top of page

ՀԱՅ ՊԱՏՄԱԳՐՈՒԹԵԱՆ ԱՆԽՈՆՋ ՄՇԱԿԸ՝ՅԱԿՈԲ ԱՆԱՍԵԱՆ, Ծննդեան 120-ամեակ (Տեսանյութ)

Յակոբ, Սեդրակի որդին, հանճարեղ Կոմիտասի հայրենակիցն էր: Նա էլ էր ծնուել Փոքր Ասիայի Էսկիշեհիր քաղաքում 1904 թ. մայիսի 15-ին: Հայերէն տարրական գրագիտութիւնը ձեռք է բերել Կուտինայի հայ կաթողիկէ համայնքի դպրոցում։ Քիչ ժամանակ անց, 1919 թ.-ին Վենետիկի Միաբանութեան մի վարդապետ Յակոբին տանում է Վենետիկ՝ Ս. Ղազար կղզու Մխիթարեան վարժարանում ուսանելու:

Այդ ուսումնական հաստատութիւնում էին դասաւանդում հայ մշակոյթի եւ գիտութեան մի շարք խոշոր գիտնականներ, հայագէտներ:

Ուսումնառութիւնից յետոյ երիտասարդ Յակոբի նպատակն էր ինչ-որ ձեւով Ֆրանսիա հասնել, ուր ապրում էր իր հայրը: Վերջապէս, 1924 թ.-ի մարտի 5-ին, հայր եւ որդի գրկում են միմեանց Ֆրանսիայի հարաւում գտնուող մի գիւղաքաղաքում: Հազիւ մէկ ամիս ապրեցին միատեղ հայր եւ որդի: Անողոք մահը երկնային արքայութեան առաջնորդեց հօրը: Նրա մահից յետոյ Յակոբը չուզեց մնալ այդ գիւղական վայրում եւ կարճ ժամանակ անց մեկնեց Փարիզ` ուր ապրեց աւելի քան 11 տարի:

Այդ տարիների ընթացքում ապրուստի համար Յակոբն զբաղուեց պատահական աշխատանքներով: Սովորեց կար անել, աշխատեց հագուստեղէնի արտադրութեան մէջ, որպէս առտնին (տնային) արհեստաւոր:

Այս շրջանում էր, որ ազգային հասարակական կեանքի հետ շփուելու մղում զգաց: Նրա այդ հետաքրքրութիւնն էլ աւելի զօրացաւ, երբ դարձաւ Անիէր եւ Բուա-Կոլոմբ արուարձաններում Հ. Յ. Դաշնակցութեան <<Եռագոյն>> խմբի հիմնադիրներից մէկը: (<<Եռագոյն>> անուանումն ընդունուեց հենց իր առաջարկութեամբ,- Հեն. Ա.): Յակոբը գործոն մասնակցութիւն ունեցաւ այդ տարիներին հիմնադրուած ՉՈՄ-ի (Չափահաս Որբերի Միութիւն) մէջ, որը որպէս անկուսակցական կազմակերպութիւն, ցանկանում էր իր մէջ համախմբել Ցեղասպանութիւնից վերապրած հայ որբերին եւ առհասարակ հայ երիտասարդութեանը, եւ նրան դաստիարակել որպէս պայքարի նուիրուող կազմակերպութիւն:

Իբրեւ ՉՈՄ-ի Փարիզի մասնաճիւղի ղեկավար, նա կազմակերպում էր դասախօաութիւններ, առիթ ստեղծելով, որ նոր սերունդն անմիջական շփման մէջ լինի հայ մտաւորականութեան ներկայացուցիչների հետ: Այս միջոցով է, որ ինքնանձնական յարաբերութիւնների մէջ էր մտել մշակութային գործիչներից Արշակ Չոպանեանի եւ Կարապետ Պասմաճեանի հետ: Միաժամանակ մամուլում հանդէս գալու փորձեր էր կատարում: Այս հանգամանքը, սակայն, նրան ստիպեց վերանայել իր ազգանուան արմատը: Ի՞նչպէս կարող էր նա հասարակութեան առջեւ հանդէս գալ մի այնպիսի ազգանունով, որի արմատը բացայայտօրէն թրքական էր: Յակոբը որոշում է լեզուաբանօրէն տարրալուծել թրքաբոյր ՍԷՕՅԼԷՄԵԶ բառը, եւ նրա մասերի թարգմանութեամբ վերականգնել հայերէնով ԱՆ-ԱՍ բառակազմի հիմքը, որն արդէն գոյութիւն ունէր` ԱՆԱՍԵԼԻ բառի մէջ, ի հակադրութիւն ԱՍԵԼԻ բառի:

Մտածելն ու որոշումն իրականացնելը մէկ եղաւ: Փարիզի <<Հայ գաղթականների պաշտօնատան>> 1929 թուակիր կարգադրութեամբ, Յակոբի ՍԷՕՅԼԷՄԷԶԵԱՆ ազգանունը դարձաւ` ԱՆԱՍԵԱՆ:

Որոշ ժամանակ անց, Յակոբն ամուսնանում է Փարիզի Ռենսի արուարձանում հաստատուած Դպրոցասէր Տիկնանց Վարժարանի սաներից Հայկական Ցեղասպանութիւնից վերապրած Վերժինէ Յովհաննիսեանի հետ: Վերջինս 1929 թ.-ին աւարտելով վար¬արանը՝ այնտեղ էլ հայերէն լեզու էր դասաւանդում:

Առօրեայ աշխատանքին զուգընթաց, Յակոբը Փարիզում հետամուտ եղաւ իր ուսումը շարունակելու: 1931 մինչեւ 1934թթ., ամբողջ չորս տարի, հետեւեց բանասէր-պատմաբան Կարապետ Պասմաճեանի մասնագիտական դասերին:

1936 թուականին Անասեանի ընտանիքի կեանքում տեղի ունեցաւ պատմական իրադարձութիւն:

Արշակ Չոպանեանի եւ Աւետիք Իսահակեանի երաշխաւորութեան շնորհիւ Հայաստանի կառավարութիւնը, ի յարգանս հայ մտաւորականութեան այս անուանի ներկայացուցիչների, ՀՕԿ-ին հրահանգել է ընդառաջել նրանց խնդրանքին, որի արդիւնքում Յակոբի ընտանիքը նոյն թուականի մայիսին ոտք դրեց Սովետական հողի վրայ:

Հայաստան հաստատուելու առաջին իսկ օրուանից Յակոբն անցաւ աշխատանքի Երեւանի պետական համալսարանում, որպէս գիտական աշխատող: Մի քանի ամիս անց նշանակուում է Մառի անուան գիտական բաժնիի վարիչ:

Հայրենական պատերազմի առաջին իսկ օրուանից Յակոբը զորակոչուեց բանակ: Գերմանացիների ահեղ գրոհի արդիւնքում 1942 թ.-ին, Կերչի նեղուցում, 40 գումարտակի եւ այլ զօրամասերի հետ միասին, գերի է ընկնում գերմանացիների մօտ եւ տարւում Բուխարեստին մօտակայ Բոլգրադ գիւղաքաղաքի ռազմագերիների նո. 8 կայան:

Այստեղ, որպէս մտաւորական, ազատուել էր ֆիզիկական աշխատանք կատարելուց: Նման մարդասիրական վերաբերմունքի համար նպաստաւոր եղաւ այն հանգամանքը, որ նրա քաթանէ լայն տոպրակի եւ շինելի (զինուորական վերարկու) թեւերի միջից գերմանացի սպաները յայտնաբերեցին մի քանի գրքեր եւ ձեռագրային շատ նիւթեր, որոնք սկզբում բռնագրաւուեցին, բայց ստուգումներից յետոյ վերադաձուեցին որպէս գիտական աշխատանքներ:

Բոլգրադ կայանի հրամանատարը թոյլ էր տուել, որ Յակոբը շարունակի իր գիտական գործունէութիւնը:

Այս շրջանում Յակոբը տեղեկութիւններ էր հաղորդել իր վիճակի եւ աշխատանքների մասին Փարիզ` Արշակ Չոպանեանին, որը իմանալով Յակոբի վիճակի մասին, տեղեակ է պահում գրականագէտ եւ գրաքննադատ Յակոբ Սիրունուն, որը Բուխարեստում էր ապրում: Սիրունին երկիցս այցելել է նրան:

Յակոբ Սիրունու եւ Յակոբ Անասեանի գլխաւորած Հայ Ռազմագերիների օգնութեան յանձնախմբի ջանքերով, 1943 թ.-ի վերջերին նրան տեղափոխել են մէկ ուրիշ` աւելի նպաստաւոր պայմաններ ունեցող ռազմակայան: Որոշ ժամանակ անց, յատուկ կարգադրութեամբ, այնտեղից <<աշխատանքի>> են տանում Քեթիլայի շաքարի գործարան, որը հայկական ձեռնարկութիւն էր, որի տէրն էր մեծահարուստ Ֆրենգեանը: Այստեղ էր, որ Յակօբ Անասեանի համար ստեղծել են բնակութեան եւ ապրուստի հանգստաւէտ պայմաններ: Նշանակուելով որպէս գրասենեակային պաշտօնեայ՝ հնարաւորութիւն ունեցաւ ուսումնասիրելու ռումիներէն լեզուն` մինչեւ 1944 թ. յեղաշրջման օրը, երբ Ռումինիան իր զէնքը շրջեց գերմանացիների դէմ:

Ի տես այդ օրուայ վտանգաւոր խառնաշփոթութեան, Յակոբը խոհեմութիւն համարեց փախուստ տալ եւ հետիոտն ճանապարհով 12 կիլոմետր քայլելուց յետոյ հասաւ Բուխարեստ, ուր, մի հարսանիքի ժամանակ մտերմանում է Տ․ Վազգէն (Լեւոն) վարդապետ Պալճեանի հետ: Վերջինս տաս տարի անց պիտի դառնար Ամենայն Հայոց Վեհափառ՝ Վազգէն կաթողիկոս: Եղբայրական սիրով էին կապուած հայրս եւ մեծ հայրենասէրը՝ 20-րդ դարի Խրիմեան Հայրիկ Վազգէն Վեհափառը:

- Յակոբ, թող ընտանիքդ գնայ, դու մնայ ինձ հետ: Ես Վեհարանում կստեղծեմ բոլոր պայմանները, որպէսզի դու շարունակես քո գիտական աշխատանքները: Անասեան գիտնականը իրաւունք չունի թողնել հայրենիքը:

- Կը ներէք, Վեհափառ Տէր, բայց ես առանց ընտանիքի ոչինչ եմ, որտեղ նրանք՝ այնտեղ էլ ես:

Հայրապետը չգիտէր, որ գիտնականը ծանր հիւանդ էր եւ հազիւ մէկ տարուայ կեանք ունէր: Ամերիկայում, բժիշկների ամենօրեայ հսկողութեան շնորհիւ տաս տարի ապրեց ու երեք գիրք հրատարակեց եւ դարձաւ Համալսարանի հայագիտական բաժնի պրոֆեսոր:

… Ի վերջոյ, 1945 թ.-ի յուլիս ամսին սովետական ռազմական ստուգողական մարմնը թոյլատրում է նրան վերադառնալ հայրենիք եւ անցնել իր նախկին աշխարտանքին՝ Պետական Համալսարանում:

1947 թ.-ին Յակոբն աշխատանքի անցաւ Հայաստանի Գիտութիւնների Ակադեմիայի պատմութեան ինստիտուտում: Որպէս պատմագիտական կարեւոր ուսումնասիրութիւն՝ Յակոբի <<17-րդ դարի արեւմտահայ ազատագրական շարժումների պատմութիւնից>> աշխատութիւնը Կուսակցութեան հրամանով մերժւում է հրատարակել այն պատճառաբանութեամբ, թէ նիւթի մէջ ազատագրական շարժման քաղաքական կողմնորոշումը ռուսական չէ, այլ` արեւմտաեւրոպական, հետեւաբար`<<գիտական չէ>>:

Ստալինեան ճնշումների եւ անհատի պաշտամունքի տարիներին, մի այլ ծանր հարուած էր սպասում գիտնականին:

Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի հրահանգն էր`վտարել աշխատանքից բոլոր նրանց, ովքեր պատերազմի ժամանակ գերութեան մէջ են գտնուել:

Յակոբի դիմում-բացատրագրերը` ուղղուած Ակադեմիայի նախագահ Վիկտոր Համբարձումեանին եւ Կենտկոմին` ոչ մի ցանկալի արդիւնք չտուին:

Միայն նոյն տարուայ նոյեմբերի վերջերին էր, որ թոյլատրուեց վերականգնել նրա արդարացի իրաւունքները: Եղած <<թիւրիմացութեան>> եւ անգործութեան շրջանի համար նիւթական հատուցում չստացաւ Յակոբը:

Ստալինեան վարչակարգի դաժանութիւններին ենթարկուեց նաեւ 1952 թուականի աշնանը, երբ Հայաստանի ԿԳԲ-ի երկու գործակալներ խարդաւանքով քանիցս գաղտնի հարցաքննութեան տարան նրան`կենսագրական որոշ հարցեր լուսաբանելու պատրուակով:

<<Հարցաքննութիւնը>> տեղի է ունեցել մի անյայտ բնակարանում:

- Այս րոպէից սկսած` դուք գտնւում էք չգրուած օրէնքի ազդեցութեան տակ,- ասել էին քննիչները: Վերջնականապէս: Ձեր կեանքը ենթարկւում է չգրուած օրէնքի պահանջներին: Դուք իրաւունք չունէք ոչ ոքի յայտնելու մեր եւ ձեր միջեւ ստեղծուող կապի մասին` ոչ ձեր հարազատներին, եւ ոչ էլ ձեր բարեկամներին ու ընկերներին: Ոչ աշխատանքի վայրում եւ ոչ էլ պետական մարմիններում: Եթէ որեւէ առիթով գործ ունենաք նրանց հետ` մենք ձեզ չենք ճանաչում: Դուք հիմա յանձնառութիւն էք գրում, որ մեր օրէնքը խախտելու դէպքում` պատասխանատու էք ձեր կեանքով>>։

Առաջին հանդիպման ընթացքում պարզ է դառնում, որ սարսափի ենթարկելով նրան` ցանկանում էին յանձնառու դարձնել լրտեսութիւն կատարել իր շրջապատում, յատկապէս իր գիտական գործունէութեան շրջանակում: Այնուհետեւ շաբաթական պարտադիր հանդիպումներով եւ հետզհետէ ուժեղացող սպառնալիքներով, աշխատանք էին պահանջում Յակոբից, բայց չէին կարողանում նրանից որեւէ ցուցմունք ստանալ որեւէ մէկի մասին:

1953 թ.-ին Ստալինի մահից յետոյ այդ գործիչներն ինքնաբերաբար անյայտացան: Այդ շրջանում գիտնականը հոգեկան ահաւոր ողբերգութիւն էր ապրում` չկարողանալով մէկ րոպէ անգամ կենտրոնանալ գիտական աշխատանքների վրայ, որովհետեւ այդ չարաղետ մարդիկ ասել էին, թէ ազատում չունի դժոխային այդ վիճակից:

…1978 թ. յուլիսի 13-ին օդանաւը նրա ընտանիքը Հռոմից փոխադրեց Լոս Անջելէս, ուր եւ հաստատուեցին վերջնականապէս:

Մէկ շաբաթ անց ճամբորդական մի ընկերութեան հովանաւորութեամբ ոչդին՝ Հենրիկ Անասեանը հիմնում է <<Հայարուեստ>> պարբերականը, որն իր բնոյթով առաջինն էր Լոս Անջելէսում: Խմբագիրն ու սրբագրիչը հայրն էր՝ մեծանուն գիտնական Յակոբ Անասեանը: Թերթի առաջին համարը լոյս տեսաւ 1978 թ.-ի հոկտեմբերի 1-ին: Սկզբնական շրջանում <<Հայարուեստ>>-ի խմբագրութիւնում էր անցնում որդու օրը: Յակօբ Անասեանը՝ այդ խոշոր գիտնականն ու հայագէտը, նստում էր որդու կողքին, սեղանի առջեւ, եւ համեստօրէն սրբագրի դէրում ուղղում էր <<Հայարուեստ>>-ի նիւթերը, եւ յետոյ` թեւի տակ դրած թերթի կապոցը, գնում էր նամակատուն` փոքրաթիւ բաժանորդներին ուղարկելու համար:

1979 թուականից սկսեալ, Լոս Անջելէսի Կալիֆորնիայի համալսարանը (UCLA) պաշտօնի էր հրաւիրում Յակօբ Անասեանին՝ որպէս գիտահետազոտական աշխատակից՝ Մերձաւոր արեւելեան ուսումնասիրութիւնների կենտրոնում, եւ միաժամանակ որպէս անդամ`Համալսարանի Հայագիտութեան ամբիոնի (տնօրէն`պրոֆ. Աւ.Սանճեան):

Այս առթիւ, իր կատարած հրապարակային հաղորդման մէջ պրոֆ. Սանճեանը գրում էր. <<Դոկտ. Անասեան պիտի վայելէ մեր համալսարանի հայագիտական ամբիոնի ընձեռած բոլոր առանձնաշնորհումները եւ դիւրութիւնները, որպէսզի կարենայ շարունակել իր գիտական աշխատանքները: Մենք առանձնապէս երջանիկ կը զգանք, որ իբրեւ պաշտօնակից մեր մէջ կ՛ունենանք իրեն նման առաջնակարգ վաստակ եւ համբաւ ունեցող գիտնական մը>>:

1984 թ. մայիսի 6-ին, Փասադենայում տեղի ունեցաւ Յակոբ Անասեանի ծննդեան 80 եւ գիտական գործունէութեան 50-ամեակին նուիրուած յոբելեանական հանդիսութիւն, որը կազմակերպուած էր Լա Վեռն համալսարանի եւ երեք մշակութային միութիւնների կողմից:

Շնորհաւորական ուղերձներով ելոյթ ունեցան մշակութային երեք միութիւնների՝ <<Թէքէյեան>>, <<Համազգային>>, <<Նոր Սերունդ>> ներկայացուցիչները:

Գեղարուեստական բաժինն իրականացնելու պարտականութիւնը որդուն էր յանձնարարուած: Նրա ղեկավարութեամբ ելոյթ ունեցան ՀԲԸ Միութեան <<Սարդարապատ>> երգի-պարի համոյթի երգչախումբը, նուագախումբը եւ մենակատարներ Մարիետա Անասեանը, Յակոբ Թոփուզեանը, Հենրիկ Միհրանեանը:

Նախատեսուած յոբելեանական յուշամատեանը, որը կրում էր <<Յակոբ Սեդրակի Անասեան>> խորագիրը, բաղկացած 117 էջից։ Այն փաստական նիւթերով հանրութեանն էր ներկայացւում յոբելեարի աւելի քան 50-ամեայ գիտական գործունէութեան վաստակը, ինչպէս նաեւ քաղուածաբար յատուածներ` հայազգի եւ օտար բազմաթիւ մասնագէտների կարծիքները:

Յոբելեանի առիթով կատարուած ծրագրումների իրացման կարգով` 1984 թուականի օգոստոսին քոլէջի կողմից տպագրութեանն էր յանձնուել իր <<Մանր երկեր>> հատորը, որն անիմաստ եւ հիւծիչ քաշքշուկներից յետոյ լոյս տեսաւ 1987 թ.-ի սեպտեմբերին, <<Ապրիլ>> գրատան միջոցով:

Պէտք է նշել, որ կազմատան մեղքով գիրքը հրապարակ ելաւ 1988-ի յունուարի առաջին օրերին, երբ գիտնականը մահամերձ անկողնում էր:

Այս հատորում հիմնականում ամփոփուել են աւելի քան 50 տարիների ընթացքում պարբերական մամուլում տպագրուած իր յօդուածները, առաւել` մի քանի անտիպ նիւթեր, որոնք իրենց բովանդակութեամբ առնչւում են իր հրատարակուած աշխատութիւններին:

Նա մահուանից մէկ օր առաջ տեսաւ իր երեխայրիքի առաջին օրինակը եւ մահաբեր ժպիտով, ծուումուռ տառերով, սրտառուչ մակագրութեամբ նուիրեց այն` իրեն բուժող բժիշկ դոկտ. Յակոբ Այնթապլեանին, իսկ գրքի եկրորդ օրինակը տեղադրուեց նրա դագաղի մէջ…


ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ


Comments


bottom of page