top of page

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Թուրքիայի դեմ խաղում


ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հանդիպման շուրջ հետաքրքրությունն ու ինտրիգը ավելի քան մեծ է։

Նախորդ տարվա համեմատ մեր ազգային թիմում տեղի են ունեցել էական փոփոխություններ։ Հայաստանի ընտրանին առաջին հանդիպումը կանցկացնի ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ։

Թիմում կան նաև նորեկներ, որոնց հետ երկրպագուն մեծ հույսեր է կապում։ Վերջին օրերին ֆուտբոլասերների շրջանում քննարկվելիք գլխավոր թեմաներից է Հայաստանի ազգային թիմի կազմը և մարտավարությունը սկզբունքային խաղում։ Ի՞նչ կազմ և մարտավարություն կնախընտրի Ալեքսանդր Պետրակովը։


Հաշվի առնելով Թուրքիայի հավաքականի կարգով ավելի բարձր լինելու փաստը հավանական ենք համարում, որ ուկրաինացի մասնագետը կպայքարի երկու հենակետային կիսապաշտպաններով և մեկ հարձակվողով։ «Առաջին լրատվական»-ի վարկածով Հայաստանի ազգային հավաքականը խաղը կսկսի 4-2-3-1 մարտավարությամբ։ Դարպասում կլինի Ստանիսլավ Բուչնևը, իսկ պաշտպանության կենտրոնում թիմի ավագ Վարազդատ Հարոյանն ու Ստյոպա Մկրտչյանը։ Մեր տեղեկություններով մեկ այլ կենտրոնական պաշտպան Անդրե Չալըշըրը թեթև վնասվածք ունի և պատրաստ չէ երկու խաղակես անցկացնելու։ Չի բացառվում, որ պաշտպանական գիծը ամրացնելու նպատակով Պետրակովը Չալըշըրին խաղադաշտ դուր բերի երկրորդ խաղակեսում։ Աջ եզրում կգործի Կամո Հովյաննիսյանը, իսկ ձախից կխաղա Նաիր Տիկնիզյանը։ Հենակետային գոտում տեսնում ենք Ուգոչուկվո Իվուին և Էդուարդ Սպերցյանին։ Կիսապաշտպանության աջ եզրում կխաղա Տիգրան Բարսեղյանը, իսկ Լուկաս Սելարայանը կլինի ձախ եզրում։ Ենթահարձակվողի դիրքում կգործի Խորան Բայրամյանը, իսկ հարձակման կրակագծում՝ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը։ Վերջինս ամրակազմ է, հաջող է խաղում երկրորդ հարկում, ինչպես նաև աչքի է ընկնում այսպես ասած գնդակ պահելու հատկանիշներով։ Քիչ հավանական ենք համարում, որ Թուրքիայի պես մրցակցի դեմ խաղում Ալեքսանդր Պետրակովը հիմնական կազմում վստահի Հրանտ-Լեոն Ռանոսին։ Պետրակովի տրամադրության տակ է նաև Բունդեսլիգայում ելույթ ունեցող Սարգիս Ադամյանը, բայց․․․։


Կարգով ավելի բարձր մրցակցի դեմ առջևի գծում կռիվ տալու և գնդակ պահելու համար տեսանկյունից ամենահարմար թեկնածուն կարծում ենք Բալեկյանն է։ Բայրամյանին Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը օգտագործել էր 10 համարի դիրքում։ Կարող ենք ասել «Ռոստովի» կիսապաշտպան կարող է արդյունավետ գործել խաղային այս հատվածում։ Ինչ վերաբերվում է հենակետային գոտուն, ապա Իվուն միտված կլինի պաշտապնողական՝ քանդող գործողություններին, իսկ Սպերցյանը կփորձի առաջ կմել խաղընկերներին։ Սելարայանը վերջին շրջանում բավական հաջող է խաղում կիսապաշտպանության ձախ եզրում և կարծում ենք նրան այս գոտում խաղացնելը ճիշտ կլինի։


Տիգրան Բարսեղյանը, թե Հայաստանի հավաքականում և թե «Սլովանում» բավական հաջող է խաղում կիսապաշտպանության աջ եզրում։ Ինչևէ, Ալեքսանդր Պետրակովի ցուցակում կան ևս մի քանի ֆուտբոլիստներ, որոնք վաղը կարող են խաղաժամանակ ստանալ։ Բացի Սարգիս Ադամյանից խաղադաշտում կարծում ենք կտեսնենք նաև Վահան Բիչախչյանին, Ժիրայր Շաղոյանին և Էդգար Բաբայանին։ Այս ֆուտբոլիստները լավ տպավորություն էին թողել նոյեմբերին տեղի ունեցած Կոսովոյի և Ալբանիայի դեմ ընկերական հանդիպումներում։ Հիշեցնենք, որ որակազրկման պատճառով Հայաստանի հավաքականին չեն միացել հիմնական կազմի խաղացողներ պաշտպան Հովհաննես Համբարձումյանը և կիսապաշտպան Արտակ Դաշյանը։ Վնասվածքի պատճառով ազգային թիմում չէ Ժոաո Մոնրո Արարատը։

Comments


bottom of page