top of page

Մարտի 21-ը Պոեզիայի համաշխարհային օրն է

Պոեզիան վերահաստատում է մեր մարդկային նույնական էությունը՝ բացահայտելով, որ աշխարհի տարբեր ծայրերում ապրող մարդիկ կիսում են նույն զգացումներն ու հետաքրքրությունները: Պոեզիան բանավոր ավանդույթի կարևոր մասն է կազմում և դարեր շարունակ կարողացել է փոխանցել տարբեր մշակույթների ամենանվիրական արժեքները:

Մարտի 21-ը նշելով որպես Պոեզիայի համաշխարհային օր՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունում է պոեզիայի այն եզակի էությունը, որով նա գրավում է մարդկային մտքի ստեղծարար ոգին:

Մարտի 21-ը որպես Պոեզիայի համաշխարհային օր նշելու որոշումն ընդունվել է 1999 թվականին Փարիզում կայացված ՅՈՒՆԵՍԿՕ-ի 30-րդ նստաշրջանի ժամանակ:

Օրվա հիմնական առաքելությունն է բանաստեղծական արտահայտման միջոցով լեզվական բազմազանության պահպանումը և վտանգված լեզուներին լսելի դարձնելու հնարավորությունը:

Պոեզիայի համաշխարհային օրը նաև նպատակ ունի աջակցել բանավոր պոեզիայի ավանդույթի վերադարձին, պոեզիայի հանրայնացմանը, պոեզիայի և արվեստի այլ ճյուղերի՝ ինչպես, օրինակ, թատրոն, պար, երաժշտություն, նկարչություն, երկխոսության կայացմանը: Տոնը ձգտում է աջակցել փոքր հրատարակիչներին՝ ստեղծելով գրականության և պոեզիայի գրավիչ կերպար հանրային տեղեկատվական դաշտում, որպեսզի այն այլս չդիտարկվի որպես արվեստի հնացող ճյուղ:

Օրվա խորհրդին ընդառաջ, ներկայացնում ենք Լաս Վեգասի հայ համայնքում գործող մտավորականներից Լաուրա Խլղաթյանի հերթական բանաստեղծությունը։ Մեր ընթերցողները գիտեն, որ բանաստեղծուհին սիրում է գրել փոքրիկ նախաբան, ուր նկարագրում է իր ստեղծագործության հիմնական դրդապատճառները։


Խմբագրություն


Կյանքը կարճ է

Ամեն անգամ, երբ արդեն գիշերն էր մոտենում, մտածում էի չէ՞ որ նոր էր լույսը բացվել, ե՞րբ հասցրեց գիշեր լինել։ Ինչպես նաև, սրտի ցավով էի լսում, թե ինչպե՞ս որոշ մարդիկ, որ երկար տարիներ շատ մտերիմ են եղել, նույնիսկ՝ հարազատներ, կապ չունի, թե որտեղ են բնակվում՝ Հայաստանում, թե արտերկրում, վիրավորում են միմյանց ու նեղանում իրարից։

Եվ մի օր էլ նստեցի ու մի բանաստեղծություն գրեցի։


Կյանքը կարճ է


Ի՜նչ արագ են անցնում օրերը,

Մոտենում ենք կյանքի մայրամուտին,

Բացվում է լույսն ու քիչ անց՝

Գալիս է գիշերը կրկին։


Գլխիս ձյուն է իջել արդեն,

Դեմքիս վրա՝ ակոսներ,

Եվ խորհում եմ, չէ՞ որ երեկ

Իրար տվինք խոստումներ։


Կյանքը կարճ է, բարի՜ մարդիկ,

Մի՛ նեղացրեք դուք իրար,

Մի՛ մտածեք երկար ու ձիգ,

Ամեն ինչին կա՛ մի ճար։


Մեկ անգամ է կյանքը տրվում,

Խիղճդ պահի՛ր անարատ,

Որ չզղջաս չար խոսքերիդ

Ու չարած լավ բանի համար։


Սերն է միայն լինում անմեռ,

Սի՛րով իրար միշտ նայեք,

Գարուն լինի, թե՝ ցուրտ ձմեռ,

Սիրով կյանքը վայելեք։


Տերևաթափ կլինենք շուտով՝

Ծառի նման ուշ աշնան,

Կյանքի ձմեռը մեզ հերթով

Կդարձնի հուշ, կամ արձան։


Լաուրա Խլղաթյան



コメント


bottom of page