top of page

Հայաստանի Սահմանադրության ոչ դյուրին անցյալն ու անորոշ ապագան

Այսօր մեր բազմաչարչար ու փրկարար Սահմանադրության օրն է։ Պրոբլեմները սկսվեցին Հիմնական օրենքի հենց ծննդյան օրը. այն ընդունվեց 1995 թվականի հուլիսի 5-ին, երբ արգելված էր հայ ավանդական կուսակցություններից մեկի գործունեությունը Հայաստանում, փակվել էին մի շարք լրատվամիջոցներ, դադարեցվել էր այն ռադիոկայանի վերահեռարձակումը, որտեղ ես աշխատում էի։ Եւ պատահական չէր, որ այդ օրվա քվեարկությունը միջազգային դիտորդները որակեցին ազատ, բայց ոչ արդար։ Սակայն փաստ է նաեւ, որ այդ առաջին Սահմանադրությունը դրական դեր խաղաց եւ մեծապես օգնեց հաղթահարել այն ճգնաժամային իրավիճակները, որոնք ստեղծվեցին Հայաստանի առաջին նախագահի հրաժարականից եւ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի իրադարձություններից հետո։

 Սահմանադրության հետ կապված խնդիրներն այնումենայնիվ ոչ միայն չհարթվեցին, այլեւ ավելի ակնհայտ դարձան։ Երկրորդ նախագահի օրոք նույնիսկ բավական տարօրինակ ու անհասկանալի, կարելի է ասել՝ խորհրդավոր բաներ տեղի ունեցան։ 2003 թվականին կրկին Ազգային ժողովի ընտրությունների հետ միաժամանակ քվեարկության դրվեցին Ռոբերտ Քոչարյանի կողմից հավանության արժանացած սահմանադրական փոփոխությունները, որոնք չանցան, քանզի կողմ ու դեմ ձայները գրեթե հավասար էին՝ 560 հազարական քվե։ Ընդամենը երկու տարի անց՝ 2005 թվականին, այնպիսի բան տեղի ունեցավ, որի համեմատ խամրում են Բերմուդյան եռանկյունու եւ Նասկայի հսկա պատկերների առեղծվածները։ Սահմանադրական այդ նույն փոփոխությունները որոշ լրամշակումներով կրկին դրվեցին հանրաքվեի, որն իրավամբ ստացավ «ուրվականների հանրաքվե» անվանումը։ Բայց վերջում, ո՜վ հրաշք, հայտարարվեց, որ կողմ է քվեարկել գրեթե մեկուկես միլիոն մարդ, իսկ դեմ՝ ընդամենը 82 հազար հոգի։ Կարեւորը, որ երկրորդ նախագահն էլ ունեցավ իր Սահմանադրությունը։

  Բազմաթիվ քաղաքագետներ եւ վերլուծաբաններ դեռ այն ժամանակ ասում էին՝ կարելի է ենթադրել, որ այսուհետ Հայաստանում այդպես էլ լինելու է՝ յուրաքանչյուր ղեկավար պիտի անպայման կա′մ փոխի գործող սահմանադրությունը, կա′մ ունենա իր սեփականը։ Այդ կանխատեսումները լիովին արդարացան եւ երրորդ նախագահի օրոք. 2015 թվականին անցկացվեց եւս մի սահմանադրական հանրաքվե, որի արդյունքում մենք կիսանախագահականից վերածվեցինք պառլամենտական հանրապետության, ինչն էլ հնարավորություն տվեց երկու ժամկետ պաշտոնավարած նախագահին վարչապետ դառնալ եւ տեսականորեն մնալ այդ պաշտոնում թեկուզ մինչեւ կյանքի վերջը. սահմանադրությունը դա թույլ էր տալիս։ Բայց չստացվեց։

  Ինչո′ւ չստացվեց։ Որովհետեւ հայտնվեցին մարդիկ, որոնք ասացին՝ հետո՞ ինչ, որ սահմանադրությունը թույլ է տալիս, մենք թույլ չենք տա։ Եւ ժողովրդի մի զգալի մասն աջակցեց նրանց։ Այսինքն, մենք բոլորս ձերբազատվեցինք եւս մի պատրանքից, իբր սահմանադրությունը անփոփոխելի դոգմա է։ Ու երեւի շատ էլ լավ է, որ այդ միֆն էլ հօդս ցնդեց։ Ֆրանսիան, օրինակ, վերջին 230 տարիների ընթացքում ունեցել է 14 սահմանադրություն, այսինքն, մոտավորապես 15 տարին մեկ սահմանադրություն է փոխել։ Եթե այդպես է, ինչո՞ւ պիտի մենք առաջին սահմանադրության ընդունումից մոտ 30 տարի անց նորը չունենանք։

  Ուղղակի բազմաթիվ հարցեր են ծագել այն բանից հետո, երբ ամիսներ առաջ երկրի ղեկավարը հայտարարեց. «Հայաստանը պետք է ունենա նոր Սահմանադրություն, որը կասկածի տեղիք չտվող քվեարկության արդյունքներով ընդունվել է ժողովրդի կողմից: Մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում»։ Համաձայնե′ք, այս հիմնավորման առաջին մասը 100 տոկոսով ընդունելի է՝ այո′, բոլորովին վատ չէր լինի լիովին ազատվել այն սահմանադրությունից, որի ծնունդը եւ կենսագրությունը կասկածների առիթ է տալիս։ Երկրորդ մասն է բավական անհասկանալի՝ այսինքն, ինչպե՞ս է որեւէ փաստաթղթի, թեկուզ եւ Հիմնական օրենքի ընդունումը ավելի մրցունակ ու կենսունակ դարձնում երկիրը։

 Հիմա կասեք՝ միամիտ չձեւանանք, բոլորս էլ գիտենք, որ խոսքը Անկախության հռչակագրի մասին է, որին հղում է անում մեր Սահմանադրությունը, եւ որն ամրագրում է Ղարաբաղի եւ Հայաստանի վերամիավորման մասին դրույթը, ինչը, Թուրքիայի եւ Ադրբեջանի վրա, վարչապետի ձեւակերպմամբ, ազդում է այնպես, ինչպես կարմիր շորն է ազդում ցլի վրա։ Ըստ երկրի ղեկավարի՝ որքան էլ տատիկի գործած շորը թանկ լինի, Հայաստանը պետք է ընտրի` շարունակում է այդ շորը կրել ու տրորվե՞լ ցլի ոտքերի տակ, թե՞ պետք է հանի-շպրտի այն ու փրկվի։

 Հիմա տեսեք՝ Հայաստանի իշխանություններն անընդհատ հավաստիացնում են, թե ընդամենը մի ամսվա ինտենսիվ աշխատանքը հնարավորություն կտա ստորագրելու խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի հետ։ Ադրբեջանը հակադարձում է՝ մինչեւ չհանեք ձեր սահմանադրությունից մեզ գրգռող այդ կարմիր շորը, ո′չ մի պայմանագիր։ Եւ այսքանից հետո վարչապետը հայտարարում է՝ նոր Սահմանադրության նախագիծը պետք է պատրաստ լինի, ուշադրությո′ւն, մինչեւ 2026 թվականի վերջը։ Կներե′ք, նախ, 2026 թվականի ընթացքում նոր խորհրդարանական ընտրություններ պիտի տեղի ունենան, եւ ամենեւին պարզ չէ՝ արդյոք այս իշխանությունները իշխանություն կմնա՞ն։ Բայց ամենակարեւորը՝ արդյոք հայաստանցիները կհամաձայնե՞ն հանել նոր Սահմանադրությունից հռչակագրի մասին հղումը միայն այն պատճառով, որ այնպես են պահանջում Թուրքիան եւ Ադրբեջանը։

 Ինչպես տեսնում եք, ամեն ինչ մնում է անորոշ։ Երեւի այդպես էլ պիտի լիներ այն երկրում, որի բնակիչներին հավաստացրել են, թե ապագա կա, բայց չեն ասել, թե ինչպիսին է լինելու այդ ապագան։


 Արմեն Դուլյան, Սպուտնիկ Արմենիա

Comments


bottom of page