Օրիո՛րդ Աղաբաբյան, մեր ընթերցողների անունից ողջունում ենք Ձեզ եւ խնդրում համառոտ ներկայացնել Ձեր կենսագրական գծերը։
-Ծնվել եմ Վանաձոր (նախկին Կիրովական) քաղաքում, մտավորականի ընտանիքում: Միջնակարգ կրթությունն ստացել եմ Ստեփան Զորյանի անվան թիվ 22 դպրոցում: Ապա ընդունվել եմ և գերազանցությամբ ավարտել եմ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրության ֆակուլտետը՝ ստանալով հայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում: Երկրորդ կուրսից սկսել եմ աշխատել «Վանաձորի գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱկ-ում՝ նախ որպես գրադարանավար, հետո՝ մեթոդիստ, փոխտնօրեն, այժմ՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնկատար: Երկար տարիներ դասախոսել եմ Ս. Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական քոլեջում, Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում: Խմբագրել եմ «Ղարաքիլիսիա-Կիրովական-Վանաձոր. մշակութային տարեգրություն», «Մուսաների ծառաները», «Իմպրեսիոններ» գրքերը, որոնց հեղինակը հայրս է՝ Գագիկ Աղաբաբյանը, ով նաև երգահան է և իր գործունեությամբ մեծ ներդրում ունի մեր քաղաքի մշակութային կյանքում: Մեծանալով մտավորականների միջավայրում՝ մշակույթի ու արվեստի նկատմամբ մանկուց ձևավորված սերն այսօր փորձում եմ դրսևորել իմ աշխատանքով:
Լոռվա աշխարհը հայտնի է ոչ միայն իր մտավորականներով, այլև ընթերցասեր հասարակությամբ։ Ի՞նչ կարող եք ասել Վանաձորի գրադարանների պատմության մասին։
Ղարաքիլիսայում (Վանաձոր քաղաքի հնագույն անունն է) գրադարանների գործունեության մասին առաջին տեղեկությունները հանդիպում ենք երջանկահիշատակ տ․ Խորեն ավագ քահանա Խանզադյանի հիշատակություններում, ով հիմք է դրել դպրոցական գրադարանին /շուրջ 2000 կտոր գիրք/: Դժբախտաբար 1913թ.-ին հրդեհի հետևանքով այն ամբողջությամբ այրվել է:
1917 թ.-ի փետրվարյան հեղափոխությունից հետո Ղարաքիլիսայում բացվել է նոր գրադարան, որի վարիչ է նշանակվել Վերգինե Մխիթարյանը՝ Ստեփան Զորյանի «Գրադարանի աղջիկը» վիպակի հերոսուհու՝ Վիկտորիայի նախատիպը, 1927թ-ին այդ գրադարանի հենքի վրա բացվել են քաղաքային առաջին , իսկ 1940 թ-ին՝ մանկական առաջին գրադարանները: Աստիճանաբար բացվել են նաև նորերը, որոնք մինչև 1997թ.-ը գործել են Կենտրոնական գրադարանին կից /այժմ՝ Լոռու մարզային գրադարան /, իսկ 1997թ-ին առանձնանալով ձևավորել են «Վանաձորի համայնքի գրադարանների կենտրոնացված համակարգ», որի կազմում այսօր գործում են չորս գրադարան: Այժմ Վանաձորում գործողներն են․ Լոռու մարզային գրադարանը, որն իր պատմությամբ ամենավաղ բացվածն է, դրան կից գործող մանկական գրադարանը, «Վանաձորի համայնքի գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ն իր չորս գրադարաններով և ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանը:
Ի՞նչ լեզուներով գրքեր ունեք:
Ֆոնդի գերակշիռ մասը հայերեն է,սակայն ունենք նաև մեծ թվով ռուսերեն գրքեր, փոքր քանակով՝ անգլերեն, մի քանի գերմաներեն, նաև՝ պարսկերեն գրքեր:
Ինչպե՞ս եք համալրում գրքային ֆոնդը:Նոր գրքեր ձեռք բերելիս ինչի վրա եք հատկապես շեշտադրում անում:
Գրքային ֆոնդը համալրում ենք բյուջետային միջոցների հաշվին գնելով,ինչպես նաև՝ նվիրատվություններով:Նոր գրքեր ձեռք բերելիս, նկատի ենք ունենում պահանջարկը,ձեռք ենք բերում այն գրքերը,որոնց շրջանառությունն է մեծ, և քանակը չի բավականացնում,կամ, անընդհատ շրջանառվելու հետևանքով մաշվածություն ունեն:Հնարավոր ամեն բան արվում է ընթերցողին ձեռնունայն չճանապարհելու և գոհացնելու համար:
Ո՞րն է Ձեր համակարգի գրադարաննների առաքելությունը:
Չանտեսելով գրադարանային գործի ավանդույթները, տարիների վաստակ ունեցող մասնագետների փորձն ու մեթոդները, այդուհանդերձ պետք է քայլել ժամանակին համընթաց՝ ընդունելով 21-րդ դարի մարտահրավերն ու սերունդների պահանջմունքը. չէ որ այլ են գրադարանի այսօրվա այցելուն, ընթերցողը, ով գրադարան պետք է այցելի ոչ թե պարտադրված, որևէ ծրագրային գիրք վերցնելու նպատակով, այլ՝ սիրով: Այսօր ընթերցողին գրադարան բերելու բազմապիսի քայլեր են արվում՝ սկսած գրքային ֆոնդը թարմացնելուց և ժամանակակից գրողների գրքերով համալրելուց մինչև տարաբնույթ միջոցառումների կազմակերպում: Գրադարանը, գրքասպասարկման իր հիմնական գործառույթով հանդերձ, պետք է լինի գիտա-օժանդակ, կրթամշակութային կենտրոն: Մենք որդեգրել ենք այս սկզբունքը և պարբերաբար կազմակերպում ենք գրքային քննարկումներ, հանդիպումներ ժամանակակից թարգմանիչների ու գրողների, մշակույթի և այլ ոլորտների ականավոր ներկայացուցիչների հետ, ֆիլմերի դիտումներ, ճանաչողական այցեր, վարպետաց դասեր, տիկնիկային ներկայացումներ, գրական ընթերցումներ: Հատկապես ուզում եմ խոսել ճանաչողական այցերի մասին, որովհետև սրանք բավականին մեծ ազդեցություն են ունենում գրադարանի այցելուների թվի աճի վրա, այսպես. այժմ ակտիվ համագործակցություն կա դպրոցների և գրադարանների միջև, և երբ ճանաչողական այցով տարբեր դասարանների աշակերտներ լինում են հանրային գրադարանում, որպես այդպիսին առաջին անգամ են մոտիկից ծանոթանում գրադարանային գործին, գրադարանից օգտվելու կանոններին, բազմահազարանոց գրքային ֆոնդին, լինում են գրապահոցում, իրենց աչքով տեսնում գրքերի պահպանման պայմանները, գրքերը վերանորոգելը: Նրանց ենք ներկայացնում գրքի ստեղծման պատմությունը, աշխարհի արտասովոր գրքերը՝ դրանք ցուցադրելով մեծ էկրանին: Որպեսզի այցն ավելի տպավորիչ լինի, ցուցադրում ենք հետաքրքիր տեսանյութեր, մուլտֆիլմեր, անցկացնում ենք ժամանցային-ինտելեկտուալ խաղեր: Որքան էլ սա առաջին շփումը չլինի գրքի հետ, այդուհանդերձ գրադարանում լինելուց հետո, նրանք ավելի են կապվում գրքին և գրադարանին: Օգտվելով առիթից, դիմում եմ նաև սփյուռքի մեր մտավորականներին,ասելով, որ պատրաստ ենք իրենց ևս հյուրընկալելու մեզ մոտ, լինի առցանց, թե այլ ձևաչափերով։ Կարծում եմ, որ հայրենիքում գործող ցանկացած մշակութային կենտրոն պարտավոր է նպաստել,օժանդակել,մասնակիցը լինել հայրենիք-սփյուռք համագործակցությանը։
Ինչպիսի՞ն պետք է լինի գրադարանավարը:
Շատ կարևոր է, երբ այցելուն արժանանում է ջերմ ու անմիջական ընդունելության, որովհետև դրանով է պայմանավորված նաև՝ այցելուն ցանկություն կունենա հաջորդ անգամ այդ գրադարան մտնել, թե՞ ոչ: Կարևոր է, երբ նա սպասարկվում է բանիմաց մասնագետի կողմից, ով պատրաստ է հարկ եղած դեպքում ուղղորդել, նպաստել գրական ճաշակի զարգացմանը, քմահաճ ընքերցողների պարագայում՝ լինել նրբանկատ: Մի խոսքով, իր հիմնական առաքելությունը կատարելիս, գրադարանավարը ինչ-որ տեղ պետք է դրսևորի նաև մանկավարժին ու հոգեբանին բնորոշ հատկանիշներ՝ դառնալով այսպես կոչված՝ միության գիծ գրքի և ընթերցողի միջև: Հպարտ եմ, որովհետև գործընկերներս այդպիսին են:
Օրիորդ Աղաբաբյան, գաղտնիք չէ, որ այսօր սփյուռքում արևմտահայերենի պահպանության լուրջ խնդիրներ ունենք։ Ձեզ մոտ արևմտահայերեն գրքեր կա՞ն: Ընթերցողներ ունե՞ք:
Մեր գրքային ֆոնդում զգալի թիվ են կազմում արևմտահայերեն գրքերը, որոնց ընթերցողների քանակը ցավոք մեծ չէ: Վերջին շրջանում կարծես թե նկատվում է աճ, որը պայմանավորված է սիրիահայերի ներգաղթով։
Ի՞նչ գրքեր եք ստանում սփյուռքից։
Ցավոք սրտի սփյուռքից գրքեր չենք ստանում, սակայն առաջիկայում որոշակի քայլեր կձեռնարկենք համագործակցելու Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների հետ ՝ դրսում հրատարակվող գրքեր, ամսագրեր ձեռք բերելու և համակարգի գրքային հավաքածուն համալրելու նպատակով: Լիահույս եմ, որ այս նախաձեռնությունը կգտնի իր դրական արձագանքը: Օգտվելով առիթից՝ կոչ եմ անում լոսանջելեսահայ մեր հայրենակիցներին, նրանց, ովքեր ցանկություն կունենան իրենց անձնական գրադարանից մեզ նվերներ ուղարկելու, սիրով պատրաստ ենք ընդունել։
Ո՞րն է Ձեր սեղանի մշտական գիրքը և Ձեզ նվիրած գրքերից ո՞րը կառանձնացնեք:
Գիրքը, որ միշտ ինձ հետ է և՛ տանը, և՛ դրսում, և՛ աշխատավայրում, և որը ես անընդհատ վերընթերցում եմ Ս․ Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության»-ն է:
Ինձ նվիրած բազում գրքերի մեջ առանձնահատուկ տեղ ունի Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը»: Ես դպրոցական էի, երբ հայրս նվիրեց այդ գիրքը: Իհարկե, այն ժամանակ կարծում էի, որ ավելի լավ գիրք կարող էր նվիրել, բայց հիմա, երբ ավելի խելահաս եմ, հասուն, տարիների հեռավորությունից այն համարում եմ երբևէ ստացածս ամենալավ նվերներից մեկը՝ նախ նրա համար, որ հայրս է նվիրել, հետո, որ մի ամբողջ կյանքի փիլիսոփայություն կա, գիրք, որ ամեն տարիքում յուրովի ես ընկալում:
Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում։
Համայնքապետարանի և անհատ բարերարների աջակցությամբ ծրագրում ենք համակարգի գրադարնները տեխնիկապես վերազինել։ Ցանկանում ենք նաև ընդարձակել տարբեր կրթամշակութային հաստատությունների հետ համագործակցության շրջանակները, կազմակերպվել տարաբնույթ միջոցառումներ, փորձել հնարավոր ամեն բան ՝ գրադարանային գործը նոր որակի հասցնելու համար:
Օրիո՛րդ Աղաբաբյան, շնորհակալ եմ բովանդակալից զրույցի համար, վերջում ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին։
Շնորհավորում եմ HayLurUsa.com լրատվական ծառայությանը , մաղթում՝ բազմաբեղուն ծառայություն ի սեր մեր հայրենիքի և համայն հայության։ Մեր աշխարհասփյուռ ժողովրդին մաղթում եմ խաղաղ, անփորձանք ու անվրդով օրեր՝բարեմաղթանքս ավարտելով Մետաքսյա Պողոսյանի խոսքերով՝
«Թեկանբախտիփշոտճամփեք,
թողծաղկունքովկանաչեն»:
Շնորհակալություն։
Զրույցը վարեց Արևմտյան թեմի շաբաթօրյա
վարժարանների հոգևոր տեսուչ
Հովհաննես սարկավագ Գումրույանը
Comments