top of page

Հաջորդ անգամ իրար հետ շփվեք «օդնոկլասնիկի»-ով


Փաշինյանի եւ նրա ղեկավարած քաղաքական ուժի «առանձնահատկություններից» մեկն այն է, որ հասարակական, քաղաքական հարցերի քննարկումը նրանք իջեցնում են անձնական «կոմպրոմատների» մակարդակի՝ մակարդակ, որն այնքան հոգեհարազատ է «դեղին մամուլի» եւ հայհոյախոս «բլոգերի» արտադրանքը սպառողների սրտին:

Օրինակ, ընդդիմադիր պատգամավորների քննադատությանն ի պատասխան, կարող են հնչել «տեղեկություններ» այն մասին, թե համալսարանի ինչ-որ ֆակուլտետում չարաշահումներ են տեղի ունենում կամ իշխանական թիմի նախկին անդամը Սերժ Սարգսյանին է փոխանցել թիմի ներսում տեղի ունեցած խոսակցությունը: Անդրադարձ է կատարվում ոչ թե քննադատության բովանդակությանը, այլ քննադատությունը հնչեցնող անձին՝ ընդ որում, դա արվում է հատուկ բանսարկու ոճով:

Առավել հետաքրքիր է, երբ այդ հնարքը կիրառվում է այն նախկին պաշտոնյաների նկատմամբ, որոնց ինքը՝ վարչապետն է նշանակել կամ որոնք ընտրվել են ՔՊ-ի աջակցությամբ: «Դասական» օրինակն այդ առումով Հայկ Մարությանն էր, որը, երբ սկսեց ինքնուրույնություն դրսեւորել, միանգամից դասվեց «սեւերի» շարքին՝ մասնավորապես, այն պատճառով, որ հանդիպել էր Սեյրան Օհանյանի հետ: Այսինքն՝ ոչ թե վատ էր աշխատում, այլ «սխալ շփումներ» է ունեցել:

Նույն մոտեցումն է կիրառվում Արթուր Վանեցյանի, Արշակ Կարապետյանի, Էդմոն Մարուքյանի պարագայում: Երբ մարդիկ այլեւս իշխանական թիմում չեն, ոչ թե նրանց մտքերն են «սխալ» դառնում, այլ «պարզվում է», որ նրանք անձնապես չափազանց անարժան, անպիտան, բազմաթիվ մեղքեր շալակած մարդիկ են, որոշ դեպքերում էլ նաեւ՝ գրեթե «օտարերկրյա գործակալներ»: Մնում է զարմանալ, թե ով էր այն միամիտ եւ դյուրահավատ ղեկավարը, որը նրանց նշանակել է այդ պաշտոններին:

Այս ամբողջ դիցաբանության ֆոնին արտառոց է պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի դեպքը: Սխեման նույնն է, սակայն խիստ յուրահատուկ են շփման խողովակները: Պարզվում է՝ երկրի վարչապետը եւ պաշտպանության նախարարն իրար հետ շփվում էին whatsapp հավելվածով (ինչո՞ւ ոչ «օդնոկլասնիկի»-ով), իսկ «կոմպրոմատի» բացահայտումը Փաշինյանն արել է TikTok-ով: Չեմ զարմանա, որ նմանատիպ հարթակներում կհայտնվեն, ասենք, ՀԱՊԿ-ին կամ ԵՄ-ին վերաբերող փաստաթղթերը:


Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Comments


bottom of page