top of page

Հովվական այցելություն Ֆրեզնո


Անսահման մեծ ուրախություն էր Ֆրեզնոյի Սուրբ Պողոս եկեղեցում նոյեմբերի  23-24-ը, որովհետև հերթական հովվական այցելությունն էր կատարում ԱՄՆ Արևմտյան թեմի ժրաջան առաջնորդը։

Մեծ պատիվ էր գերաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի այցելությունը։ Սրբազան հայրը նախագահեց ծխական խորհրդի անդամների ավանդական հավաքը, տեղեկացավ հոգևոր ձեռքբերումների մասին, ինչպես նաև իր հայրական խրատները և օրհնությունը բաշխեց եկեղեցու պաշտոնեությանը և հավատավոր զավակներին։


Առաջնորդ Սրբազանն այցելեց նաև եկեղեցու Շաբաթօրյա վարժարանի սաներին: Կարծես ցնծությունն էր թագավորում եկեղեցու դասարաններում և բակում։ Աշակերտները մեծ ուշադրությամբ ունկդրեցին սրբազան հորը, լսեցին նրա խորհուրդներն ու պատգամները։ Դպրոցականները պատվավոր հյուրին զարմացրեցին իրենց գիտելիքներով ու ազգային երգերի գեղեցիկ կատարումներով։ Որպես գնահատական իրենց անձնվեր աշխատանքի՝ սրբազան հայրն ուսուցիչներին փոխանցեց գեղեցիկ հուշանվերներ։ Այնուհետև եկեղեցու բակում Առաջնորդի հետ աշակերտները, ծնողները և ուսուցիչներն իրենց աղոթքը բարձրացրեցին Բարձյալին և ստացան սրբազան հոր օրհնությունը։

Հոգևոր առաջնորդի այցելությունը մեծ ոգևորություն էր և էլ ավելի պարտավորեցնող շաբաթօրյա դպրոցի մանուկներին, ուսուցչական անձնակազմի և հոգևոր հոտի համար առհասարակ։ Հարկ է նշել, որ, կրթօջախի կյանքում Հովնան սրբազանի այցելության հիշարժան պահերից էր նաև այն որ վարժարանի երկու ուսուցչուհիներ՝ Գայանե Հարությունյանը և Մանիկ Աճեմյանը, երկար տարիների իրենց բարեխիղճ և նվիրական աշխատանքի համար պարգևատրվեցի «Հայ ոգի» բարձր շքանշանով։


Մարգարիտ Դումանյան

Շաբաթօրյա վարժարանի տնօրեն

Comments


bottom of page