-Վանաձորի թատրոնում ավանդույթ է հայ դրամատուրգների, անգամ ժամանակակիցների պիեսները բեմադրելը։ Ի՞նչ է սպասվում 91-րդ թատերաշրջանի ընթացքում։
91-րդ թատերաշրջանը բացել ենք դեռևս անցած տարվա սեպտեմբերին։ Իհարկե, այդ ժամանակ պլանավորվում էր մեր Աբելյանական 4-րդ փառատոնով հյուրընկալվել Ստեփանակերտում՝ Արցախի Մայր թատրոնի 90-ամյակին նվիրելով փառատոնը, բայց իրադարձություններն այլ կերպ զարգացան․․․
Այո՛, մեր թատրոնում գրեթե ավանդութային է հայ դրամատուրգների գործերի բեմադրությունը, նաև ժամանակակից դրամատուրգիայի մասին է խոսքը։ Կարծում եմ՝ թատրոն-ժամանակակից դրամատուրգիա/ժամանակակից արձակ կապը շատ կարևոր է, քանի որ նաև միմյանցով փոխպայմանավորված՝ տրամաբանական զարգացումներ են լինում․․․ Եվ հետո՝ թատրոնը միջավայր է, որը նաև պետք է նպաստի ժամանակակից գրողի ստեղծագործությունների հանրահռչակմանը․․․ Իհարկե, խոսքս հատկապես վերաբերում է ժամանակի արժեքավոր գործերին, թեպետ նաև ճշմարտություն է և պետք է փաստել, որ ժամանակային որոշակի հեռավորությունից է միայն հնարավոր անցողիկի ու մնայունի զատորոշումը, քանզի մեր օրերում, մեր կողքին ստեղծվող գրականությունը և թատերարվեստն առաջ են շարժվում զարգացման նաև անակնկալ խմբագրականներով:
Հայ դրամատուրգիային անդրադարձի կամ չանդրադառնալու առումով՝ այս թատերաշրջանը կարծեք փոքր-ինչ առանձնանում է․ 2023 թ․-ի առաջին եռամսյակում կայացավ երկու ներկայացման առաջնախաղ, ևս երկուսը՝ երկրորդ եռամսյակում։ Ջոն Ֆլեթչերի և Ֆրենսիս Բոմոնթի «Ամուսնացիր և սանձիր կնոջդ» կոմեդիայի պրեմիերան կայացավ փետրվարի 17-ին։ Պիեսը թարգմանել է բանաստեղծ-թարգմանիչ, լրագրող Խորեն Գասպարյանը դեռևս 90-ականներին․ բնագրից միակ չափածո թարգմանությունն է։ Անցյալ տարի այս կոմեդիան սկսել էր բեմադրել երջանկահիշատակ Վահե Շահվերդյանը, ավարտել է թատրոնի գլխավոր ռեժիսոր Սարգիս Մանուկյանը։
Մյուս գործը ըստ Բեցույակու Մինորուի՝ «Հարյուր իեն թեյավճար» պիեսի «Խոսիր ինձ հետ» կամերային ներկայացումն է /աբսուրդ/․ պրեմիերան կայացավ փետրվարի 21-ին /ռեժ․՝ Ալյոնա Ջավուկցյան/։ Սա ներկայացում է միմյանց անծանոթ երիտասարդ մարդկանց մասին, ովքեր ճակատագրի բերումով նույն վայրում են հայտնվել, նույն նպատակով /ներկայացման հիմնական խնդիրը մարդկանց լավատեսություն ներարկելն է/, սակայն նրանցից յուրաքանչյուրը մյուսից խնամքով թաքցնում է տվյալ վայրում հայտնվելու իր իսկական դրդապատճառները։ Ըստ էության՝ նրանց համար այս հանդիպումը դառնում է ճակատագրական։ Բացի այն, որ թեման երիտասարդական է, այս գործի ընտրության նպատակներից մեկն էլ ճապոնական գրականությունը հայ թատերասեր հանրությանը ներկայացնելն է /Բեցույակու Մինորուն անիմատոր է, նրա գործերից հատկապես հայտնի է «Գիշերը գալակտիկական երկաթուղու վրա» /1985 թ․/ ստեղծագործությունը, որը պատմում է տարօրինակ և հանելուկային ճանապարհորդության մասին, շոշափում է վստահության և կրոնի հետ կապված հարցեր․․․ /։
Մայիսին մեր կրտսեր հանդիսատեսի դատին ենք հանձնել «Մանչուկն ու Կառլսոնը»՝ ըստ Աստրիդ Լինդգրենի /ռեժ․՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արամ Մխիթարյան/։
Հունիսի 6-ին և 24-ին կկայանան ըստ Ա․ Լևանդովսկու՝ «Ժաննա դը Արկ» միստիկ դրամայի առաջնախաղերը /ռեժ․՝ Գալուստ Ներսիսյան/։ Գլխավոր կերպարի մասին, կարծում եմ, բավականաչափ հայտնի է․ Օռլեանի կույսը գլխավորել է ֆրանսիացի ժողովրդի ազատագրական պայքարը անգլիացիների դեմ Հարյուրամյա պատերազմի ժամանակաշրջանում /1337-1453 թ․թ․/․ «Ես գնում էի կռիվ, որպեսզի վրեժ լուծեմ, ինձ թվում էր, թե ինձ ամեն ինչ կարելի է․․․ Ես գնում էի հանուն ճշմարիտ գործի․․․»,- Ժաննայի խոսքերն են։ Ընդհանրապես՝ մարդկային ոգու ուժը կախարդական մի երկիր է, որ վեր է կանգնած կեղծիքի, անարդարության և ծանր հալածանքի գարշահոտությունից։ Թեպետ այն, ինչ հնարավոր չեղավ ձեռք բերել ուժով և հորդորներով, Ժաննայի դեպքում արվեց խորամանկությամբ ու սրով։ Սա ներկայացում է սիրո, վստահության, դավաճանության և ամբողջ նյարդերով հայրենիքը զգալու մասին...
Տարվա ընթացքում համատեղ ներկայացում է բեմ բարձրանալու Գորիսի թատրոնի հետ․ միջազգային պրոյեկտ է՝ հայ-ֆրանսիական բարեկամական կապերի շրջանակում։ Ռեժիսոր և պիեսի թարգմանիչ Սաթէ Խաչատրյանը կբեմադրի ֆրանսիացի ժամանակակից դրամատուրգ Ֆլորիան Զելլերի «Որդին» ստեղծագործությունը․ պետք է նշեմ, որ պիեսը Հայաստանում բեմադրվում է առաջին անգամ։
-Թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի ծանր կորստից հետո ենթադրում եմ, որ դժվարություններ եղան։ Սակայն, ինչպես նկատում ենք, բուռն ակտիվությամբ թատրոնը շարունակում է գործել...
- Վահե Շահվերդյանի կորուստն իսկապես անսպասելի էր․․․ Նրանից հետո մի տեսակ ցավեցնող տխրություն է մնացել․․․ Որքան էլ հարվածը բոլորի համար անսպասելի էր, բայց իրավացի եք, այո, թատրոնը Շահվերդյանից հետո շարունակեց բուռն ակտիվությամբ գործել․․․ Արդյունքում՝ 2022թ․-ն ամփոփել ենք դրական ցուցանիշով, իսկ այս տարվա առաջին եռամսյակում ավարտվում են անցած տարվա կիսատ մնացած ծրագրերը, ինչպես նաև ձեռնարկվում են նորերը, որոնց մասին հնարավորություն կունենանք խոսելու թերևս ոչ հեռու ապագայում։
-Խոսենք նաև հանդիսատեսի մասին։
- Մեր հանդիսատեսը կիրթ է, պարտավորեցնող և հատկապես՝ պահանջկոտ ու բարեխիղճ, գիտի թատրոն այցելելու իր նպատակը, կարևորում է նյութի բովանդակային և գեղագիտորեն ճիշտ մատուցումը։ Վերջին տարիներին հանդիսատեսի պակաս թատրոնը չի ունեցել, և առիթից օգտվելով՝ թույլ տվեք իմ խորին շնորհակալությունը հայտնել մեր հավատարիմ հանդիսատեսին։ Աշխատում ենք՝ իբրև թիրախային լսարան ունենալով երեխաներին, դեռահասներին, երիտասարդներին և մեծահասակներին՝ կարևորելով շարունակական կրթությունը որպես սոցիալ- մշակութային միջավայրում ոչ ֆորմալ կրթության ձև։
Հարցազրույցը վարեց մեր հատուկ թղթակիցը
Comments