top of page

<<Մայրիկիս>> Լաուրա Խլղաթյան


Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի կապակցությամբ շնորհավորում ենք մեր սիրելի մայրերին, քույրերին ու կանանց։

Կանանց մեկամսյակի առթիվ մեր ընթերցողներին ենք ներկայացնում Լաուրա Խլղաթյանի <<Մայրիկիս>> բանաստեղծությունն իր նախապատմությամբ։


Մայրիկիս

1990 կամ 91 թիվն էր։ Ծանոթացել էի մի երիտասարդ կնոջ հետ։ Եվ մի օր ամուսնուս հետ, իրեն էլ վերցնելով հետներս, գնացինք օվկիանոսի ափը՝ գեղեցիկ մայրամուտը դիտելու։

Լուռ նայում էինք այդ հրաշք տեսարանին, երբ աչքս ընկավ այդ կնոջ դեմքին։ Տեսա, թե ինչպես նա խորասուզված մտքերի մեջ, նայում էր օվկիանոսի ալիքներին և արցունքներն առատորեն հոսում էին նրա այտերն ի վար։

Ես գիտեի իր պատմությունը և կռահում էի, թե նա մտքով ու՞ր էր գնացել այդ պահին։ Վերադառնալով տուն` որոշեցի բանաստեղծությամբ նկարագրել նրա մտքերն ու ապրումները։ Քնարական հերոսուհին հենց այդ կինն է։


Մայրիկիս

Մութ գիշեր է, ծովը շաչում

Ու կանչում է լալահառաչ,

Իմ մտքերն են ինձնից փախչում,

Ալիքներից անցնում առաջ։


Ափին նստած, նայում եմ լուռ,

Ալիքների այդ խենթ պարին,

Կարծես, ընկել են դռնեդուռ

Ու փնտրում են իմ մտքերին։



Բայց մտքերս թևեր առած,

Հասել են իմ հայրենի տուն,

Որտեղ մայրս է, մի բուռ դառած,

Որդու համար լու՜ռ աղոթում։


Նա խնդրում էր Աստծուն բարի,

Որ որդու կյանքը երկարի,

Ու մի քիչ էլ խիղճ ունենա,

Ծնողներին այցի գնա։


Նա չէր խնդրում փառավոր կյանք,

Կամ թագուհուն վայել հարգանք,

Փոքրիկ ուշադրություն միայն,

Չէ՞ որ արժանի են դրան։


Մութ գիշեր է, ծովը շաչում

Ու փոթորկում է մոլեգին,

Որդին մորը չի՛ էլ հիշում,

Թեպե՛տ, ապրում է հենց կողքին։


Սակայն, մայրը օր ու գիշեր

Որդու անունը շուրթերին,

Մրմնջում էր բարի խոսքեր,

Որ անփորձանք լինի որդին։


Մութ գիշեր է, ծովը շաչում,

Ալեկոծվում է մոլեգին,

Մորը կորցրած գառնուկի պես

Փոթորկում է հոգիս կրկին։


Մի հավք դառնալ ես կուզեի,

Ծովի վրա լու՜ռ ճախրեի,

Հասնեի մորս փարվեի,

Գեթ ե՛ս հոգին սփոփեի։


Մութ գիշեր է, ծովը շաչում

Ու կանչում է լալահառաչ,

Իմ մտքերն են ինձնից փախչում,

Ալիքներից անցնում առաջ։




Հեղինակի կենսագրական համառոտ գծերը


Ծնվել է Հայաստանում, սովորել Երևանի պետական համալսարանում՝ ձեռք բերելով ինժեների մասնագիտություն, սակայն մայրենի լեզվի նկատմամբ սերն ու պաշտամունքը միշտ եղել են անգերազանցելի։

1990 թ․-ին ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ՝ մշտական բնակության։ Սկզբում՝ Լոս Անջելոսում, ապա Լաս Վեգաս։

2014 -17 թթ․ եղել է Լաս Վեգասի ս․ Կիրակոս եկեղեցու <<Սեդա Թաջիրիան>>-ի անվան հայկական շաբաթօրյա դպրոցի հիմնադիր տնօրենը։ 2022թ․-ից շարունակում է ղեկավարել նույն դպրոցն առ այսօր։

Եկեղեցուն կից հիմնել է «Մեր մեծերը» խորագրով խմբակ և կազմակերպել 13 երեկո, նվիրված մեր մեծերին՝ Թումանյանին, Շիրազին, Սևակին, Կոմիտասին և այլոց։

Հեղինակ է բազմաթիվ բանաստեղծությունների, ինչպես նաև, պատմվածքների։ Գրել է նաև երգեր։

Առաջիկայում մեր ընթերցողներին կներկայացնենք նաև նրա պատմություններից մի քանիսը։




Comments


bottom of page