top of page

Հայրերի տոնին ընդառաջ

    Հուշեր հայրիկիս մասին

Հայրս շատ բարի, հումորով ու կատակասեր մարդ էր։ Ուներ շատ քաղցր ձայն, որ երբ երգում էր, բոլորս հաճույքով լսում էինք նրան։

Մեր տան դեմով մի առու էր խոխոջալով հոսում։ Հայրս կամուրջ էր կապել վրան։ Իսկ տան և առվի միջև մի մեծ ընկուզենի կար, որն ամառվա շոգին շվաք էր անում։ Ամռան երեկոներին նստում էինք այդ հսկա ծառի տակ։ Ես և փոքր քույրս նստում էինք հայրիկի կողքին՝ փաթաթված նրան, իսկ մայրս մյուսների հետ նստում էր կամուրջի վրա։ Նրանք ոտները կախում էին հոսող ջրի մեջ և զովանում։

  Հայրս, հենված ընկուզենու բնին, իր քաղցր ձայնով, հանդա՜րտ երգում էր։

Երեկոյի մթնշաղի մեջ այնքա՜ն քաղցր էր հնչում նրա ձայնը։

Մեր այդ երեկոների մասին ես մի գեղեցիկ երգ եմ գրել, որը բազմիցս կատարվել է Լաս Վեգասի հայ համայնքում։


Հուշեր հայրիկիս մասին


Երեկոյան նստում էինք

Ընկուզենու ծառի տակ,

Քեզ հետ մեկտեղ երգում էինք,

Հրճվում ու անում կատակ։


Երգում էիր քաղցր ձայնով,

Երգում էիր մե՜ղմ, անու՜շ,

Ու հովիկն էր իր սվվոցով

Քեզ ձայնակցում շա՜տ քնքուշ։


Ու հմայված քո երգերով,

Մայրս կամա՜ց ու հանդա՜րտ

Օրորվում էր ձայնակցելով,

Իր ամուսնով միշտ հպարտ։


Ես ուրախ եմ ու երջանիկ,

Որ ունեմ հայր քեզ նման,

Որ մայրիկիս հետ միասին

Սիրում ենք քեզ անսահման։


Մայրս սրտով, հոգով բարի

Աղոթում է քեզ համար,

Որ Աստված քեզ առողջ պահի

Ու տա օրեր անհամար։


Դու՛ իմ անգին, իմ լա՜վ հայրիկ,

Կարոտել եմ քեզ այնքան,

Որ ուզում եմ դառնալ թռչնիկ

Ու թռչելով մոտդ գամ։


Լաուրա Խլղաթյան

Լաս Վեգաս

Comments


© 2023 by HAYLURUSA

Website by

self logo.png
bottom of page