top of page

Հայ-ադրբեջանական եւ այլ հակամարտությունների թեժացում. արդյոք արդեն չի՞ սկսվել Երրորդ համաշխարհայինը


Երբ խոսք է բացվում Երրորդ համաշխարհային պատերազմի մասին, անմիջապես պատկերացնում ենք, թե ինչպես են միջուկային մարտագլխիկներով հրթիռները ոչնչացնում հակամարտող տերությունների բնակավայրերը։ Այնինչ, որոշ մասնագետներ պնդում են, որ գլոբալ պատերազմը, որն ի դեպ, արդեն սկսվել է, բոլորովին նման չէ Առաջին եւ Երկրորդ աշխարհամարտերին եւ միջուկային հարվածների փոխանակում չի ենթադրում։ Այս կարծիքին է, մասնավորապես, մեքսիկացի գրող եւ քաղաքական գործիչ Սուբկոմանդանտե Մարկոսը, որը համոզված է՝ արդեն ընթացող պատերազմի հատկանիշերից են գաղափարախոսությունների պայքարը, որոշ երկրների տնտեսությունները պատժամիջոցների օգնությամբ փլուզելու փորձերը, տարածքային վեճերի թեժացումը, «գունավոր հեղափոխությունները», հզորների կամքը թույլերին պարտադրելու ձգտումները եւ այլն։ Ընդ որում, նման պատերազմները սովորաբար բավական երկար են տեւում։

Վերցրեք, թեկուզ, Մերձավոր Արեւելքի իրադարձությունները։ Սկզբից թվում էր, որ եթե այնտեղ ամեն ինչ շատ անսպասելի ու արագ սկսվեց, ուրեմն նույնքան արագ էլ կավարտվի. Իսրայելը սրընթաց գրոհով կգրավի ողջ Գազան և վերջ կտա Համասին։ Հիմա արդեն պարզ է, որ իսրայելցիները բոլորովին այլ մարտավարություն են ընտրել եւ փորձում են բառիս բուն իմաստով սանտիմետր առ սանտիմետր ազատել Գազայի ողջ հատվածը Համասի զինյալներից եւ նրանց ստեղծած կառույցներից, իսկ դա, բնականաբար, երկար ժամանակ է պահանջում, ինչը մեծացնում է համաշխարհային նոր պատերազմի հավանականությունը։ Բայց դառնանք պատմությանը։

Որոշ հեղինակներ պնդում են, թե իրականում եղել է նաեւ, այսպես ասած՝ Զրոյական համաշխարհային պատերազմ։ Այն սկսվել է 18-րդ դարի վերջին, երբ Անգլիայի եւ Ֆրանսիայի առճակատման հետեւանքով տեղի ունեցավ 1776 թվականի Ամերիկյան հեղափոխությունը, որը պսակվեց Միացյալ Նահանգների ստեղծումով։ Իսկ Զրոյական համաշխարհային պատերազմն ավարտվեց մոտավորապես 1815 թվականին, երբ ձախողվեցին Նապալեոնի արշավանքները եւ Ֆրանսիան կատարյալ պարտություն կրեց։ Այդ, ըստ էության, անդրանիկ գլոբալ պատերազմը տեւեց մոտ 40 տարի։

Հաջորդ համաշխարհայինը, ըստ նույն տեսության, նույնպես տեւեց մոտ 40 տարի։ Այն սկսվեց 1914-ին, երբ Գերմանիան մարտահրավեր նետեց Անգլիային, եւ չավարտվեց 1945-ին Բեռլինի գրավումով, այլ շարունակվեց մինչեւ 50-ականների սկիզբը, երբ Թայվանն անջատվեց Չինաստանից, իսկ Կորեան կիսվեց։ Եթե հավատանք այս վարկածի հեղինակներին, նոր համաշխարհային պատերազմը, որը սկսվեց 2014-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի առճակատմամբ, այժմ շարունակվում է նույն Ուկրաինայում եւ ներառում է հայ-ադրբեջանական ու իսրայելապաղեստինյան հակամարտությունները։ Հեռանկարը մեզ համար բավական տխուր է։ Եթե նախորդ պատերազմները մոտ 40 տարի են տեւել, ուրեմն կարելի է ենթադրել՝ մինչեւ ավարտվի այս նոր պատերազմը, որի ընթացքում արդեն կորցրել ենք Արցախը, դեռ մնացել է շուրջ 25 տարի, այսինքն, տագնապալի անորոշության քառորդ դար։

Ավելին, ճապոնացի մեկնաբան Ակիհիրո Մատոբան պնդում է, որ սեյսմիկ գոտիների նմանությամբ աշխարհում գոյություն ունեն նաեւ պատերազմ խթանող գոտիներ, որտեղից էլ կարող է ծնվել գլոբալ առճակատումը։ Ընդ որում, մենք՝ հայաստանցիներս, հենց այդ վտանգավոր գոտիներից մեկում ենք գտնվում։ Մեջբերեմ Տոկիոյում լույս տեսնող Toyo Keizai թերթից. «Տարածաշրջանները, որտեղ բախվում են Արեւմուտքի եւ Արեւելքի շահերը, հենց այն տարածքներն են, որտեղ ներկայումս հակատարմություններ են տեղի ունենում։ Եվրամիության եւ Ռուսաստանի արանքով հյուսիսից հարավ ձգվող երկար ու բարակ շերտը հենց «պատերազմական հրաբուխների» առաջնագիծն է։ Վերեւից այն անցնում է Ֆինլանդիայով, Բալթյան երեք երկրներով, Բելառուսով եւ Ուկրաինայով, Կովկասում ներառում է Հայաստանն ու Ադրբեջանը, Բալկաններով գնում է դեպի Սերբիա, Կոսովո, այնուհետեւ անցնում է Թուրքիայով, Իրաքով, Սիրիայով, Լիբանանով, հասնում է մինչեւ Իսրայել եւ ավարտվում Պաղեստինում»,- կարծիք է հայտնում հոդվածագիրը։

Այսինքն, եթե հավատանք ճապոնացի վերլուծաբաններին, այս ռազմահրաբխային գոտին կապում է Հայաստանը մի կողմից Ուկրաինայում, մյուս կողմից՝ Իսրայելում զարգացող իրադարձությունների հետ, որոնք համաշխարհային շատ բուռն արձագանքի են արժանանում։ Իսկ այդ կապը, երեւի չեք առարկի, խիստ վտանգավոր է։ Չափազանց դժվար է կանխատեսել, թե երբ եւ ինչով կավարտվեն ռազմական գործողությունները Ուկրաինայում եւ Պաղեստինում։ Իսկ դա, համաձայնեք, ոչ մի լավ բան չի խոստանում նաեւ մեզ՝ հայաստանցիներիս, քանզի մի կողմից, ամեն օր հուսադրող խոսքեր ենք լսում բաղձալի խաղաղության մասին, մյուս կողմից, ապրում ենք մշտական տագնապի մթնոլորտում։ Իրոք, կարծես հրաբխի վրա ապրենք։


Արմեն Դուլյան

Սպուտնիկ, Արմենիա

Comments


bottom of page