top of page

Հավերժական վեճ. արդյոք հոգեւորականությունը իրավասո՞ւ է մասնակցելու պետության կառավարմանը


Այնքան հետաքրքիր է դարձել Հայաստանի ներքաղաքական կյանքը։ Սահմանադրական դատարանի նոր անդամի թեկնածության քննարկումը խորհրդարանում շատ սահուն վերածվեց պատմության դասերի՝ Պապ թագավորից մինչեւ Ալեքսանդրապոլի պայմանագիր։ Իսկ սրճարաններում ու սոցցանցերում թեժ վիճաբանություն է ծավալվել մի հարցի շուրջ, որը նախկինում երբեք հրատապ չի եղել հայ հասարակության համար՝ արդյոք եկեղեցին կարո՞ղ է մասնակցել պետական-քաղաքական կյանքին, եւ արդյոք դա դրակա՞ն է որեւէ պետության համար։

Սա շատ հին վեճ է, որը գալիս է Բյուզանդիայից, որտեղ միանգամայն բնական էր համարվում, երբ եպիսկոպոսները եւ այլ հոգեւորականներ նշանակվում էին կայսրի խորհրդականներ եւ ամենաակտիվ կերպով մասնակցում պետության կառավարմանը։ Իհարկե, այսօրվա իրականությունում դա շատերին անսովոր կարող է թվալ, բայց այն ժամանակ պետության եւ եկեղեցու նման համագործակցությունը գիտե՞ք ինչպես էր կոչվում։ Սիմֆոնիա, այսինքն՝ համերաշխություն ընդհանուր նպատակներին հասնելու ճանապարհին։ Ճիշտ է, աշխարհիկ իշխանությունն էլ այն ժամանակ հաճախ էր միջամտում եկեղեցու գործերին՝ ընդհուպ մինչեւ Տիեզերական ժողովների գումարում։ Բայց դա էլ էր նորմալ ընդունվում, որովհետեւ, ինչպես պնդում են պատմաբանները, պետությունն ու եկեղեցին ընկալվում էին որպես մեկ միասնություն։

Կանխատեսում եմ, որ հիմա կառարկեք՝ դե, դա, ինչպես ասում են՝ Նիկոլի, ավելի շուտ՝ Կոստանդինի թվին էր՝ հարյուրամյակներ առաջ։ Էդ դեպքում, ավելի թարմ օրինակներ բերեմ։ Հոգեւորական Իգնազ Զայփելը մոտ հարյուր տարի առաջ՝ անցած դարի 20-ական թվականներին, եղել է Ավստրիայի արտգործնախարար եւ կանցլեր։ Իսկ Թեոդոր Ինիտսը, որը հետագայում դարձավ կարդինալ եւ Վիեննայի արքեպիսկոպոս, այդ նույն 20-ականներին զբաղեցրել է Ավստրիայի սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը։

Հոգեւորականներն հենց վերջին տասնամյակներում բազմիցս են դարձել Միացյալ նահանգների, Կանադայի, Մեծ Բրիտանիայի պառլամենտների պատգամավորներ։ Նիկարագուայի նախագահ Դենիել Օրտեգայի հրամանագրերով 70-ականներին եւ 80-ականներին երեք հոգեւորականներ դարձել են կառավարության անդամներ եւ գլխավորել արտաքին գործերի, կրթության եւ մշակույթի նախարարությունները։ Եւ ինչո՞ւ հեռու գնանք։ Շատերը կհիշեն, որ Տեր-Հուսիկ Լազարյանը, որը եղել է Աշտարակի սուրբ Մարինե եկեղեցու քահանա, 90-ականների սկզբին երկու անգամ ընտրվել է Հայաստանի խորհրդարանի պատգամավոր։ Ավելին, 5 տարի շարունակ գլխավորել է իշխող կուսակցության՝ Հայոց համազգային շարժման վարչությունը։

Ճիշտ է, աշխարհում կան նաեւ բազմաթիվ երկրներ, որոնք սահմանադրորեն արգելում են, որ հոգեւորականը լինի երկրի ղեկավար։ Այդ միտումն առանձնապես նկատելի է Լատինական Ամերիկայում, ինչն այդ երկրների պատմությամբ է պայմանավորված։ Մի ժամանակ՝ 18-րդ դարում, երբ Միացյալ Նահանգները նոր էր կազմավորվում որպես պետություն, այնտեղ էլ խիստ սահմանափակումներ մտցվեցին, որոնք արգելում էին հոգեւորականներին պետական պաշտոններ զբաղեցնել։ Բայց ժամանակի ընթացքում նահանգները մեկը մյուսի հետեւից սկսեցին վերացնել այդ արգելքը։ Եւ Թենեսին այն վերջին նախանգն էր, որտեղ 1978 թվականին ԱՄՆ-ի Գերագույն դատարանը հակասահմանադրական ճանաչեց գործող արգելքը ։

Սակայն փաստ է նաեւ այն, որ ընդհանուր առմամբ եկեղեցին չի խրախուսում հոգեւորականների մասնակցությունը պետական գործերին։ Օրինակ, Վատիկանը 80-ականներին կաթոլիկ հոգեւորականներին կոչ արեց ձեռնպահ մնալ աշխարհիկ պաշտոններ զբաղեցնելուց։ Իսկ 2012 թվականին Ռուսական եկեղեցու Սինոդը վերահաստատեց, որ արգելում է իր հոգեւորականներին առաջադրել իրենց թեկնածությունները ցանկացած երկրի ցանկացած մակարդակի ներկայացուցչական մարմիններում ընտրվելու համար։ Հետաքրքիր է, որ դրանից տարիներ առաջ՝ 1989 թվականին, Խորհրդային Միության Գերագույն խորհրդի պատգամավոր էր ընտրվել Լենինգրադի եւ Նովգորոդի միտրոպոլիտ Ալեքսին, որն, ինչպես գիտեք, հետագայում դարձավ Համայն Ռուսիո պատրիարք։

Միանգամայն ուրույն դեպք է Կիպրոսը, որը գրեթե երկու տասնամյակ՝ 1960-ից մինչեւ 1977 թվականները, ղեկավարել է արքեպիսկոպոս Մակարիոսը։ Պատմաբանները մոտավորապես այսպես են բացատրում այդ բացառությունը՝ բա ի՞նչ անեին կիպրոսցիները, մի քանի հարյուրամյակ Օսմանյան տիրապետության տակ էին, հետո բրիտանական, քաղաքական համակարգը նոր էր ձեւավորվում եւ, ամենագլխավորը՝ ոչ մի քաղաքական գործչի չէին վստահում, ամենահեղինակավորը հոգեւորականն էր՝ բա էլ ո՞ւմ պիտի նախագահ ընտրեին։

Հիմա տեսեք, թե ինչ են ցույց տալիս Հայաստանում անցկացված սոցիոլոգիական հարցումները. 20 տոկոսից ավելի վարկանիշ ունեցող քաղաքական գործիչ կա՞։ Կներե′ք, բա էլ ինչո՞ւ ենք զարմանում, որ մարդիկ գնում են հոգեւորականի հետեւից։


Արմեն Դուլյան, Սպուտնիկ Արմենիա


Comments


© 2023 by HAYLURUSA

Website by

self logo.png
bottom of page