top of page

Մեկնարկեց <<Փոքրիկ հրեշտակներ>> շաբաթօրյա դպրոցի 2023-24 ուս. տարին


Ժամանակակից աշխարհում մարդու կարևորագույն և մշտական կապիտալը եղել և մնում է գիտելիքը։ Վերջինիս կարևորության գիտակցումն այսօր անվիճելիորեն առկա է ողջ հասարակության, հատկապես հայ իրականության մեջ՝ լինի դա հայրենիքում, թե նրա սահմաններից դուրս։

ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդանիստ Ս. Ղևոնդյաց մայր տաճարի հովանու ներքո գործող <<Փոքրիկ հրեշտակներ>> շաբաթօրյա դպրոցն արդեն 23 տարի պատվով ստանձնում է այդ պատասխանատու և նվիրական դերը և շարունակում է խորը սերմեր գցել սփյուռքում ապրող հայ երեխաների մեջ։

Օգոստոսի 19-ին կրթօջախն իր դռները բացեց հայ մանուկների և պատանիների առջև՝ ավետելով 2023-2024 ուս. տարվա մեկնարկը։ Տոնական օրը հատկապես առանձնահատուկ էր նրանց համար, ովքեր առաջին անգամ են ոտք դնում շաբաթօրյա դպրոց՝ կրթվելու և դաստիարակվելու հայրենասեր, ազգային ու քրիստոնյական ոգով։

Ներկաներին իր շնորհավորական խոսքով դիմեց ԱՄՆ Արևմտյան թեմի Շաբաթօրյա վարժարանների հոգևոր տեսուչ և դպրոցի տնօրեն բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանը՝ մաղթելով օրհնյալ ուսումնական տարի և բարգավաճ արդյունքներ։ Նա նշեց, որ նոր ուսումնական տարվա մեկնարկով կրթության ոլորտի բոլոր պատասխանատուների հետ սկվում է աշխատանքային առավել պատասխանատու շրջան, որի ընթացքում ուսուցիչների, աշակերտների և նրանց ծնողների ջանքերը ուղղվելու են մեկ կարևոր նպատակի՝ հայրենիքից դուրս կրթել և հայեցի դաստիարակել գիտելիքներով հարուստ, առողջ և արժանապատիվ սերունդ։ Հովհաննես սարկավագը հորդորեց նաև, որ երեխաները սիրեն ուսումը, լինեն ուշիմ ու ջանադիր և ոչ մի դեպքում չթերանան իրենց պարտականություններում, քանի որ միայն ուսյալ և կիրթ հասարակությունն է ընդունակ կատարել մեծ բարեփոխումներ։

Հանուն ԱՄՆ Արևմտյան թեմի բարեջան առաջնորդ, գերաշնորհ Տ․ Հովնան արք․ Տերտերյանի օրհնության խոսք փոխանցեց հոգեշնորհ Տ. Երեմիա վարդապետ Աբգարյանը։ Հայր սուրբը մաղթեց բարձր առաջադիմություն, իսկ ուսուցիչներին, ում վստահված է սփյուռքում ապրող սերունդների կրթության և դաստիարակության դժվարին գործը, հաջողություններ իրենց շնորհակալ աշխատանքում։ Այնուհետև հաջորդեց ավանդական Տերունական աղոթքը, ապա բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանը իր մասնավոր շնորհակալությունը հայտնեց Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցների գիտակրթական հանձնախմբի ատանեպետ դոկտոր Էլլի Անդրեասյանին իր մշտական ներկայության և բազմամյա անշահախնդիր ծառայության համար։

Տոնական խանդավառ տրամադրությամբ դպրոցականներն անցան դասարաններ՝ նոր գիտելիքներով զինվելու և Օշականից ճառագող հրաշքն ապրեցնելու, հավերժ կենդանի պահելու հաստատակամությամբ։

Շնորհավո՜ր նոր ուսումնական տարի։

Սերինե Արամյան

Ուսուցչուհի

Comentarios


bottom of page