top of page

Հերոսը՝ հիշողության ու փաստերի մշուշում


Գեղամ Հունանյան

*****

Տարիներ շարունակ արխիվներում պրպտել, բազմաթիվ մարդկանց եմ հանդիպել, որ փաստեր հայթայթեմ անհայտ մնացած, մեր ժողովրդի եղեռական անցքերի պատմագրության մեջ երբևէ չհիշատակված հերոսի մասին, ով 1915-ին եղեռնից մազապուրծ գաղթականներին քուրդ-թուրք հրոսակների հարձակումներից, 1920-21 թ.թ.-ին Փամբակիգավառում թուրքական զորքերի կողմից խաղաղ բնակչության դեմ կազմակերպած ջարդերից հարյուրավոր ընտանիքներ է փրկել:

Թերթելով ունեցածս փաստերը՝ համոզվեցի, որ բավարար քանակի նյութեր կան գոնե լրագրական մեկ հոդվածի համար՝ ի վերջո տեղեկացնելու հայ հանրությանը հանիրավի մոռացության մատնված հերոսի մասին:


Նրա անունն առաջին անգամ լսեցի այն տարիներին, երբ նման բաները շշուկով էին ասում՝ «Գեղամ Փաշան Փամբակի տարածքի ջարդերից հարյուրավոր մարդկանց է փրկել»:

Ո՞վ է եղել այդ Գեղամ Փաշան, ինչպե՞ս է փրկել հարյուրավոր մարդկանց կյանքը, երբ Ղարաքիլիսայի ճակատամարտի հերոսական դրվագներում, 1920-21 թ.թ.-ին, Փամբակի տարածքում խաղաղ բնակչության նկատմամբ թուրքերի կատարած ջարդերի, վայրագությունների ընթացքում ինքնապաշտպանության եզակի, դիպվածների մասին վկայություններում, այդ անունը երբեք չի հիշատակվում:

Այդուամենայնիվ, մեր համառ պրպտումներով Գեղամ Հունանյանի (Սարգսյան) մասին փաստեր պեղեցինք, որոնք հաստատում են եղելությունը: Դրանք իրողություններ են, որոնց մասին խորհրդային ահի տարիներին մարդիկ շշուկով են խոսել, իսկ ժամանակի հոլովույթում, սերունդների հերթափոխվելով՝ գրեթե մոռացության մատնվել:

Եվ, որպեսզի ավելի ակներև լինի, թե ինչպիսի անհուսալի, դժվարին պայմաններում է գործել մեր ակնարկի անհայտ մնացած հերոսը, հարկ համարեցինք, նախ, մի քանի հիշատակումներ մեջբերել դժնդակ տարիներից, օգտվելով նաև ականատեսների վկայությունների հիմամբ հայագետ Վազգեն Վ. Հախոյանի գրած ընդարձակ հոդվածից:

Գյումրիից 20 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք, Ջաջուռի լեռնանցքով դեպի ձախ՝ Հզազի, կամ ինչպես հետագայում անվանվեց՝ Ջարդի ձորում, այսօր էլ հնարավոր է պեղել թուրքերի կողմից 1920 թ.-ի աշնանը կատարած նախճիրի հետքերը: Այստեղ զանգվածաբար գնդակահարել և սրախողխող են արել բազմահազար խաղաղ բնակիչների՝ հիմնականում կանանց և երեխաների:

Ամերիկյան կոմիտեի ներկայացուցիչ Չարլզ Գրանտի վկայությամբ, 200 ֆուտ տարածության վրա մեծամասամբ երեխաների դիակներ են եղել: Նա նշում է, որ զոհերի տեսանելի թիվը մոտավորապես 1200-1500 մարդ էր, որոնք, դատելով գտնված ընդամենը 200 փամփուշտների պարկուճներից, մեծամասամբ սպանվել էին սվիններով կամ այլ տեսակի սառը զենքերով, ինչը հաստատվում էր հատկանշական վերքերով՝ կտրված կրծքեր, հղի կանանց ճեղքված որովայններ, փշրված գանգեր և այլն: Չարլզ Գրանտը նկատում և հատկանշական է համարում տղամարդկանց դիակների իսպառ բացակայությունը: Արական սեռի ամենատարիքով զոհը եղել է 14-ամյա պատանի: Պարկուճներիթուրքերենդրոշմագրերըևփամփուշտներիվրայիկիսալուսնիևաստղինշաններըկասկածչենթողել, որ նախճիրը կատարվել է թուրքական կանոնավոր բանակի զինվորների կողմից:

Կոտորածի տեղում թափված փամփուշտների ուղիղ հավասար շարքը պարզ կերպով ցույց է տվել նաև, որ կոտորածները կատարվել են պատշաճ ղեկավարված զորաջոկատի կողմից։ Նմանօրինակ փամփուշտների պարկուճներ, որոնց մասին վկայում է Չարլզ Գրանտը, հայտնաբերվել են նաև Ղալթախչիում (այժմ՝ Հարթագյուղ) կատարված ուսումնասիրությունների ժամանակ։

Թուրքական կրակված փամփուշտների պարկուճներ՝ Ջարդի ձորից


Այդ դժնի օրերին բախտի քմահաճույքին մնացած բնակչությունը որոշ դեպքերում ստիպված է եղել աղ ու հացով դիմավորել թշնամուն՝ կոտորածից փրկվելու հույսով: Այս երևույթը նաև հայբոլշևիկների ակտիվ քարոզչության հետևանքն էր։

1920 թ․ աշնանը, թուրքական մահաբեր արշավանքի օրերին, Ալեքսանդրապոլի (և ոչ միայն) հա յբոլշևիկները պարտվողական բովանդակությամբ թռուցիկներ էին տարածում զինվորների և խուճապահար ժողովրդի մեջ․ «Չկրակե՛ս, հայ աշխատավոր զինվո՛ր, եղբայրական թուրք բանակի վրա, նա քեզ բերում է ոչ թե ստրկություն, այլ ազատություն․ նա գալիս էօգնելու քեզ քո սրբազանպայքարի մեջ»: Բաքվում գտնվող ՀԿ(բ)Կ Կենտկոմի անդամների ստորագրությամբ «հույժգաղտնի» տրվել էր քարոզչության հրահանգ՝ թիկունքում և ռազմական գոտիներում հնարավորության դեպքում նաև թռուցիկների միջոցով ծավալել լայն քարոզչություն։ Ասվում էր, որ «Թուրքիան այլևս նախկին Թուրքիան չէ և Հայաստանի նկատմամբ ագրեսիվ նպատակներ չունի», «Քեմալական Թուրքիան Ռուսաստանի դաշնակիցն է, և պայքարում է իր ազգայի նազատության համար» և այլն:

Այդուամենայնիվ, թուրքերին աղ ու հացով դիմավորած և ոչ մի բնակավայր չի փրկվել կոտորածից:


(Այստեղ պիտի ընդմիջեմ պատումս, հարգելի ընթերցող, և հարց ուղղեմ ձեզ, ինձ ու բոլորիս. այս ամենը չի՞ հիշեցնում, արդյոք, մեր այսօրը, երբ ոմանք թուրքերի նկատմամբ ջերմ զգացումներ տածելով փորձում են նույն խաղը խաղալ հայերիս ու մեր հայրենիքի հետ…)


Թուրք հրոսակները փաշայի հրամանով կենդանի խաչելեն Աղբուլաղի (այժմ՝ Լուսաղբյուր) Տ․ Մկրտիչ քահանա Տեր-Մկրտչյանին, որը գյուղապետի հետ աղուհաց էր տարել նրանց դիմավորելու: Փաշան գլխատել էր գյուղապետին, իսկ քահանային, որ փախել էր, խաչելով էր պատժել՝ ի սարսափ բոլորի: Քահանային խաչել էին գոմի դռան վրա, ապա նավթ լցրել և այրել գոմն ու մարագը։ (1962 թ․-ին գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում գտնվող Տեր Մկրտչի գերեզմանի վերաբացումը փաստեց իրողությունը. նրա գանգի մեջ՝ ճակատի հատվածում, 23 սմ երկարությամբ գամ էր

ﬗված)։

Ականատեսների վկայությամբ թուրքերը, որպես կանոն, մոլորեցնում էին բնակչությանը՝ նրանց բնաջնջելու համար՝ օգտագործելով տարբեր խարդավանքներ։ Խաբեությամբ կամ բռնի ուժով ամեն միջոց գործի էին դնում, որպեսզի բնակչությանը կենտրոնացնեն մեկ վայրում, կուտակում էին գյուղերի մեծ մարագներում, օդաներում (մեծ սենյակ), ապա կոտորում կամ կենդանի այրում էին։

Ղալթախչի գյուղում, օրինակ, առաջին օրը հայտարարել են, որ բնակիչները չվախենան և չփախչեն, որովհետև իրենք գործ ունեն միայն «թուրքահայերի» հետ, սակայն, տեղացիներից սպանել են 2100 մարդ: Հաջորդ օրը թուրքերը հայտարարել են գյուղի եկեղեցում օգնություն բաժանելու մասին և շեշտել, թե ընտանիքներից որքան շատ անդամ գնա՝ այնքան շատօգնություն կստանան: Սովի մատնված գյուղացիներից շատերը գնացել են երեխաների հետ և դաժանորեն սրի քաշվել հենց եկեղեցու բակում:

Աղբուլաղ գյուղի տարբեր թաղամասերում ասկյարներն անցել են տնից տուն ու դուրս բերել ժողովրդին, միավորել են մի տեղ, ապա հայտարարել, որ Աղբուլաղի բնակիչները և Կարսիցու Ալեքսանդրապոլից փախստականները պետք է տարվեն Ալեքսանդրապոլ, որպեսզի հաշվառվեն, քանի որ նրանք արդեն թուրքահպատակ են։ Այդպես, մարդկանց կտրելով իրենց բնակավայրերից և մոլորեցնելով՝ լցրել են մարագներն ու այրել:

Մարդակերպ գազանները արյունահեղությունն ու բռնությունները երբեմն կատարել են ծեսով և հրճվալից հանդեսներով: Ամենատարածված ձևերից էին զոհերի մարմինների խոշտանգումը, հատկապես վերջույթների անդամահատումը, ականջկտրելը, աչք հանելը, սեռական օրգանների խեղումը և այլն: Նմանօրինակ «ծեսերը» մեծ տարածում են ունեցել նաև համիդյան և Ադանայի կոտորածների ժամանակ։

Ղարաբոյա (այժմ՝ Խնկոյան) գյուղում հետապնդել են անպաշտպան մարդկանց, առաջին հերթին՝ արական սեռի ներկայացուցիչներին, տղա երեխաներին: Ձերբակալելուց հետո մասնատել, կտրել են ոտքերը, ձեռքերը ապա և՝ գլխատել:

Ականատեսի վկայությամբ, հրոսակներն Աղբուլաղ գյուղում բերում են դհոլ-զուռնան և մարագի խոտի մեջ թաքնված տղամարդկանց նվագի ուղեկցությամբ այրում՝ նախապես շղթայելով նրանց պողպատելարերով և նավթլցնելով նրանց վրա։ Թուրքերը չարախնդորեն հռհռում են, հետո դհոլ-զուռնան տեղափոխում այն գոﬕ և մարագի առջև, որտեղ այրվում էին մյուսները:

Կենդանի մարդկանց այրելը և բռնություններին տոնական ու ծիսական բնույթ հաղորդելը նորություն չէր թուրքերի համար. Արևմտյան Հայաստանի Վանի և Բիթլիսի նահանգներում լայնորեն տարածված էր ողջակիզումները նվագակցությամբ ու պարերով ուղեկցելը։

Թուրք ասկյարներն առանձնակի դաժանությամբ են կոտորել Փամբակի տարածքում ապաստանած գաղթականներին: Միայն վերոհիշյալ գյուղերում տեղի բնակչության հետ միասին սրի են քաշվել 7500 պատսպարված փախստականներ՝ Կարսի և Ալեքսանդրապոլի շրջաններից, որոնք Ալեքսանդրապոլի անկումից հետո ծվարել էին այդ գյուղերում:

Ալեքսանդրապոլի գավառը և կոտորածի ենթարկված Փամբակի տարածքն աստիճանաբար ամայանում է: Ալեքսանդրապոլի հեղկոմի անդամ Նահապետյանը 1921 թ․ հունվարի 19-ին հաղորդում է, որ գավառի 75․000 մարդուց մնացել է 15․000-ը: Իսկ ՀԽՍՀ արտաքին գործերի նախարար Ասքանազ Մռավյանը Բաքվի Հայաստանի ներկայացուցիչ Դովլաթովին հղած հեռագրում ներկայացնելով կոտորված բնակչության թվերը նշում է, որ Ղալթախչի գյուղում կոտորել են 2100, Աղբուլաղում՝ 1186, Ղարաբոյայում՝ 1100 մարդ: Կոտորված բնակչության ընդհանուր թիվը կազմումէ 4386 մարդ: Այսպիսով՝ միայն այս երեք գյուղերում տեղի բնակիչներից և փախստականներից միասին, սպանվել են 11․886 մարդ։

Ահա այսպիսի դժոխային վիճակ է եղել Փամբակի տարածքում, ուստի, առաջին պահին, ընթերցո՛ղ, անհավատալի էր թվում, որ այդ իրադրության մեջ ինչ որ մեկը համարձակվել և կարողացել է ջարդից փրկել հարյուրավոր մարդկանց:

Արդ, ո՞վ է եղել նա՝ այդ խիզախը, ինչպե՞ս է նրան դա հաջողվել, ինչո՞ւ ցայսօր անհայտ է մնացել նրա անունն ու գործը…

Նալբանդի (Շիրակամուտ) սպանվածները

*****

Դեռ պատանի էի, պիոներական թերթի անփորձ թղթակից, երբ առաջին անգամ լսեցի Գեղամ Փաշայի մասին և հետաքրքրությունն ինձ մղեց խորհրդակցել Վարդգես Պետրոսյանի հետ, ով այդ ժամանակ «Պիոներ կանչ» թերթի խմբագիրն էր: Նա ուշադիր լսեց ինձ, մտորեց, ապա ասաց. «Շրջի՛ր այդ տարածքների գյուղերով և ականատեսներ փնտրիր, գրի առ նրանց վկայությունները, նախ՝ պարզենք, թե ո՞վ է եղել նա, որից հետո կարելի է հոդված գրել և հանրությանը տեղեկացնել այդ մասին»: Ես կասկածեցի՝ «Գրաքննությունը թույլ կտա՞…»: Պետրոսյանը հուսադրեց. «Եթե կոնկրետ վկայություններ լինեն ու փաստեր ունենանք, ես կդասավորեմ այդ գործը: Դու ժամանակ մի կորցրու,- ասաց ու ինձ թղթադրամ մեկնեց,- սա վերցրու՝ ճանապարհածախսի համար»:

Ոգևորված բաժանվեցի նրանից և նույն օրն իսկ մեկնեցի հորս ծննդավայր՝ Սպիտակի շրջանի Ավդիբեկ (1939-67 թ.թ.-ին՝ Ծաղկաշեն, այժմ՝ Ծաղկաբեր) գյուղ: 1828 թ․-ին նախնիներս, Մուշից գաղթելով, այդտեղ էին բնավորվել և հույս ունեի, որ 1918-21 թվականների արհավիրքն ապրած գյուղի տարեցները կիմանան, թե ո՞վ է եղել նոր սերնդին անհայտ հերոսը:

Որքա՜ն մեծ եղավ զարմանքս, երբ իմ տարեց հորեղբորից ու համագյուղացիներից իմացա, որ Գեղամ Փաշան հենց այդ գյուղացի է, ավելին, մեր՝ Հլոանց (Խալաթյաններիս), Մշո աշխարհից ի վեր՝ տոհմի պապական քավոր, Ունոենց գերդաստանից: Նրանց՝ Հունանյանների և Խալաթյաններիս քավոր-սաներությունը, երեքհարյուրամյա, գուցեև ավելի, պատմություն ունի և, ասեմ նաև, որ իմ կնքահայրն էլ է այդ տոհմից: Ավելորդ չեմ համարում հիշատակել նաև, որ անվանի նկարիչ Արտաշես Հունանյանը, պարզվեց, Գեղամ Փաշայի հորեղբոր որդին է:

Բազմաթիվ մարդկանց հետ զրուցեցի, հանդիպեցի նաև նրա այրուն՝ Արաքսի Սարգսյանին, ով հուշեր պատմելուց զատ ինձ վստահեց տարբեր գյուղերից Գեղամ Հունանյանի ազգանպաստ գործունեության մասին գրավոր շուրջ 20 վկայություն՝ վկայագիրների ստորագրության իսկությունը կոլտնտեսության գյուղխորհրդի նախագահի կողմից կնիքով հաստատած, ինչպես նաև՝ նրա պահպանված միակ լուսանկարը: Տիկին Արաքսին այդ վկայությունները հավաքել էր իր թոշակի գումարը մեծացնելու հույսով, բայց պետական գրասենյակներում դրանք արհամարվել էին՝ ասելով. «Քո ամուսինը աքսորված է որպես դաշնակցական թշնամի, շնորհակալ եղիր, որ քեզ չենք զրկել թոշակից »:

Ջարդի ձորը


Գեղամ Փաշան ականատեսների հիշողությամբ


Ըստ տիկին Արաքսիի և Սպիտակի ենթաշրջանի գյուղերում տարածված լուրերի, պատանի Գեղամը մի օր հակառակվում է հորը, չի ցանկանում նրա հետ բարձրանալ սարալանջ՝ արորով վար անելու, և հայրը ծեծով է պատժում նրան: Գեղամը, խռովում, փախչում է տանից: Թափառելով, նա անցնում է Արաքսն ու հայտնվում Թուրքիայում: Այստեղ մի ունևոր քուրդ որդեգրում է նրան և որոշ ժամանակ անց ուղարկում ռազմական ուսումնարան, որն ավարտելուց հետո ծառայության է անցնում թուրքական բանակում՝ սպայի աստճանով:

1920 թվականին, երբ թուրքերը գրավում են Փամբակի տարածքը, հայազգի սպան, որի հոգում չէր մարել ազգասիրությունը, թողնում է զորախումբն ու գնում ծննդավայր Ավդիբեկ՝ հրաժարվելով ծառայությունից: Հրամանատարը, որ նրա համակուրսեցին էր և մտերիմը, Գեղամից լսելով նրա կյանքի իրական պատմությունն ու պատճառաբանությունները՝ ընդառաջում է նրա խնդրանքին, համաձայնվում, որ Գեղամը չմասնակցի հայերի կոտորածներին: Երբ թուրք ջարդարարները ռազմակալված գյուղերում սկսում են խաղաղ բնակչության ջարդերն ու թալանը և զորախմբերից մեկը մտնում է հարևան գյուղ՝ Մեծ Պարնի, պատրաստվում դրա միջով (միակ ճանապարհով) շարժվել Ավդիբեկ, Գեղամը, թուրքական բանակի իր համազգեստը հագած ներկայանում է զորախմբի հրամանատարին, խնդրում, որ Մեծ Պարնիի և Ավդիբեկի բնակչությանը զերծ պահեն կոտորածից: Հրամանատարը ընդառաջում է նրան, ապա որոշում՝ նախկին սպային նշանակել թուրքերի գրաված տարածքների մյուդիր (հսկողություն իրականացնող վերակացու):

Գեղամ Հունանյանը, ում ժողովուրդը երախտապարտորեն փաշա է անվանել (արևելյան երկրներում բարձրաստիճանզինվորականտիտղոս, նաև՝ հարգականմակդիր), իսկ պաշտոնական փաստաթղթերում նշվել է որպես Գեղամ խան (իշխան), ըստ տիկին Արաքսու վկայության, 1915 թվականի եղեռնալից օրերին՝ Թուրքական բանակում ծառայության ընթացքում, և այդուհետ՝ մինչև 1921 թվականը, բազմիցս, ուղեկցել է եղեռնից մազապուրծ, գաղթող ազգակիցների խմբերին՝ պաշտպանելով քուրդ և թուրք խուժանի հարձակումներից, բարեհաջող անցկացրել Արաքսի ձախ ափ: «Մեր օդայում (տան մեծ սրահը Ս.Խ.) և բակում գաղթականներն այնքան շատ էին, որ պառկելու տեղ չկար և գիշերներն այդ խեղճերը հերթով էին քնում,-պատմում էր տիկին Արաքսին ցույց տալով տունն ու բակը:- Մի քանի օր մեր տանն ապրելուց հետո Գեղամը նրանց ուղարկում էր տարբեր գյուղեր՝ մշտական բնակության, ուր որ հնարավոր էր տնավորվել»: (Ի դեպ, նույն բանը վկայեց նաև Երևանում բնակվող Մշո Բուլանուղցի Լիպարիտ Ստեփանյանը, ով մոր հետ փրկվել էր ջարդերից և գաղթականների խմբի հետ, Գեղամ Փաշայի ջոկատի հսկողությամբ գաղթել՝ մի քանի օր պատսպարվել նրա օջախում):

Հետաքրքիր վկայություններ կան նաև Վ.Վ. Հախոյանի վերոհիշյալ հոդվածում: Այնտեղ նշվում է, որ շրջանի բնակչության հիշողության մեջ է մնացել հայազգի Գեղամ փաշայի պատումը, որը թուրքական կրթություն ստացած սպա էր և, շրջանառվող լուրերի համաձայն՝ Փամբակ արշաված փաշայի համակուրսեցին ու

ընկերը։ Նրա շնորհիվ բազմաթիվ մարդիկ փրկվում են կոտորածից։ Նա կանխել է Մեծ Պարնի և իր ծննդավայր Ավդիբեկ գյուղերի կոտորածը։ Կարողացել է պաշտպանել կոտորածի ենթարկված գյուղերի փախստական բնակիչներին, և ապաստանել Ավդիբեկում:

Ականատես Նազան Աշուղաթոյանի վկայության համաձայն, երբ թուրքական զորքը հասնում է իրենց գյուղ՝ Մեծ Պարնի, Գեղամ փաշան հագնում է իր զինվորական համազգեստը, վերցնում է մի փոքր տղայի և աղուհացով ընդառաջ գնում զորքին։ Աղոթքի ժամ է լինում։ Նա գլխին շոր է փաթաթում և սկսում թուրք փաշայի հետ ղուրան կարդալ։ Ղուրանի ընթերցանությունից հետո հանում են փաթթոցները, ճանաչում են ﬕմյանց և ողջագուրվում։ Նրանք միասին սովորել էին Գերմանիայում։ Զորքը տեղակայվում է գյուղում։ Գեղամը հրամայում է հացի նախապատրաստություն տեսնել, փաշայի համար գորգեր բերել։ Թուրքերը Մեծ Պարնիում և Ավդիբեկում զանգվածային կոտորածներ չեն իրականացնում, բայց սկսում են թալանը, կողոպուտը և բռնաճնշումները, սակայն,հաշվի առնելով Գեղամ փաշայի ներկայությունը՝ իրենց «զուսպ» են դրսևորում։

Հարկ է նշել. այդուամենայնիվ, Մեծ Պարնի և Ծաղկաբեր գյուղերում ևս բնակիչների կյանքի և գույքի նկատմամբ եղել են ոտնձգություններ՝ կանանց բռնաբարություններ, առևանգումներ, թալան և սպանություններ։

Գեղամ Հունանյանը թուրքերի հեռանալուց հետո մշտական բնակություն է հաստատում ծննդավայրում, զբաղվում գյուղատնտեսական աշխատանքով, իսկ կոլեկտիվ տնտեսություն ստեղծվելուց հետո եղել է Ծաղկաբերի կոլխոզի հաշվապահը: Բոլշևիկյան հալածանքներից խուսափելու համար փոխում է ազգանունը, պապի՝ Սարգսի անունը դարձնելով իրեն ազգանուն: 1922 թ.-ին, երբ լրտեսության մեջ կասկածվելով ձերբակալվում է, հարցաքննությունների ժամանակ իր ինքնության մասին քննիչներին կեղծ տվյալներ է հաղորդում ՝ մեղմ պատիժ ստանալու կամ ազատվելու հույսով (այդ տվյալները կհիշատակվեն ներքո):Երեք ամիս անց ազատ է արձակվում, սակայն, 1930 թվականին, դաշնակցական լինելու մեղադրանքով նրան աքսորում են Սիբիր, որտեղև, անհայտ պայմաններում, կնքել է իր մահկանացուն:

Անմեղ զոհերի հուշարձանը Ջարդի ձորում

Տվայալներ՝ պաշտոնական փաստաթղթերից


Օսմանյան կառավարության մոտ՝ Ալեքսանդրապոլում, ՀՀԱԳՆ դիվանագիտական ներկայացուցիչ Գ․Խոյեցյանի կողմից ՀՀ արտաքին գործերի նախարարին ուղարկված 1918 թ․ հոկտեմբերի 4-ի զեկուցագրից տեղեկանում ենք, որ Ավդիբեկի գյուղացի Գեղամ խան Սարգսյանը, ծանոթ լինելով արաբերեն, պարսկերեն, թուրքերեն լեզուներին, Օսմանյան կառավարության կողմից նշանակվել է Փամբակի և Լոռիի շրջանների մյուդիր և աշխատում է ըստ հնարավորության թեթևացնել այդ շրջանների ժողովրդի դրությունը։

Երկրորդ և առայժմ վերջին պաշտոնական տեղեկությունը, ստացել ենք ի պատասխան մեր՝ 1990 թ. նոյեմբերին, ՀՀ պետական անվտանգությանն ուղարկած դիմումի: ՊԱԿ- աշխատակից պարոն Ա.Կ. Ադիբեկյանի գրության մեջ ներկայացված տեղեկությունները, մեր կարծիքով, հիմնված են հենց Գեղամ Հունանյանի քննիչների համար հորինված «փաստերի» վրա, քանզի, դրանք մեզ հայտնի հավաստի տվյալներից բազմաթիվ անհամապատասխանություններ ունեն: Այնտեղ նշվում է, որ 1917 թ.-ից մինչև 1922 թ.-ը Սարգսյանը եղել է Ղարսում, Բաղդատում նա ավարտել է արաբական ուսումնարան, տիրապետել է արաբերեն և պարսկերեն լեզուներին, 1920-21թ.թ.-ին, Ղարսում, թուրքական իշխանությունների մոտ եղել է թարգման: 1922 թվականին, Ղարսից վերադառնալուց հետո Սարգսյանը կասկածվել է լրտեսության մեջ, ձերբակալվել, երեք ամիս անց ազատ է արձակվել: Զբաղվել գյուղատնտեսությամբ: 1930 թ.-ի հոկտեմբերի 3-ին, ՀՍՍՀ պետքաղվարչության պետական կոլեգիայի որոշմամբ Սարգսյանը կալանավորվել է, դատապարտվել 3 տարվա ազատազրկման: Նա մեղադրվել է այն բանում, որ լինելով հակահեղափոխական տրամադրություն ունեցող անձնավորություն, հակասովետական և դաշնակցական աշխատանքներ է տարել Ավդիբեկ գյուղի դաշնակցական խմբում: ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով 1989 թ.-ի դեկտեմբերի 30-ին Սարգսյանը լրիվ արդարացվել է:

Թուրքերի հարձակումը՝ 1920 թ.-ին

******

Ահա այն ամբողջը, ինչն առայժմ հաջողվել է մեզ իմանալ:

Կասկածից վեր է, որ ի դեմս Գեղամ Հունանյանի մենք ունենք խիզախ հայորդու, ով կարողացել ազգօգուտ գործ կատարել, բազմաթիվ ընտանիքների փրկել կոտորածից:

Նրա անվան և գործունեության մասին եղած տարօրինակ գաղտնապահությունը, որոշ փաստերի անհամապատասխանությունը, մեր կարծիքով, արդյունք է այն վախի, որը կար հակաբոլշևիզմի մեջ մեղադրված մարդու մասին խոսելու, նաև՝ իր իսկ կողմից իրական փաստերը թաքցնելու հանգամանքից:

Այսպես, թե այնպես, Գեղամ Հունանյանի կյանքի և գործունեության դրվագները դեռ վերջնականորեն ուսումնասիրված չեն և հույս ունենք, որ ապագայում նոր փաստեր ու վկայություններ կունենանք:

Սամվել Խալաթյան



Comments


bottom of page