հակոբ Ազիզյանին բարեմաղթեց քաջառողջություն և երկար տարիների կյանք։

Թատրոնի ճեմասրահը վերածվել էր յուրօրինակ թանգարանի, որտեղ ներկայացված էին Հակոբ Ազիզյանի ստեղծագործական կյանքի տարբեր դրվագներ՝ սկսած ժամանակակիցների բնութագրմամբ՝ անմոռանալի Կապույտ ձիավորից ու վերջացրած Ազիզյանի՝ առայժմ վերջին դերակատարման՝ «Երկիր հայրենիի» Սպարապետով /2021/։

Ավելի քան կես դար Հակոբ Ազիզյանն իր ազնվական ներկայությամբ զարդարում է վանաձորյան թատերական ներկապնակը։ Թատրոնում և կինոյում նրա խաղացած դերերը լավագույնս ներկայացնում են արտիստի կերպարը։

Իսկ բեմից դուրս Հակոբ Ազիզյանն այսպիսին է․«Որքան տարիքն ու փորձը կուտակվում են, համոզվում ես, որ արվեստը բնածին է․․․ Տարիների ընթացքում մարդն ու արվեստագետը միասին են հասունանում։ Պիտի ընկալես աշխարհը՝ արվեստի մեջ ասելիք ունենալու համար․․․ Կյանքի լավ ու վատ կողմերը պիտի լցնեն մարդուն, որ նա ձևավորվի որպես արվեստագետ․․․»։ Արվեստագետի կայացման գործում Հ․ Ազիզյանն անհրաժեշտ ու կարևոր է համարում նաև ուսման դերը․ անմոռանալի են Սոս Սարգսյանի, Վավիկ Վարդանյանի, Վարդան Աճեմյանի, Վահե Շահվերդյանի ու թատերական աշխարհի մյուս մեծերի մասին նրա զրույցները։ Իսկ ամենամեծ ուսուցիչն, ինչ խոսք, բնությունն է։

Եվ որովհետև մի կյանքը բավական չէ արվեստագետի համար, Ազիզյանն ապրում է իր գրեթե հարյուրի հասնող կերպարներից յուրաքանչյուրի կյանքով․․․ «Ինչ որ արել եմ, անմիջապես հետո զգացել եմ, որ ավելին կարելի էր․․․ եթե դա չլինի, արվեստագետը կվերջանա․․․»։ Հենց ինքն է իր գործի առաջին քննադատը, առաջին գնահատողը։ Նրա հետ բոլոր զրույցները համեմված են մեծ արվեստագետներից մեջբերումներով․․․

Թատերարվեստում լավը լինելը չափազանց բարդ է գնահատում, դրա համար պետք է նաև լավ խաղընկերներ ունենալ, լավ հանդիսատես, լավ բեմադրիչ, լավ բեմանկարիչ, բեմում քեզ սպասարկող լավ մարդիկ, որովհետև արտիստը «կախված է» անգամ վարագույր բացողից, և եթե բացակայում է որևէ անհրաժեշտ բան, դա կարող է խանգարել դերասանին։

  • Հակոբ Ազիզյանը խաղացել է Հայաստանի, Արցախի, Ռուսաստանի, նախկին ԽՍՀՄ-ի, Ֆրանսիայի, Պորտուգալիայի տարբեր բեմերում, և ամեն անգամ բեմ բարձրանալուց առաջ ամենայն պատասխանատվությամբ է մոտեցել, անհանգստացել է իր յուրաքանչյուր կերպարի համար՝ ընդհուպ վեճի մեջ մտնելով իր կերպարի հետ, ակտիվացնելով կերպարն իր խառնվածքով, բնավորությամբ ու արարքներով։ Թատրոնում և կինոյում խաղացած ավելի քան հարյուր դերերից դժվարանում է առանձնացնել ամենասիրելին ու ամենահաջողվածը, և շրջանցում է ամենախորամանկ հարցերն անգամ, որոնք միտված են դա բացահայտելու, միայն ասում է, որ երազած դերը Համլետն է եղել․․․Երջանիկ է, որ խաղընկերն է եղել Սոս Սարգսյանի, Գրետա Մեջլումյանի, Նաիրա Քալաշյանի, Հասմիկ Ալեքսանյանի, Ավետիս Օհանյանի, որ ճանաչել է կինոռեժիսորներ Արման Մանարյանին, Բագրատ Հովհաննիսյանին, Յուրի Երզնկյանին։

Ցավ է համարում մարդու՝ սեփական քթից այն կողմ չտեսնելու հատկությունը․․․Մարդու կրթվածության առաջին ապացույցը մաքուր գրական հայերենին տիրապետելն է համարում, որովհետև մե՛ր լեզուն պարծենալու չափ հարուստ է․․․

Եվ մաքուր գրական հայերենով բեմից հնչում է Գրիգոր Նարեկացու աստվածընկալ հայերենը։ Բեմում Ազիզյան-Նարեկացին է, ու Նարեկ է կարդում․․․

Նարեկացու աղոթագրքի ազիզյանական մատուցումը արտիստի վերջին տարիների ամենալուրջ խիզախումն է՝ Լիր արքայից հետո․․․

Հոբելյանական օրվա ավարտին արտիստին շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքեր հղեցին ու նվերներ հանձնեցին Լոռու փոխմարզպետ Հովհ․ Ավետիսյանը, Վանաձորի համայնքապետարանի կրթության, մշակույթի և տուրիզմի բաժնի պետ Քրիստինե Մադոյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թերեզա Շահվերդյանը, ՀՀ ժողովրդական նկարիչ Անատոլի Ավետյանը, ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը, Սեյրան Ղամբարյանը, գեղանկարիչ Աշոտ Հախոյանը և ուրիշներ։

Միջոցառման ավարտին իր երախտագիտության խոսքն ասաց նաև հոբելյարը:

Երեկոյի ընթացքում կատարումներով հանդես եկավ Վանաձորի քաղաքապետարանի լարային քառյակը։

Լուսինե Սահակյան


Komentarze


bottom of page