Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) այս տարվա Advance Armenia Գալան Լոս Անջելեսում կկայանա Մայիսի 11-ին: Ձեռնարկի գլխավոր բանախոսն է՝ բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր, ամերիկահայ Արտեմ Փաթափությանը:
«Հիմնադրամի նպատակն է նպաստել Հայաստանի գիտական եւ տեխնոլոգիական առաջընթացին: Այս առումով, 2023 թ.ին մտադիր ենք ընդլայնել մեր հատկապես երկու՝ «Ըդվենս» դրամաշնորհային (Advance Grants) եւ «Արհեստական բանականության սերունդ» (Generation AI) ծրագրերը: Հայաստանում գիտության զարգացման հարցում կենսական է Սփյուռքի մասնակցությունը, եւ մեր առաջիկա ձեռնարկները տարբեր համայնքներում միտված են տեղեկացնելու եւ ներգրավվելու մեր հայրենակիցներին», Հունվարի 30-ին, Գլենդելում հայտարարեց FASTի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը:
Նա ներկայացրեց նախագծերը, որոնց իրականացումը հնարավոր է դառնում համահայկական ջանքերով: Advance դրամաշնորհային ծրագիրը միջազգային ճանաչում ունեցող գիտնականներին եւ հայաստանյան հետազոտողներին միավորող հարթակ է: Ձեւավորված խմբերն աշխատում են համատեղ՝ միջազգային մրցունակ հետազոտական նախագծերի վրա: «Ծրագիրը սկսվել է 50-60 գիտնականով, եւ յուրաքանչյուր դրամաշնորհ տեւելու է 2-4 տարի: Այս նախաձեռնությունը Հայաստանի երիտասարդ գիտնականներին աշխարհի հեղինակավոր հայ գիտնականների ու մասնագետների հետ աշխատելու հնարավորություն է տալիս», նշում է Օրուջյանը: Ըստ նրա, գիտության զարգացումը հաջողելու համար կարիք կա ապահովելու շարունակականություն՝ պատրաստելով նոր գիտնականների: Այս հարցը լուծելու համար, Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը, Հայաստանի ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ, նախաձեռնել է «Արհեստական բանականության սերունդ» նոր ծրագիրը: 2023 թ․-ից Հայաստանի մի շարք ավագ դպրոցների աշակերտներ հնարավորություն կստանան ուսումնասիրել եւ ծանոթանալ արհեստական բանականությանը: Այս տարվա Սեպտեմբերին, Երեւանի եւ հինգ մարզերի դպրոցների շուրջ 150 աշակերտ կստանա դասընթաց երկու մակարդակով, որոնցից մեկը նախատեսված է զարգացնել ու մաթեմատիկական եւ ալգորիթմիկ մտածելակերպ, իսկ հաջորդ փուլում կտրվեն Արհեստականբանականության ուղղությամբ տեսական եւ գործնական խորացված գիտելիքներ ու հմտություններ։
Արմեն Օրուջյանը նշում է, որ հիմնադրամի ծրագրերի իրականացումը մեծապես հնարավոր է դառնում սփյուռքի ներգրավման շնորհիվ: Հիմնադրամի մի շարք ծրագրերի մեկնարկը տրվել է 2022 թ.-ին Լոս Անջելեսում անցկացված կազմակերպության առաջին գալա-դրամահավաքի արդյունքում հավաքված 1.4 միլիոն դոլար նվիրատվությունների շնորհիվ:
Հիմնադրամի ծրագրերը Սփյուռքին ներկայացնելու եւ ամերիկահայերի մասնակցությունն ապահովելու նպատակով, FASTը Մայիսի 11-ին Լոս Անջելեսում կանցկացնի իր երկրորդ գալա-դրամահավաքը: Հիմնադրամի ղեկավարն ու կազմակերպիչ հանձնախմբի ներկայացուցիչները կոչ են անում համայնքին միանալու Հայաստանում գիտության ու նորարարական տեխնոլոգիաների զարգացման գործին:
Ն. Ճարտար
Comments