top of page

Հայկական խոհանոցի համն ու բույրը«Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցում (տեսանյութ)

Ոսկեզօծ տերևները ծածկել են աշխարն իրենց գույներով և մարդկանց ոգեշնչում են ստեղծագործել, մոռանալ առօրյա հոգսերը և մի պահ ապրել աշնանային հեքիաթում, որտեղ միշտ ուրախ է, միշտ պայծառ ու գեղեցիկ: Աշնան արևն իմաստնացած շոյում է ուսերդ, դեմքդ…Դեղինն ու կարմիրը տեր են դառնում աչքերիդ ու սրտիդ: Պատմում են գույնի, հայ ընտանիքի ջերմության, դարերի խորքերից եկած ու մշակույթ դարձած ուտեստների, առհասարակ հայկական ավանդական խոհանոցի առանձնհատկությունների մասին:

2024 թ․-ի նոյեմբերի 2-ին այդ ոգին թևածում էր Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդանիստ Ս․Ղևոնդյանց մայր տաճարի «Փոքրիկ հրեշակներ» շաբաթօրյա դպրոցում, ուր գերիշխում էր տոնական գույներն ու բարձր տրամադրությունը:

Ինչպես միշտ, դպրոցի դասերն սկսվեցին եկեղեցու խնկաբույր պատերի ներքո, ապա հնչեց «Տերունական աղոթքը», որից հետո վարժարանի տնօրեն բարեշնորհ Հովհաննես սարկավագը Գումրույանը ներկայացրեց օրվա բազմաբնույթ հայտագիրը։ Դպրոց էին այցելել կրթօջախի սիրելի բարեկամներից «Հայաստան ծառատունկ» ծրագրի ղեկավար, ազնվափայլ տիկին Անահիտ Ղարիբյանը և հայրենիքից ժամանած նույն կազմակերպության բնապահպանական կրթության ծրագրերի ղեկավար Իզաբել Շատոյանը։ Հյուրերը հանդես եկան հետաքրքիր դասախոսությամբ։ Խոսեցին կատարված ու կատարվող հսկայածավալ աշխատանքների մասին, որը մեր բնօրրանը դարձնում է ավելի կանաչ ու գեղեցիկ։

Օրվա երկրորդ կեսը դպրոցականների ձեռքերով պատրաստած ազգային համեղ կերակուրների փառատոնի անցկացումն էր, որն ուղեկցվում էր ցուցահանդես-վաճառքով։ Այն առաջին անգամ էր տեղի ունենում: Բոլոր դասարանները ուսուցչուհիների, ծնողների, տատիկների ու պապիկների մասնակցությամբ ջանք ու եռանդ չէին խնայել որպեսզի օրը դառնա համեղ ու հիշարժան։ Նրանք իրենց սերն ու ջերմությունը համեմելով արված գործին՝ խանդավառել ու վարակել էին նաև կրթօջախում ծառայող հանրակրթական դպրոցների աշակերտներին, որոնք որպես կամավորներ իրենց օգտակարությունն են բերում վարժարանում։ Վերջիններս  իրենց սեղանով ևս ակտիվորեն մասնակցում էին միջոցառմանը:

Յուրաքանչյուր ազգային ուտեստ պարունակում է հայկական մշակույթի և հոգու մի կտոր։ Բոլորս կարող եք համտեսել նույն ուտեստն աշխարհի տարբեր մասերում, բայց դրանք ոչ մի այլ տեղ չեն լինի այնքան համեղ և չեն ունենա նույն բույրը, որքան հայրենիքում։ Սակայն պետք է նշել, որ այդ հայկական ոգին միշտ սավառնում և կապույտ երկնքի տակ իր տեղն է գտնում նաև Հայստանից հեռու՝ Ամերիկայում ևս: Հենց դրա շնորհիվ է, որ հայ ժողովուրդն այստեղ կարողացել է պահպանել ազգային մշակույթը, գրականությունը, հավատը․․․ ինչու չէ նաև խորհելով արարելու արվեստը՝ խոհարարությունը: Հայկական խոհանոցն արվեստի մի տեսակ է, որը փոխանցվել է սերունդների միջով, և յուրաքանչյուր կերակուր պատմում է երկրի ավանդույթների և ինքնության մասին:

Խոհանոցի, կերակուրների հետ աղերսվում են մի շարք գաղափարներ, որոնցից ամենակարևորներից է մեր ազգին հատուկ բացառիկ հյուրասիրությունը։ Միասին ճաշ պատրաստելու ավանդույթն ամրացնում է ընտանեկան և ընկերային հարաբերությունները՝ ամրապնդելով այն փիլիսոփայությունը, որ կերակուրը ոչ միայն սնունդ է, այլ նաև կապի միջոց. դա ինքնության և ժառանգության կենսական արտահայտությունն է: Ավանդական բաղադրատոմսերը փոխանցվելով մեզ՝ հաճախ ուղեկցվում են պատմություններով և հիշողություններով, որոնք հարստացնում են մարդկային կյանքը: Հայերիս համար ճաշ կիսելը, աղ ու հաց անելը և միասին սեղան նստելը  սիրո և հարգանքի խորհրդանիշեր են, միմյանց հարգելու բացառիկ պատիվ:

Օրվա կարևոր խորհուրդներից մեկն էլ այն էր, որ աշակերտները Գոհաբանության տոնին ընդառաջ, իրենց օգնության բաժինն էին ուզում բերել մեր հայրենիքին։ Կատարվող հանգանակության արդյունքները հաղթանակ էին դպրոցի ու մասնակիցների համար։ Որոշվել էր նվիրատվությունների մի մասը փոխանցել «Հայաստան ծառատունկ» ծրագրին, որի շնորհիվ «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցի անունից ծառեր կտնկվեն Հայաստանում, իսկ մյուս մասը կտրամադրվի  արցախահայ մեր կարիքավոր հայրենակիցներին։

Նմանօրինակ ձեռնարկն առաջին փորձն էր, որն իր հետ բերեց բարություն, սեր ու ջերմություն: Ներկաները լիահույս էին, որ հետայսու այն կդառնա հաստատության  հերթական, գեղեցիկ ավանդույթներից մեկը ու կշարունակի բարին սփռել՝ կամրջելով Հայաստանն ու հայրենիքի շնչով ապրող «Փոքրիկ հրեշտակներ»-ի մեծ ընտանիքը։


Ռիմա Եսայան

Դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն,

4-րդ դասարանի ուսուցչուհի




Comments


bottom of page