top of page

Հայոց Ցեղասպանության հիշատակությունը Ֆրեզնոյի Ս․ Պողոս եկեղեցու շաբաթօրյա դպրոցում (Տեսանյութ)

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Ֆրեզնոյի Սուրբ Պողոս եկեղեցու բակում տեղադրվեց խաչքար՝ 1,5 միլիոն նահատակների հիշատակին: Ամեն տարի ապրիլի 24 -ին նախորդող շաբաթ օրը եկեղեցու բակում շաբաթօրյա դպրոցը կազմակերպում էր սուրբ նահատակների հիշատակին նվիրված միջոցառում: Եկեղեցու հովիվ, արժանապատիվ Տեր Եսայի քահանա Պետրոսի և բարեշնորհ Հակոբ սարգավագ Իսկենյանի առաջնորդությամբ դասարաններից երեխաները , ծնողները և ուսուցիչները դուրս էին գալիս ,ծաղիկներ էին խոնարհում խաչքարի առջև, խնկարկում, մոմ վառում և միասնաբար երգում Տերունական աղոթքը: Այնուհետև հայրենասիրական ոգեշնչող երգերով և բանաստեղծություններով ելույթ էին ունենում վարժարանի սաները և խոստանում , որ մի՛շտ բարձր կպահեն հայի պատիվը, միշտ կխոսեն հայերեն և կպահպանեն հայ մշակույթը և հայի ինքնությունը։

Այս տարի վարժարանի սաները հրավիրված էին մասնակցելու Ֆրեզնոյի համալսարանի բակում հայոց Մեծ Եղեռնի հուշահամալիրի մոտ կազմակերպված ապրիլյան հայոց նահատակների հիշատակության միջոցառմանը: Ի դեպ, այս հուշահամալիրը Ամերիկայում միակն է , որ կառուցված է համալսարանի տարածքում: Բազմաթիվ հայեր և օտարներ եկել էին իրենց հարգանքի խոնարհումը մատուցելու սրբադասված նահատակներին: Աշակերտները, ուսուցիչները և ծնողները ծաղիկներ խոնարհեցին հուշարձանի հավերժության նշան մոտ: Միջոցառման փակումը վստահված էր մեր գալիք սերնդին՝ մեր հրաշալի բալիկներին: Հատուկ այս միջոցառման համար դպրոցի տնօրինությունը Հայաստանում պատվիրել էր խորհրդանշական վզկապներ՝ եռագույն դրոշի վրա մեր եկեղեցու վարժարանի անունը և Մեսրոպ Մաշտոցի նկարը: Երեխաները կատարեցին <<Դե, զարկե՛ք, զարկե՛ք>> և <<Հայ ենք մենք>> երգերը: Կրթօջախի սաների ելույթն արժանացավ բուռն ծափողջույնների:

Մի հիշարժան օր ևս անցավ մեր վարժարանի պատմության գիրկը: Վարժարանի ուսուցիչները ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի կրթեն հայրենիքին արժանի՝ հոգով և ողջ էությամբ հայ քրիստոնյա սաներ:


Մարգարիտ Դումանյան

Տնօրեն


Միջոցառումը լուսաբանվել է նաև օտար լրատվամիջոցների կողմից։ Ներկայացնում ենք KSEE 24 News-ի պատրաստած տեսանյութը։



Comments


bottom of page