Սիրելի՛ ընթերցողներ, HayLurUsa լրատվական կայքը նաև հարթակ է տաղանդավոր գրողների, արվեստագետների, երգահանների, մտավորականների ․․․ համար։ Սիրով ներկայացնում ենք երիտասարդ գրող Մանուշակ Քոչարյանի ստեղծագործություններից մի քանիսը։
Կենսագրական գծեր
Մանուշակ Քոչարյանը ծնվել է 1987թ. մայիսի 1-ին ՀՀ Լոռու մարզի Դսեղ գյուղում:
2008 թ.-ին ավարտել է ՎՊՄԻ-ի <<Հայոց լեզու և գրականություն>> բաժինը, 2010թ.-ին՝ նույն բուհի համանուն բաժնի մագիստրատուրան:
2017թ.-ին ավարտել է Վանաձորի պետական համալսարանի << Անգլերեն լեզու և գրականություն >> բաժինը:
Ստեղծագործում է դպրոցական տարիքից: Ուսանողության շրջանից պարբերաբար տպագրվում է թերթերում, գրական անթոլոգիաներում, պարբերականներում:
2008 թ.-ին լույս է տեսել բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ <<Կարոտի զամբյուղներ>> խորագրով: 2008թ-ին <<Զարթոնք>> երիտասարդական գրական մրցույթում /ք. Գյումրի/ դարձել է մրցանակակիր և տպագրվել նույնանուն հանդեսում:
2015 թ.-ին լույս է տեսել բանաստեղծությունների 2-րդ ժողովածուն՝ <<Բանաստեղծություններ>> խորագրով: 2016թ.-ին ստացել է Լևոն Անանյանի անվան գրական մրցանակ:
2020թ.-ին լույս է տեսել բանաստեղծությունների 3-րդ ժողովածուն՝ «Գույներ» խորագրով, որն արժանացել է «Արարատ Մկրտումյան» ամենամյա մրցանակաբաշխության գլխավոր մրցանակի :
Աշխատում է ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմում՝ որպես կրթության, մշակույթի, սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի ավագ մասնագետ:
Գրում է նաև պատմվածքներ, երաժշտություններ ու երգերի խոսքեր:
Երեք երգ ՎՈՎԻ մասին
Ինչքան դեպքեր լինեն, ձեռքեր, դեմքեր,
Դու ես քաղցր դիպվածը իմ կյանքի,
Ինչքան փախչեմ, ընկնեմ, նորից վերքեր,
Հետ եմ գալիս քո մոտ, քեզ եմ տվել հոգիս:
Դեռ չկա թանաքը, որով քեզ գովերգեմ,
Դեռ չկա բալիկը իմ ու քո խենթության,
Դեռ չկա վայրկյանը, որի մեջ դու տեսնես
Աչքերը խնդումի, սիրո, երջանկության:
Բայց երբ դուռը բացվի բույրից վերադարձի,
Ու լռեն ճիչերը մեզ կասկածող այդքան,
Ես կպատասխանեմ վհատների հարցին.
Սերը կա, սերը կա, սերը կա, սերը կա:
Կխենթանամ նորից ու կվերածնվեմ՝
Իմ ամբողջ բնությամբ ու սեր տալու իղձով,
Անվերջ, անվերջ Աստծուն պետք է փառաբանեմ,
Որ պահեց ինձ քեզնով, որ փրկեց քեզ ինձնով:
Ձեռքս ամուր բռնիր՝ ես քեզ շատ եմ սպասել:
Ու շոյիր իմ հոգին, ու թող ես մոռանամ,
Որ միամիտ ժամին դու ես ինձ սպանել,
Ու հիշեմ, որ քեզնով պետք է կենդանանամ:
Ինչքան դեպքեր լինեն, ձեռքեր, դեմքեր,
Դեռ չկա թանաքը, որով քեզ գովերգեմ,
Բայց երբ դուռը բացվի բույրից վերադարձի,
Կխենթանամ նորից ու կվերածնվեմ.
Ձեռքս ամուր բռնիր՝ ես քեզ շատ եմ սպասել:
***
Վստահ եմ,
Որ
Վերքերը
Անցյալում են
Դու հետ եկար՝ ողջ տվածդ վերցնելու. ես տվեցի։
Հետո դարձյալ վերադարձար, ես տվեցի՝ ինչ չունեի,
Բայց երբ հավատս ուզեցիր, վարանեցի ու կանգ առա,
Որովհետև քեզնից հետո չէի ապրի առանց Նրա։
Ինչ լավ է, որ ինձնից հետո ես քեզ տեսա երջանկացած,
Լռությունդ անկարեկից, որ հաստատեց խոսքերն ասված,
Եվ ինչ լավ է, որ իմ կյանքում քեզնից ոչ մի հետք չմնաց.
Փոխարենը ցավիս չափով մաքուր մի Սեր տվեց Աստված։
Եվ ինչ լավ է, որ հավատը ամրապնդեց ուժը իմ մեջ,
Ուժը՝ լավին հավատալու, ուժ՝ բացելու կյանքի նոր էջ,
Եվ ուժ, որով ես գրում եմ քո հասցեով վերջին երգը.
Շնորհակալ եմ. դեպի մեծ սեր ինձ ուղեկցեց քո նվիրած
Խոշոր Վերքը։
Եվ ինչ լավ է՝ դո՛ւ լքեցիր, ու չլքեց Տերը Աստված,
Փա՛ռք, օգնում է Տերը նրանց, ովքեր սրտանց ցանկանում են,
Չգիտեմ էլ կարևո՞ր էր քեզ գրելը տողերը այս.
Վստա՛հ եղիր, Որ Վերքերը քո նվիրած Անցյալում են։
***
ՎՈՎ
Ես ուզում եմ հիշել քո դեմքը,
Երբ ժպտում էիր՝ ուղիղ նայելիս,
Ես կարծում էի իմ պատկերն է,
Իմ ժպիտն է գծում հայելին:
Ես ուզում եմ հիշել քո ձայնը,
Այդ ձայնը, որ ինձ ուժ էր տալիս,
Դա իմ սթափության ղողանջն էր,
Որ կախված էր սրտիս ականջներին:
Ես ուզում եմ հիշել շարժումներդ,
Ու հիշել, քեզ հիշել, առհասարակ,
Բայց երբ չքանում է սերը,
Պատկերները դառնում են դատարկ:
Երբ դատարկ է դարձել պատկերդ,
Ու՝ ձայնդ, ու նույնիսկ՝ հայացքդ,
Ես հասկանում եմ , որ սերը...
Որ սերը սպանելը հանցանք է:
***
Երկու երգ կյանքի մասին
Գնացքի ձայնի պես միալար
Ժամանակն անցել է իմ կողքով,
Ես այդ ժամանակն անարդար
Սիրել եմ, սնել եմ աղոթքով:
Ու հիմա նստել եմ մի քարի,
Նայում եմ՝ որքան եմ անցել,
Ու այս քարքարոտ ճանապարհին
Ես նորից մենակ եմ մնացել:
Գուցե չեմ կիսել իմ հացը,
Սեր տալու մեջ անհմուտ եմ եղել,
Կամ գուցե իմ լացը չզսպված էր՝
Ջրել է բոլորին ու տարել:
Բայց հիմա նստած եմ մի քարի
Ու գիտեմ, որ վերջը քարն է,
Ու կարգն է, օրենքն է աշխարհի.
Մենակ է ՝ մեր գալն էլ, գնալն էլ:
***
Օրերը՝ իրար ձեռք բռնած,
Անցնում են ճակատիս վրայով,
Օրերը այն է, ինչ ունեմ։
Սա է, որ կոչվում է կյանք։
Մեկի վզին օրերը գոհարներ են,
Մյուսի արցունքներն են՝ կուլ տված,
Մեկի գլխին թագ են, մեկին՝ փշեպսակ։
Եվ սա կոչվում է կյանք։
Մեկը մռնչում է ցավից,
Մեկը հաճույքից ծիծաղում է,
Մեկի սրտում շողում է արեւը,
Մեկը խավարի մեջ դողում է։
Եվ սա կոչվում է կյանք։
Մեկը վայելում է երդիկից
Տանտիրոջ օգնությամբ գողացածը,
Մեկի հրճվանքն է մայրամուտը՝ նա գոհ է։
Իսկ մեկի մոտ պարզապես մութ է։
Եվ սա կոչվում է կյանք։
Մեկը խրախուսում է դավաճանին,
Մեկին խրատում են անկման ժամին,
Գլուխը կախում է ճշմարիտը,
Մինչ թագադրվում է չարիքը,
Երբ պիղծը ծաղրում է լույսին,
Հիշում եմ խաչելոցը ՀԻՍՈՒՍԻ։
Հենց սա կոչվում է կյանք։
Մեկը ուրիշի տունը ավերում է,
Ու փորձում է կառուցել ապարանք։
Նրա "կառուցող" ձեռքը համբուրում են...
Եվ սա կոչվում է կյանք։
Եվ պայքար է կոչվում չարչարելը,
Հաղթանակ է կոչվում մեղքը լայն,
Երբ այս ամենին խառնում են բառը "սեր",
Արժեզրկվում է բառը այդ։
Հաջորդ օրը թողնում է նախորդի
Օտար, խիստ օտար ձեռքը,
Ինչպես մենք ենք թողնում վերքը բաց
Ու կորցնում հավատի հետքը։
Ընդհատվում է թվացյալ երկար
Շղթան օրերի արագասահ։
Սա է որ կոչում ենք մենք մահ.
Հաջորդ օրը որոշում է չգալ։
Երանելի է մարդը այն,
Ով օրերի ափերի մեջ փափուկ
Կգտնի սթափության ակնթարթ.
Այդ պահը ես կոչում եմ կյանք։
Եվ այդ պահը ես կոչում եմ սուրբ։
***
ՀԱՅՐԵՆԻՔՍ
Սարերիդ գորգեր են կանաչ,
Գրկումդ քարերն են որդիներիդ,
Կիրճերդ երգեր են՝ չճանաչված,
Վանքերդ ճրագներ են թևերիդ։
Այրում եմ կոշիկները հեռացման,
Կջրեմ ծաղիկներդ ինքս,
Ես այնքան, այնքան եմ քեզ նման,
Ես քեզնից եմ ծնվել, Հայրենի՛քս։
Թե հազար լեզուներ սովորեմ,
"Հայր մեր"֊ը կսահի լեզվիցս,
Թե օտար երգերից օրորվեմ,
Քո երգով կծնկեմ, Հայրենի՛քս։
Ու սիրով կշարեմ պատերը,
Ու հաց կքամեմ քո հողից,
Կաթիս հետ կխառնեմ տառերդ՝
Իմ որդու համար, Հայրենի՛ք։
Որ սիրի նա գորգերդ կանաչ,
Որ մաքրի նա քարերը գրկիդ,
Որ չհագնի կոշիկներ հեռացման,
Որ հողդ փայփայի, Հայրենի՛ք։
Այն հողը, որի վրա մի օր
Ես էլ քար կդառնամ՝ քո գրկի քարերից,
Եվ հանգիստ կլինեմ նրանով,
Որ քեզ հետ մնացի, Հայրենի՛քս։
***
Հավատարիմ շուն իմ /Ռեմի/
Երբ խավարը մտավ մեր ընտանիք,
Անաստղ, անլուսին գիշեր էր,
Մեկը պակասել էր մեզանից՝
Ջնջելով մեր կյանքի նախշերը:
Անսահման մթության պատերին
Հիշում եմ ապշահար հայացքդ,
Որ տեսել էր դառնությունն աչքերիս,
Ու թաց էր, քո հայացքը թաց էր:
Անսահման մթության պատերին
Քո աչքերը մոմեր էին վառվող,
Դրանք այն մոմերն էին,
Որ հալվում էին իմ կյանքի հավատով:
Երբ խավարը մտավ մեր ընտանիք...
Մինչ այդ լուսավոր էր մեր տունը,
Չէի տեսել՝ որքան է գեղեցիկ
Խավարի մեջ հավատարիմ շունը:
Անաստղ, անլուսին գիշեր էր,
Հիշում եմ ապշահար հայացքդ,
Քո աչքերը մոմեր էին վառվող,
Մինչ այդ լուսավոր էր աշխարհը:
Խավարի մեջ հավատարիմ շուն իմ:
Comments